Շնորհավորում եմ «Խավարում» ցուցահանդեսի փակման և լավ արձագանքի համար. Ռուբեն Բաբայան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն՝ անդրադառնալով «Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցմանը:
«Ըստ իս՝ Նարինե Թուխիկյանը կատարել է իր մասնագիտական պարտականությունները լավագույն ձևով: Նա ապացուցել է, որ թանգարանի տնօրենն առաջին հերթին մտավորական է, գիտաշխատող է և միայն վերջին հերթին պաշտոնյա և չինովնիկ: Իրականում մեզ նման մարդիկ են պետք, որոնք կունենան նման քաղաքացիական և ստեղծագործական մոտեցում»:
Նա ընդգծեց, որ ցուցահանդեսը փակելը «կիսատ-պռատ գրաքննություն» է, ինչպես Հայաստանում շատ ուրիշ երևույթներ. ո´չ իսկական ծանր գրաքննություն է, ո´չ էլ ազատություն:
Ավելին՝ Ռուբեն Բաբայանն այս միջադեպում ուրախ փաստ է տեսնում.«Չկա չարիք առանց բարիք: 4 տարի առաջ ընտրություն կատարվեց դեպի ԵՏՄ: Մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր դեմ էին արտահայտվում և նրանց մի մասը զուտ տնտեսական առումով էր բացատրում այդ որոշման սխալ լինելը: Ինձ համար դա զուտ արժեքային համակարգի սխալ ընտրություն էր: Քաղաքակրթական սխալ ընտրություն, որը պետք է բերեր որոշակի հետևանքների: Կարելի է ասել, որ սխալ ընտրություն է, բայց պետք է ապացուցվի դա»:
Պարոն Բաբայանի խոսքով՝ 4 տարի առաջ հասարակությունը շատ անտարբեր վերաբերվեց ԵՏՄ-ին միանալու հարցին.«Կարելի է մեղադրել մարդկանց ստրկամտության մեջ, բայց կարելի է նաև լուսավորչական աշխատանք կատարել, որպեսզի մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ ընտրության բոլոր բացասական կողմերը»:
Նման քայլ կատարելու ձևն, ըստ Ռուբեն Բաբայանի, Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսն էր, որը նաև ինչ-որ չափով պետք է կապված լիներ 1917 թվականի հեղափոխության 100-ամյա տարելիցին՝ հենց նոյեմբեր և հոկտեմբերի ամիսներին.«Արդյո՞ք այդ ցուցահանդեսը խորը վերլուծությունների առիթ տվեց: Կարծում եմ՝ ոչ: Անձամբ ես չեմ տեսել դա: Ինձ համար այդ մարդիկ, այդ պատմությունները պարզ էին, ինչ-որ նոր բան չէին բացահայտելու, թեև ուրիշների համար շատ բաներ պարզ չեն: Իսկ փակումն իրականում շատ կարևոր դեր կատարեց, որովհետև ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է: Երբ թաքցնում են հիվանդությունը, ասում՝ նման բան չկա, ազդեցություն չի լինում: Սակայն երբ մարդը տեսնում է, թե մենք քաղաքակրթային ինչ ընտրություն ենք կատարել, արժեքային համակարգը որտեղ է, դա սթափեցնում է: Հանրության այս բուռն արձագանքը լավագույն արդյունք է այս ցուցահանդեսի համար: Ես կարող եմ շնորհավորել բոլորիս, որ այդ ցուցահանդեսը փակվեց ու այս տեսակ լավ արձագանք ունեցավ»,- եզրափակեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: