Հայերեն   English   Русский  

​Երբ մի քանի շաբաթ մնում եմ Բելառուսում, արդեն սկսում եմ կարոտել Հայաստանը


  
դիտումներ: 4655

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը Երևանի բելառուսական համայնքի ղեկավար Իրինա Պողոսյան-Տաբոլիչի հետ է:

Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

Մարդ, որ ամուսնանալով հայ տղամարդու հետ՝ Բելառուսից տեղափոխվել է Հայաստան, զավակներ ունեցել, իսկ այսօր արդեն գլխավորում է Երևանի բելառուսական մոտ 200-հոգանոց փոքրիկ համայնքը՝ անհանգստանալով յուրաքանչյուր անդամի համար:

Բելառուսները մայրաքաղաքում ունեն կիրակնօրյա դպրոց, երաժշտական խմբեր (երգի, պարի) մեծերի և փոքրերի համար, մանկական տիկնիկային թատրոն, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ թերթ են հրատարակում, անցկացնում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված բելառուսական տոներին ու հիշարժան օրերին, նաև մասնակցում են նույն նախարարության և ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի կազմակերպած այն միջոցառումներին, որոնք իրականացվում են մյուս ազգային փոքրամասնությունների հետ համատեղ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում բոլորի առօրյան: Ըստ տիկին Պողոսյանի՝ կարևորը ոչ թե բելառուսների փոքր թվաքանակն է, այլ նրանց մեծ ցանկությունը՝ մասնակցելու ներհամայնքային և համայնքից դուրս կազմակերպվող միջոցառումներին:

Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

«Մենք անձամբ ճանաչում ենք միմյանց և համայնքի ներսում երբեք խնդիրներ չենք ունենում: Ես խստորեն հետևում եմ դրան, քանի որ յուրաքանչյուր մարդ թանկ է մեզ համար: Չենք կարող որևէ մեկի հետ վատ վարվել ու ասել՝ դու մեզ պետք չես: Ամեն մարդու հանդեպ փորձում եմ առանձնակի մոտեցում ունենալ, ինչ-որ բանով ներգրավել համայնքային կյանքում և առավել հետաքրքիր դարձնել նրա առօրյան այստեղ, որ թե՛ ինքը գա, թե՛ երեխաներին բերի, որպեսզի ավելի չքչանանք: Մեր համայնքում կանայք տոկոսային առումով գերակշռում են: Եվ քանի որ նրանք ավելի երգեցիկ են, ավելի շատ են սիրում պարել, հավաքվել, միասին ժամանակ անցկացնել, հավանաբար հենց դա էլ մեզ օգնում է ավելի համերաշխ լինելու: Իսկ բելառուսական երգի ու պարի խմբերն էլ նպաստում են Հայաստանում մեր ինքնատիպության պահպանմանը: Համայնքում կան նաև խառնամուսնություններից ծնված երեխաներ ու պատանիներ, որոնք մասնակցում են և՛ տիկնիկային թատրոնի, և՛ կիրակնօրյա դպրոցի դասերին: Իսկ խառնամուսնությունների պատճառն այն է, որ հիմնականում ԽՍՀՄ-ի տարիներին բելառուս կանայք ամուսնացել են հայ տղամարդկանց հետ և հաստատվել Հայաստանում: Իհարկե, կան նաև մաքուր բելառուսական ընտանիքներ, բայց բելառուսների մասսայական վերաբնակեցում Հայաստանում երբևէ չի եղել: Այսօր մենք հիմնականում ապրում ենք Երևանում և հարակից քաղաքներում, իսկ գյուղերի առումով տեղեկությունները քիչ են: Լինում է, որ մարդիկ են գալիս համայնք և ասում, որ խիստ պատահական են իմացել մեր մասին, բայց թե՛ սփյուռում, թե՛ բելառուսական դեսպանատան կայքում, թե՛ ընդհանրապես համացանցում մեր մասին տեղեկատվություն կա: Ուստի դժվարանում են երևի նրանք, ովքեր համակարգչին լավ չեն տիրապետում կամ էլ ցանկություն չունեն դառնալու համայնքի անդամ»,- ասում է Իրինա Պողոսյանը:

Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

Ի պատասխան այն հարցին, թե բելառուսներն այստեղ ինչպես են իրենց զգում որպես ՀՀ քաղաքացի, մեր զրուցակիցը հավատացնում է, որ նրանք հիմնականում ցանկություն չունեն Հայաստանից հեռանալու, ինչը պայմանավորված է թե՛ խառնամուսնությունների շնորհիվ ձևավորված ընտանիքներով, թե՛ սիրելի աշխատանքով, իսկ որպես ՀՀ քաղաքացիներ՝ իրենք բավականին լավ են զգում Հայաստանում, քանի որ հայերն ու բելառուսները, ազգային բնավորության առանձնահատկություններով հանդերձ, շատ են համապատասխանում միմյանց: Նրա կարծիքով՝ անգամ այն բելառուսները, որոնք երկար տարիներ է, ինչ ապրում են Հայաստանում, տարբերվում են Բելառուսից ընդամենը մի քանի տարի առաջ տեղափոխված իրենց հայրենակիցներից:

Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

«Մեր ու հայերի բնավորության տարբերություններն օգնում են հաշտ ապրելու կողք -կողքի թե՛ ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ: Բելառուսներս ավելի հանգիստ ենք, երբևէ կոնֆլիկտի չենք գնում, փորձում ենք բոլորին հասկանալ և բոլորի հետ ընկերություն անել: Նաև սիրում ենք ամեն ինչ օրենքով, կարգուկանոնով անել: Պարզ օրինակ՝ փողոցն անցնում ենք միայն կանաչ լույսի դեպքում և ոչինչ գետնին չենք թափում»,- նկատեց տիկ. Պողոսյանը՝ հավելելով, որ բելառուսները հաշտ են նաև ազգային մյուս փոքրամասնությունների հետ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ ղեկավարության՝ բոլորի հանդեպ ունեցած միանման լավ վերաբերմունքով, որ զերծ է պահում տարատեսակ բախումներից և արժանի է մեծ երախտագիտության:

Այնուհետև անդրադարձանք լեզվի խնդրին: Այն փաստը, որ Բելառուսում և՛ ռուսերենը, և՛ բելառուսերենը համարվում են պետական լեզու, հանգեցնում է բելառուսերենի թերի իմացության, ինչն ավելի է ընդգծվում խառնամուսնություններից ծնված երեխաների դեպքում: Համայնքի ներսում անդամները շփվում են բելառուսերենով, իսկ դրանից դուրս՝ հիմնականում ռուսերենով: Կիրակնօրյա դպրոցի բելառուս ուսուցչուհին էլ, ինչքանով որ թույլ է տալիս շաբաթական մեկ հանդիպումը, օգնում է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին ավելի լավ տիրապետելու բելառուսերենին: Դա հատկապես կարևոր է հայկական դպրոցներ ու բուհեր հաճախող երեխաների, երիտասարդների համար: Ճիշտ է, Բելառուսն առաջարկներ ունի կրթության առումով, բայց դրանք վճարովի ծրագրեր են, իսկ այնտեղ կրթությունն ավելի թանկ է, ուստի բելառուսներն անհրաժեշտություն չեն տեսնում այդ քայլին դիմելու: Փաստորեն սերունդների ձուլվելու վտանգը մշտապես մնում է արդիական, ինչը, ըստ մեր զրուցակցի, ավելի կսրվի հաջորդ սերնդի դեպքում: «Ուստի երբեմն դժվարանում եմ գնահատական տալ այն երևույթին, թե որքանով են ճիշտ բելառուսների խառնամուսնությունները, ժամանակի ընթացքում տարբեր կարծիքներ եմ ունենում այս հարցում, բայց և անում եմ ամեն ինչ, որ համայնքի երեխաները սովորեն բելառուսերենը և ծանոթ լինեն մեր ավանդույթներին: Մի բան էլ կա. այն երեխաները, որոնք տարբեր ազգությունների ծնողներ ունեն, ավելի երջանիկ են: Նրանք, որպես կանոն, փորձում են վերցնել ամեն ինչ և՛ հայկական, և՛ բելառուսական մշակույթից: Ինքս իմ երեխաներին տարել եմ հայկական դպրոց, և բելառուսական կիրակնօրյա դպրոցի դասերին են հաճախել: Առանձնապես չեմ մտածել նրանց դաստիարակության ուղղության մասին, ամեն ինչ ինքնիրեն ստացվել է: Ինչ վերաբերում է բելառուսների՝ հայերենի իմացությանը, ապա եթե անգամ նրանք չխոսեն հայերեն՝ ելնելով, օրինակ, ընդգծված արտասանությունից, ապա հաստատ հասկանում են: Խոսելիս էլ ամեն մեկը խոսում է իր հնարավորությունների սահմաններում, քանի որ հայերենը բարդ լեզու է: Ճիշտ է, բելառուսերենն էլ հեշտ չէ, բայց հայերենի հետ համեմատած՝ շատ ավելի դյուրին է»,- անկեղծացավ Իրինա Պողոսյանը:

Հարցին, թե Բելառուսն ընդհանրապես ինչպես է կապ պահպանում ՀՀ-ում ապրող բելառուսների հետ, որքանով է աջակից նրանց խնդիրներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Բելառուսը ոչ վաղ անցյալում է սկսել ուշադրություն դարձնել իր սփյուռքին. «Ես Բելառուսի արտաքին գործերի նախարարության խորհրդակցական խորհրդի անդամ եմ: Հավաքվում ենք ամեն տարի, քննարկում բելառուսական տարբեր համայնքներում իրականացվելիք միջոցառումները և այլն: Ճիշտ է, ֆինանսական օգնություն չենք ստանում, բայց Բելառուսից ուղարկվում են գրքեր, բելառուսական ազգային տարազներ, կրթական ծրագրեր: Մնացածը մեզ համար անում է Հայաստանը և շատ բան է անում, ինչը հասկացել եմ այդ խորհրդի անդամ լինելու ընթացքում՝ պարզելով, որ երևի միայն մի երկրում է բելառուսական սփյուռքն արժանանում այդքան լավ վերաբերմունքի: Բելառուսները, ինչպես բոլոր ազգային փոքրամասնությունները, ունեն լավ վերանորոգված, հարմարավետ, սարքավորումներով հագեցած տարածք, որտեղ անցկացնում ենք մեր դասերը, ունենք դահլիճ՝ կոնֆերանսների ու տարատեսակ միջոցառումների իրականացման համար»:

Լինելով ուղղափառ քրիստոնյա՝ բելառուսները կրոնական պատկանելության առումով ևս դժվարությունների չեն հանդիպում Հայաստանում. «Եկեղեցի հաճախելու հարցն ամեն մեկն իր համար է լուծում: Երբ ուզում եմ աղոթել, չեմ գնում պարտադիր ուղղափառ եկեղեցի. այցելում եմ հայ առաքելական եկեղեցի և այնտեղ ինձ շատ լավ եմ զգում: Եվ բելառուսական ծեսերն էլ հիմնականում կատարվում են հայկական եկեղեցիներում: Ամեն ինչ այնքան խառնված է մեր կյանքում, որ մենք թե՛ հայկական տոներն ենք նշում, թե՛ մերը, օրինակ՝ Զատիկը տոնում ենք երկու անգամ: Դա պայմանավորված է նաև նրանով, թե ինչ ընտանիքում ես ապրում, ինչ հարազատներ ունես»:

Ավարտին մեր զրուցակիցն անդրադարձավ հայրենի երկիր այցելությունների ժամանակ ունեցած իր զգացողություններին և Բելառուսի հայկական անհամեմատ մեծ համայնքին. «Բելառուսում հաճախ եմ լինում: Ուրախությամբ եմ գնում և ուրախությամբ էլ վերադառնում եմ: Երկու երկրներում էլ ինձ շատ լավ եմ զգում: Երբ մի քանի շաբաթ մնում եմ Բելառուսում, արդեն սկսում եմ կարոտել Հայաստանը: Բելառուսները ևս լավ հարաբերություններ ունեն ազգային փոքրամասնությունների հետ և ճիշտ քաղաքականություն են վարում այդ հարցում՝ առաջնային համարելով ոչ թե կրոնը կամ ազգային պատկանելությունը, այլ Բելառուսի քաղաքացի լինելը: Հայկական համայնքն իրոք շատ մեծ է Բելառուսում, և որքանով տեղյակ եմ, ամեն ինչ նորմալ է նրանց կյանքում: Ամեն դեպքում ես կցանկանամ, որ Հայաստանը լինի ուժեղ, ծաղկող պետություն: Այդ դեպքում բոլորիս համար էլ լավ կլինի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: