ՀԻՔՍՈՍՆԵՐ
Հայերս համաշխարհային քաղաքակրթության սյուներից ենք, մեր նախնիները քաղաքակրթության լույսը տարածել են Հայաստանի սահմաններից շատ հեռո:
Եգիպտոսի պատմության մեջ կարևոր հանգրվան է հիքսոսյան կառավարման դարաշրջանը, որն ընդգրկում է 15-րդ և 16-րդ դինաստիաները:
Ովքե՞ր էին հիքսոսները, ի՞նչ առաքելությամբ էին հայտնվել Եգիպտոսում:
«Հիքսոս» բառը հին ղպտերենում նշանակել է օտար թագավոր:
Մ.թ.ա. XVIII դարում հիքսոսների ռազմատենչ ցեղախումբը, մեկը մյուսի հետևից գրավելով հարևան երկրները, կենտրոնացավ Պաղեստինում՝ այստեղ նախապատրաստելով վճռական հարվածը նպատակակետին՝ հարուստ ու շեն Եգիպտոսին: Եվ մոտեցավ վճռական հարվածի պահը: Մ.թ.ա. 1710 թվականին հիքսոսների հայկական ցեղախումբը, արշավելով հարավ, ներխուժեց աֆրիկյան մայրցամաք ու գրավեց Ստորին Եգիպտոսը: Հիքսոսների արշավանքը ավարառուական բնույթ չուներ, նրանք հիմնեցին իրենց արքայական հարստությունն ու նոր մայրաքաղաք Ավարիսը: Հիքսոսների տերությունն իր հզորության գագաթնակետին հասավ Հիա արքայի կառավարման շրջանում:
Ի դեպ, հիքսոսները Եգիպտոս արշավեցին փոքրաթիվ զորաբանակով: Սակայն կարողացան արագ ջախջախել եգիպտական մեծաքանակ բանակը շնորհիվ գիտության և տեխնիկայի բարձր զարգացածության:
Նախ՝ հիքսոսների բանակը զինված էր երկաթյա զենք ու զրահով, ինչից զուրկ էր բրոնզե և փայտյա զենքերով զինված եգիպտական բանակը: Եգիպտոսում գտնվել է Միջին թագավորական հարստության վերջին փարավոնի մումիան, որի գլխի վրա երևում է մահացու հարվածի սպին. հիքսոսյան երկաթյա սուրը վերից վար կիսել է փարավոնի գլուխը: Հիքսոսները Եգիպտոս ներխուժեցին հեծելազորով. նրանք ընտելացրել էին ձին և կիրառում էին ռազմի ասպարեզում, Եգիպտոս ներմուծեցին նաև մարտակառքը: Հիքսոսների մարտակառքերը պատրաստված էին երկաթից ու մայրի ծառից: Իսկ մայրի ծառն աճում էր սոսկ Արարատի երկրում՝ Սև ծովից հարավ ընկած շրջաններում:
Մեկ վճռական ճակատամարտում հիքսոսները ջախջախեցին ու փոշիացրին եգիպտացիների ռազմական զորությունը: Հնագույն աղբյուրները երկարատև պատերազմ չեն մատնանշում: Սակայն դեպքերին ժամանակակից տարեգիրները սարսափով են հիշատակում հիքսոսների արշավանքը՝ վկայելով, որ նրանց զորությունն անկասելի էր, հիքսոսները հանց մրրիկ ու փոթորիկ մտան ու գրավեցին իրենց երկիրը:
Եգիպտական տարեգրությունը հաղորդում է. «Հայտնի չէ, թե ինչու աստված զայրացավ մեզ վրա: Արևելքից անսպասելիորեն հայտնվեցին անհայտ ծագումով մարդիկ. նրանք հանդգնորեն գրոհեցին մեր երկրի վրա և հեշտությամբ նվաճեցին այն, առանց պատերազմի... Իրենց միջավայրից մեկին նրանք հռչակեցին թագավոր, նրան կոչում էին Սալիտիս: Նա եկավ Մեմֆիս, հարկեր դրեց Վերին և Ստորին երկրների վրա և տեղակայեց զորակայաններ առավել հարմար վայրերում... Հարմար տեղադրություն ունեցող Ավարիս քաղաքը, որ ստացել էր այդ անունը համաձայն հին առասպելի, նա բնակեցրեց ու խիստ ամրացրեց»:
Եգիպտական քուրմ Մանեթոնը, որի գրառումը մեզ է հասցրել ազգությամբ եբրայեցի պատմիչ Հովսեփ Փլաբիոսը, հետագայում՝ նաև Եվսեբիոս Կեսարացին, կարևոր ու ծավալուն տեղեկություն է փոխանցել հիքսոսների արշավանքների ու նրանց տիրապետության ժամանակաշրջանի մասին: Ցավոք, այդ աշխատությունների մեծ մասն անհետացել է:
Հիքսոսները նաև գիտական ու մշակութային նորամուծություններ կատարեցին Եգիպտոսում: Նրանք եգիպտական հիերոգլիֆները պարզեցրին և առաջինն աշխարհում ստեղծեցին այբբենական գիր:
Մեր նախնիները Եգիպտոսում նաև տոմարական բարեփոխումներ իրականացրին: Նրանք եգիպտական անկայուն տոմարի փոխարեն հաստատուն տոմար սահմանեցին, ինչը կարևոր էր հատկապես Եգիպտոսի համար, քանզի այս երկրի կյանքը մեծապես կախված էր ագրարային վիճակից, իսկ ցանքսն այստեղ անշեղ կատարում էին սահմանված օրացույցի համաձայն:
Հիքսոսների տիրապետության ողջ ընթացքում Եգիպտոսում ծաղկում էր մշակույթը, զարգանում էին տնտեսությունը, արտադրական հարաբերությունները:
Հիքսոսները վարչական կառավարման առումով մի կարևոր փոփոխություն ևս մտցրին Եգիպտոս: Նրանք վերացրին երկրի կարևորագույն պաշտոնները ժառանգաբար փոխանցելու սովորույթը: Հաստատվեց նոր կարգ, որի համաձայն՝ պետական պաշտոնները բաշխվում էին միմիայն ցուցաբերած քաջության, հմտության, ինչպես նաև պետությանն ու փարավոնին նվիրվածության շնորհիվ:
Եգիպտացիները գրեթե 150 տարի մնացին հիքսոսների տիրակալության տակ: Մ.թ.ա. XVI դարում Եգիպտոսի Յահմոս Ա փարավոնը (մ.թ.ա. 1584-1559) պայքար սկսեց հիքսոսների դեմ: Երկարատև պատերազմի հետևանքով հիքսոսներն իրենց սակավաթիվ ուժերով տեղի տվեցին: Նրանք լքեցին մայրաքաղաք Ավարիսն ու նահանջեցին: Եգիպտական բանակը գրավեց հիքսոսների մայրաքաղաք Ավարիսը: Հիքսոսները Եգիպտոսից նահանջեցին Պաղեստին:
Հիքսոսների հայ լինելու վարկածը վիճարկում են շատերը: Սակայն հիքսոսների նախահայրենիքը Հայաստանը լինելու մասին մի քանի անհերքելի փաստեր գոյություն ունեն: Նախ՝ այդ ժամանակաշրջանում առաջինը հենց Հայաստանում մեր նախնիները հայտնաբերեցին ու գործածեցին երկաթը: Ձին առաջինը մեր նախնիներն ընտելացրին և կիրառեցին ռազմի ասպարեզում: Մարտակառքերը պատրաստում էին մայրի ծառից, որ աճում էր հենց Արարատի երկրում:
Պակաս կարևոր չէր նաև հիքսոսների կիրառած զենքի և հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ու Հայկական բարձրավանդակում այդ ժամանակներում կիրառված ու տարածում գտած զենքերի նմանությունն ու նույնացումը:
Խոսուն է նաև այն հանգամանքը, որ հիքսոսների տիրապետությունից ազատվելով՝ Եգիպտոսն անմիջապես արշավանք ձեռնարկեց դեպի Հայկական լեռնաշխարհ՝ Միտտանի հայոց պետության դեմ: Դժվար չէ կռահել, որ Եգիպտոսի փարավոններն այդ արշավանքները ձեռնարկեցին ոչ թե ավարառուական, այլ վրիժառուական նպատակներով՝ հակահարված հասցնելով իրենց երկիրը նվաճած վաղեմի ոսոխին:
Սակայն եգիպտացիները չկարողացան առավելության հասնել: Նրանք ամբողջ վեց տարի սոսկ պաշարել էին հիքսոսների Շառուխեն ամրոցը Պաղեստինում: