Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել ժողովրդավարական ազատությունները


  
դիտումներ: 1307

Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը, ողջունելով ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակվող երկխոսությունը, մի շարք մտահոգություններ է հայտնել, որոնք, մասնավորապես, առնչվում են զսպումներին ու հակազդմանը, դատական համակարգի գործառնությանը, խոսքի և ասոցացիաների ազատությանը: Այս մասին նշված է հանձնաժողովի` Փարիզում սեպտեմբերի 7-ին կայացած նիստից հետո տարածված մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հանձնաժողովը, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանում կյանքի կոչված վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ գործադիր իշխանությունն ավելի քիչ հաշվետու դառնա խորհրդարանին, և պահպանվի գործադիր իշխանության նկատմամբ դատական մարմինների անկախության անհամարժեքությունը:

Ընդունելով Ստեֆան Շեննակի (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդայի (Ռումինիա) զեկույցների հիման վրա բանաձևի նախագիծ` հանձնաժողովը մտահոգություն է հայտնել այն տեղեկության առնչությամբ, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ-ին փողերի լվացման լայնամասշտաբ սխեմայում է նեգրավված եղել, որն էլ ազդել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ի անդամների աշխատանքին:

Հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ սկսել այդ պնդումների անկախ և անկողմնակալ հետաքննություն և այդ ուղղությամբ լիարժեքորեն համագործակցել միջազգային իրավասու մարմինների հետ:

Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում ՀԿ-ների առաջնորդների, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների մշտական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրականացումը, ուժեղացնել գործադիր իշխնության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, անցկացնել դատական համակարգի և դատախազության բարեփոխումներ` ապահովելու դատական մարմինների անկախությունը գործադիր իշխանությունից, թույլ տալ լրագրողներին ազատ աշխատանք ծավալել և ՀԿ-ների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծել:

Բանաձևի նախագիծը կներկայացվի ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ժամանակ: Մինչ այդ ԵԽԽՎ համազեկուցողներ Շեննակը և Պրեդան սեպտեմբերի 13-17-ին այցով կգտնվեն Ադրբեջանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: