Գյուղ պահող բիզնես, որտեղ կարևորը համբերությունն է, ազնվությունը, կայունությունն ու աշխատասիրությունը
Եղբայրներն այդ գործարանը հիմնադրեցին, որքան էլ արտառոց թվա, ոչ թե շահույթի ակնկալիքով, այլ հայրենասիրական մղումներով, որպեսզի աշխատատեղեր բացելու միջոցով ծննդավայրի զարգացմանը նպաստեն: Համենայն դեպս, գործարանի աշխատանքները սկսելիս Արամ Ստեփանյանի միտքն այն էր, որ այդ գործարանի շահույթն իրենց պետք չէ, ինչ շահույթ էլ լինի, այն տարբեր ծրագրերի միջոցով նորից ներդնելու են ծննդավայրում: Ու եթե մեկնարկի ժամանակ՝ 2010 թ., գործարանն ուներ ընդամենը 25-30 աշխատող և արտադրում էր տարեկան մոտ 200-300 հազար շիշ ջուր ու զովացուցիչ ըմպելիքներ, ապա այսօր աշխատողների թիվն անցնում է 40-ը, իսկ արտադրանքի ծավալը տարեկան շուրջ 2-3 միլիոն շշի է հասնում: Ու եթե սկզբում ընդամենը 3 ապրանքատեսակ էր արտադրվում, ապա այսօր արդեն ապրանքատեսակների թիվը հասնում է մոտ 3 տասնյակի:
Սկզբում դժվար էր, դեռ պետք էր արտահանման թղթաբանական խնդիրները, տեղական շուկայում տեղ գրավելու հարցերը լուծել: 2013-2014 թթ., ինչպես «Անկախի» հետ զրույցում նշեց գործարանի գործադիր տնօրեն Ռաֆիկ Ղարիբյանը, լավ տարիներ էին, կամաց-կամաց արտադրությունն ու արտադրանքի ծավալներն աճեցին, արտահանման խնդիրները լուծվեցին, շուկան էլ արդեն սկսեց ճանաչել «Տատնի» ու «Դարբաս» ապրանքանիշերը: Բայց 2015 թ., երբ արդեն պետք է մտնեին զարգացման ու շահութաբերության փուլ, Ռուսաստանում սկսվեց տնտեսական ճգնաժամը, և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ գործարանի գործերն էլ սկսեցին ձախ գնալ, արտադրությունը բավականին տուժեց:
«Տասնյակ միլիոններ այդ ժամանակ տուժեցինք: Նոր սկսում էինք թափ առնել, արդեն որոշակի շահույթ էր երևում, նորից սկսեցինք տուժել: Ու այնպես ստացվեց, որ գործարկումից 5 տարի հետո էլ վնասներով էինք աշխատում: Հետո Լարսում վթարներ եղան, նորից խնդիրներ ունեցանք: Մեր արտադրանքն էլ լրիվ արտահանվում է մեքենայով: Թեև Լաստանավով ճանապարհ կա, բայց այնքան թանկ է, որ դրա մասին մտածում ես միայն ծայրահեղ դեպքում, երբ պայմանագրային ժամկետների մեջ պետք է տեղավորվես: Եթե օրինակ՝ կոնյակ տանես, ուրիշ է: Եթե ջուր ես տեղափոխում, մեկ մեքենա ջուրն արժի ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլար, կոնյակի դեպքում` 100 հազար դոլար: Այսինքն` կոնյակ կամ այլ թանկարժեք բեռ տեղափոխողը կարող է ճանապարհին լրացուցիչ 5000 դոլար զոհաբերել ու իր բեռը լաստանավով տեղ հասցնել, բայց ինձ համար դա իմ բեռի կես գինն է, ես չեմ կարող այդքան զոհաբերել: Շատ բարդ է, երբ նոր հիմնադրված գործարանը, սկզբնական դժվարությունները հաղթահարելով, պետք է մտնի նորմալ զարգացման հուն, ու մեկ էլ ճգնաժամը նորից հետ է շպրտում: 2016 թվականին սկսեց կարգավորվել վիճակը, արդեն փոքր շահույթ երևաց, ինչը հույս ներշնչեց, որ գործարանն արդեն սկսում է շնչել: Իսկ եթե 2015 թվականի անկումը չլիներ՝ ավելի լավ էր շնչելու»,- պատմեց Ռաֆիկ Ղարիբյանը:
Դժվար իրավիճակից դուրս գալու համար գործարանը 1 միլիոն դոլար վարկ է վերցրել ու 5 տարվա մեջ նաև այդ վարկն է սպասարկել ու մարել: Դա էլ վնասով աշխատելու վրա ազդող գործոններից էր: Իսկ այդ դժվարին պահին, նշում է գործարանի գործադիր տնօրենը, թե՛ պետական մարմինները, թե՛ բանկերը որևէ աջակցություն կամ հատուկ պայմաններ չեն տրամադրել, որ սկսնակ բիզնեսը չկործանվի և կարողանա հաղթահարել դժվարությունները: Իրենք, սակայն, հույսը աջակցության վրա չեն էլ դրել, սեփական ուժերով են փորձել ամեն ինչ հաղթահարել, և հաջողվել է անգամ 5 տարի տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով վարկը մարել:
Գործարանի արտադրանքի 85-90 տոկոսը արտահանվում է, հիմնականում՝ ԱՄՆ և Ռուսաստան, իսկ Ռուսաստանից էլ` ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ: Մի ժամանակ «Տատնին» ու «Դարբասն» արտահանվում էին նաև Բելգիա, բայց ներկայումս այդ ուղղությամբ արտահանումը փոքր-ինչ թուլացել է: Արտահանման հետ կապված խնդիր, փաստորեն, չունեն, գործարանն ամբողջությամբ նոր է, հագեցած գերժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով և արտադրում է ISO ստանդարտների արտադրանք:
«Ամեն դեպքում, այս գործարանը շահույթ չի հետապնդել: Նույնիսկ պահ եղավ, որ մենք նստեցինք խորհրդի, որպեսզի հասկանանք` միգուցե արժե գործարանը վերապրոֆիլավորել և ուրի՞շ բան արտադրել: Որովհետև արդեն ահագին վնասներ էինք կրում: Մտածեցինք, մտածեցինք ու որոշեցինք հաստատուն մնալ և մեր ընտրած ուղեգծից չշեղվել»,- նշում է գործարանի գործադիր տնօրենը:
Չշեղվեցին ու կարողացան հաղթահարել խոչընդոտները: Հիմա էլ փորձում են դուրս գալ զարգացման ու շահույթով աշխատելու ուղի, թեև դա այնքան էլ հեշտ չէ: Ամեն դեպքում, ինչպես ընդգծում է Ռաֆիկ Ղարիբյանը, բիզնեսը չձախողելու համար ամենակարևորը մեծ աշխատասիրությունն է, հավատն ու նվիրումը:
«Եթե աշխատեցիր, նվիրվեցիր, նվիրված աշխատեցիր, հավատացիր քո հաջողությանը, մի քիչ էլ սիրես քո հողը, ջուրը՝ արդյունքը հաստատ երևում է, հաստատ… Մեկ էլ ես կառանձնացնեի ազնվությունը: Այսօր ես բիզնեսում հաճախ եմ տեսնում անազնիվ մոտեցումներ ու առաջարկներ, դրանից մենք հիասթափվում ենք: Հիմա, փառք Աստծո, ազնիվ գործընկերներ ունենք, ու եթե դու էլ ես իրենց հետ ազնիվ աշխատում, արդեն կայուն համագործակցություն է ձևավորվում, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, որն անպայման փոխհատուցվում է հաջողությամբ: Ես կնշեի նաև պարտաճանաչությունը: Մեր գյուղի լեզվով ասեմ` է մի քիչ էլ պետք է հաստակողություն ունենաս, որ ասես` պիտի հասնեմ նպատակիս ու աննահանջ հասնես»,- ասում է մեր զրուցակիցը և հավելում` դժվարությունները հաղթահարելու հարցում իրենց օգնել է կայունությունը` որակն ու գնային քաղաքականությունը կայուն պահելն ու «խաղեր տալուց» խուսափելը: Այս առումով էլ ընդգծում է` դժվարին պահին կարող էր գայթակղություն լինել, որ որակի հաշվին կարողանային մատչելի գին առաջարկել շուկային ու փորձել մրցունակ լինել: Բայց իրենք որոշեցին պահպանել որակն ու գոյատևեցին, ոչ-ոքի չխաբեցին, խոտան ու վատորակ ապրանքի հաշվին գին չգցեցին և կարողացան հաղթահարել ծայրաստիճան բարդ իրավիճակը:
«Ասացինք` այսօր լավ չի վաճառվո՞ւմ, ոչինչ, վաղը լավ կվաճառվի, բայց մեր ապրանքն ունի իր արժեքն ու որակը: Շատ առաջարկներ են եղել ցածրորակ ապրանքով շուկա գրավելու, բայց մենք մեր վարկանիշի, համբավի ու ապրանքանիշի հետ չենք ուզում խաղալ: Համբերատար առաջ ենք գնում,- եզրափակում է Ռաֆիկ Ղարիբյանն ու վերջում շեշտում,- բիզնեսում պետք է համբերատար լինել, կամաց-կամաց առաջ գնալ, մեզ հենց դա է օգնել»: