Գրենական պիտույքներ Հարժիս գյուղի դպրոցին
Արժեքավոր գյուղ արժեքավոր նվերներով օգոստոսի 10-ին այցելել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Ուստարվան ընդառաջ հարժիսցի բոլոր 82 երեխաները գրենական պիտույքներ նվեր ստացան։
Երեխաները մեծ ոգևորությամբ բացում էին նվեր ստացած դպրոցական ուսապարկերը, որտեղ գտնում էին դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ գրչատուփեր, հաշվիչներ, ջրաներկեր, պլաստիլին, ալբոմներ, տետրեր, գրիչներ և այլն։
Հարժիսի դպրոցը գործում է 1960-ականներից, այդ օրերից այն չի վերանորոգվել։ Գյուղացիները բավականին ծանր սոցիալական պայմաններում են ապրում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ արդեն տասը տարի է Հայաստանի տարբեր մարզերի գյուղերին նվիրաբերում է գրենական պիտույքներ՝ ընտրելով սահմանամերձ կամ սոցիալապես անապահով գյուղերը։ Այս տարի ծրագրում ընդգրկվել էին Սյունիքի մարզի Հարժիս և Իշխանասար գյուղերը։