Հայերեն   English   Русский  

​Լարսի այլընտրանքի հույսը հայտնվեց, մնաց իրական հեռանկարը


  
դիտումներ: 7219

Օրեր առաջ ռուսական «Կոմերսանտը» տեղեկություններ հրապարակեց,

որ Պրահայում շվեյցարական ընկերության միջնորդությամբ Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում, և կողմերը պայմանավորվել են կյանքի կոչել 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով: Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, վերջապես կարող են վերագործարկվել Վրաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհները:

Սա բավական կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով: Այն մեզ մեր ամենամեծ շուկայի՝ Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, որը տարվա մի զգալի մասն անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով՝ մեր երկրի, մեր գործարարների, սովորական քաղաքացիների համար առաջացնելով բազմաթիվ տնտեսական, հաղորդակցական, նաև քաղաքական խնդիրներ:

Լարսի ճանապարհը շրջանցելու հարցն առնվազն վերջին տասնամյակում տրանսպորտային կարևորագույն խնդիրներից է, և երբ փորձում ենք հասկանալ, թե քանի տարբերակ կա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին այլընտրանք դառնալու կամ Լարսի ճանապարհը ցամաքով շրջանցելու համար, ապա կախված աշխարհագրական պայմաններից, տեղանքի ռելիեֆից՝ մնում է երկու տարբերակ՝ Վրաստան-Հարավային Օսիա-Ռուսաստան կամ Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան: Այլ ճանապարհ չկա:

Դրանով էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց քննարկել և կառավարությանը ներկայացնել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի այլընտրանքային տարբերակ: «Հաշվի առնելով մեր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ»,- հանձնարարեց վարչապետը:

Վահան Մարտիրոսյանն էլ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ այլընտրանքային բոլոր տարբերակներն ու ուղղությունները կքննարկեն և որ տարբերակը քննարկման արդյունքում դրական գնահատական ստանա՝ դրան էլ հակված կլինեն: Հետո բոլորը միաբերան սկսեցին որպես այդպիսի այլընտրանք նշել Հայաստանից գնացքով դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ, ապա լաստանավով մինչև Նովոռոսիյսկ ու այնտեղից էլ արդեն ըստ նշանակման վայրերի տարբերակը, որը սկզբից ևեթ պարզ էր, որ այնքան էլ լավ կամ ավելի ճիշտ՝ այնքան էլ մատչելի ու հարմար այլընտրանք չէր: Աբխազիայով կամ Հարավային Օսիայով անցնող ճանապարհների մասին էլ այն ժամանակ խոսելը, մեղմ ասած, ինքնախաբեություն էր, քանի որ Վրաստանն ու Ռուսաստանն այդ երկու չճանաչված հանրապետությունների կապակցությամբ ռազմա-քաղաքական լուրջ հակասություններ ունեն:

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների այս ցավոտ հարցի լուծման հեռանկարներ չէին երևում. մոտ 6 տարի տևած բանակցություններից առանձնապես հույսեր չկային:

Ինչ վերաբերում է աբխազական ուղղությանը, ապա այստեղ վիճակը բավականին խայտաբղետ է: Աբխազական երկաթուղին չի գործում 1992-93 թթ. վրաց-աբխազական հակամարտությունից ի վեր: 2011 թ. հունվարին աբխազական երկաթուղիների շահագործման խոսակցություններն աշխուժացան, երբ աբխազական երկաթգծի վերանորոգման մեկնարկի առնչությամբ Աբխազիա ժամանեց ռուս երկաթուղայինների առաջին վերանորոգող ջոկատը: Բայց այդ «մեկնարկից» հետո հայտարարություն՝ կապված աբխազական երկաթուղու վերագործարկման և հայկական երկաթգծերը դրանց միացնելու հարցերի հետ, հնչեց միայն 2013 թ. հունվարի17-ին, երբ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՀՀ կառավարությունում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը հնարավոր է:

Կարճ ասած՝ թե՛ Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան, թե՛ Վրաստան-Հարավային Օսիա-Ռուսաստան ավտոմոբիլային ճանապարհների վերագործարկման վերաբերյալ մինչ «Կոմերսանտի» հրապարակումը որևէ գործնական քայլ, հայտարարություն, տեղեկություն չի եղել: Վրաստանի այդ երկու նախկին ինքնավարություններով անցնող ճանապարհային միջանցքների վերագործարկման հարցը համարվում էր «սառույցի վրա գրված», դրա լուծման հույսեր առանձնապես չկային:

Թե ինչ գիտեր Կարեն Կարապետյանը, երբ հունվարին հանձնարարում էր Լարսին այլընտրանք գտնել, չենք կարող ասել: Համենայն դեպս, Բիձինա Իվանիշվիլին Երևանում ասում էր, որ վրացական կողմն այս առումով խնդիրներ չունի, մնում է սպասել ռուսական կողմի արձագանքին: Փաստորեն, քայլ կատարողն այս առումով Ռուսաստանն էր: Իսկ եթե հիշենք, թե որտեղից վարչապետը եկավ ու ստանձնեց իր ներկայիս պաշտոնը, նրա կապերը հյուսիսային դաշնակցի տարածքում, կարելի է մտածել, որ Կարեն Կարապետյանը մի բան գիտեր:

Եթե «Կոմերսանտի» հայտնած տեղեկություններն իրականանան և ՌԴ-ի ու Վրաստանի ներկայացուցիչները գան վերջնական համաձայնության, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող երկու շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ, ինչը բավականին դրական ազդեցություն կարող է թողնել թե՛ մեր տնտեսության, թե՛ տրանսպորտային հաղորդակցության, թե՛ Վերին Լարսի ճանապարհի անայլընտրանք լինելու հետ կապված մնացած բոլոր խնդիրների վրա:

Մեզ համար բավականին հետաքրքիր է աբխազական ճանապարհը: Այս ավտոճանապարհն անցնում է Սև ծովի ափամերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի հարավարևմտյան շրջաններ ուղևորվողների, ինչպես նաև Ռուսաստան բեռներ հասցնելու տեսանկյունից: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կլիմայական գործոնների ազդեցությամբ, այդուհանդերձ անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային և Հյուսիսային Օսիաների տարածքով և Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը նույնպես ավելի հարմար է Ռուսաստանի հետ կապվելու համար:

Բայց այս ամենը չի նշանակում, թե արդեն կարելի է տոնել հաջողությունը և միմյանց շնորհավորել: Հրավառությունները վաղաժամ են, քանի դեռ ոչինչ հաստատ չի:

Անցյալ շաբաթ, անդրադառնալով այս տեղեկությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այդ ճանապարհները մի օր կբացվեն Հայաստանի համար, բայց և ընդգծեց՝ հայտնի չէ, թե որքան կտևեն բանակցությունները:

«Ես հավատում եմ, որ մի օր կլինի, աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ սա արագ լինի: Դա ռուս-վրացական կողմերի հարաբերություններն են ու քննարկումները, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը: Ինչ-որ մի օր արդյունք կունենանք երևի, ժամկետների մասին ոչ ոք պատկերացում չունի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գործընկերային հարաբերությունների շրջանակներում է միայն հայկական կողմը ներգրավված այդ բանակցություններում:

Այսինքն՝ հավատը՝ հավատ, հույսը՝ հույս, ոգևորությունն ու լավ լուրն էլ՝ իրենց հերթին, բայց քանի դեռ ճանապարհները չեն սկսել գործել, չի կարելի ասել, թե բացի Վերին Լարսի ճանապարհից, Հայաստանը Ռուսաստանի հետ կապվելու այլ ավտոճանապարհներ ունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: