Հայերեն   English   Русский  

ՀՀ-ում ընտանիքների 25 տոկոսը խնդիր ունի երեխաներին դպրոց ուղարկելու առումով. սոցիոլոգ


  
դիտումներ: 2569

«Երեխաներին դպրոց գնալուն նախապատրաստելը կարևոր խնդիր է, որպեսզի նա կարողանա 40 րոպե նստի, գրիչը բռնի, արդեն տառերը գրի, լսի, հասկանա, պատասխանի, ձևակերպի պատասխանը և ամենակարևորը՝ շփվի իր նոր ընկերների հետ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ ծնողները մանկապարտեզների դերակատարությունը չեն գնահատում այն առումով, որ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է:

Ըստ սոցիոլոգի տվյալների՝ նախադպրոցական տարիքի 100 հազար երեխա Հայաստանում չի այցելում մանկապարտեզներ, ինչը նշանակում է, որ 100 հազար երեխա պատրաստ չէ դպրոցում նորմալ սովորելու: Դրանից հետո ժամանակ է պետք, որը երեխան կորցնում է, մինչև կարողանում է հարմարվել դպրոցական ռեժիմին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանում ծնողները կարողանում են ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներ իրենք երեխաների համար, Ադիբեկյանը նշեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ընտանիքների 25 տոկոսը խնդիր ունի երեխաներին դպրոց ուղարկելու առումով: Նա նկատեց, որ երեխան պետք է ունենա աշնանային հագուստ, որ հետո գարունը նորից կարող է հագնել, ձմեռային հագուստ, ինչպես նաև` ամառային հագուստ: Պետք է պայուսակ, գրենական պիտույքներ առնել, եթե դպրոցը հեռու է, ծնողը պետք է տրանսպորտի ծախսը նախատեսիև այլն. «Այս ընտանիքները մի կերպ կարողանում են մեծ եղբոր, քրոջ հագուստը հարմարեցնել փոքր եղբոր, քրոջ համար, ու նման բաներով կարողանում են այդ հարցը լուծել»,- նշեց սոցիոլոգը:

Նրա խոսքով՝ երեխային լիարժեք դպրոց ուղարկելու համար պետք է մոտավորապես 300 դոլար, որը, սոցիոլոգի գնահատմամբ, բավականին մեծ գումար է միջին վիճակագրական ընտանիքի համար: Սակայն սրանք չապահովելու դեպքում երեխայի մոտ կարող են առաջանալ լուրջ հոգեբանական խնդիրներ. «Խնդիրն այն է, որ երբ երեխան գալիս է դպրոց և վատ է հագնված, սնունդ չունի՝ մեծ դասամիջոցին ուտելու, նա արդեն հոգեբանորեն ծանր կորուստ է տանում, ու ամբողջ կյանքում այդ կորուստը մնում է իր մեջ, նա իրեն լիարժեք անձ չի զգում: Եթե երեխան դառնում է չքավոր, նա վատ է սովորում, նա ամաչում է իր կարծիքը հայտնել »,- ասաց սոցիոլոգը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: