Հայերեն   English   Русский  

Լոռու մարզի Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն իրենց բնակավայրերում գտնվող առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ


  
դիտումներ: 3596

19-ը սեպտեմբերի, 2017թ., Թումանյան, Լոռու մարզ- ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ այսօր Լոռու մարզի Թումանյան քաղաքային համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում բացվեցին երկու նորակառույց վաղ ուսումնառության կենտրոններ:

նախադպրոցական կրթության կենտրոն

Ահնիձորի և Մարցի երեխաները երբևէ իրենց բնակավայրերում նախադպրոցական կրթություն չեն ստացել: Տվյալ գյուղերի և մոտակա նախադպրոցական կրթական ծառայություններ տրամադրող՝ Թումանյան համայնքային կենտրոնի կամ Լորուտ գյուղի միջև հեռավորությունը 1 ժամ է: Տեղաբնակ 3-ից 6 տարեկան 30, իսկ առաջիկայում առավել մեծ թվով երեխաների համար նորակառույց կենտրոնները կտրամադրեն երեխաների տարիքին համապատասխան կրթություն և զարգացնող միջավայր:


Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Թումանյանի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը: Բացման արարողությանը նաև ներկա էին գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի անդամներ, ծնողներ և երեխաներ:

«Նախադպրոցական կրթությունը մարզում առաջնահերթություն է՝ հատկապես հեռավոր համայնքներում՝ համայնքների կոնսոլիդացման կոնտեքստում», -նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Դժվար է հիմնել և պահպանել ավանդական տիպի մանկապարտեզներ փոքր և գյուղական համայնքներում: Համայնքների, ինչպես նաև խոցելի և համապատասխան զարգացնող միջավայրից զրկված երեխաների համար այս՝ առավել քիչ ծախսեր պահանջող և երկարաժամկետ օգուտներ ունեցող ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոդելը կարող է արդյունավետ կերպով կիրառվել նաև այլ մարզերում»:

Կենտրոններում երեխաները ուսուցում կստանան ժամանակակից խմբասենյակներում՝ 10-15 հոգուց բաղկացած փոքր խմբերով: Երեխաների տարիքին համապատասխան զբաղմունքների և խաղերի միջոցով՝ կենտրոնները հնարավորություն կտան երեխաներին սովորել ինտերակտիվ ուսուցման մեթոդներով՝ խմբասենյակներում անցկացնելով օրական մինչև 4 ժամ: Վաղ տարիքի երեխաներին իրենց տարիքին համապատասխան մեթոդներով որակյալ կրթություն տրամադրելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը վերապատրաստել են համայնքի 6 անդամների: Թումանյանի պետական մանկապարտեզը կծառայի որպես մեթոդական կենտրոն՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր համայնքում ապահովել գիտելիքների շարունակականություն:

«Վաղ մանկական ուսումնառությունը կյանքում հաջողության հասնելու հիմնաքարն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է երեխաների ուղեղն առավել արագ զարգանում: Այն չպետք է հասանելի լինի միայն մեծ քաղաքներում ապրող և մեծ մանկապարտեզներ հաճախող երեխաների համար: Երեխաների վաղ մանկության զարգացմանն ուղղված ներդրումները լավագույն ձեռքբերումն են յուրաքանչյուր հասարակության համար», -նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը: «Այս կենտրոնները համայնքի յուրաքանչյուր երեխային կյանքում արդար սկիզբ ունենալու հնարավորություն կտրամադրեն: Մենք հուսով ենք, որ ապագայում Հայաստանի այլ հեռավոր գյուղական համայնքներում ևս նման հնարավորություն կստեղծվի»:

Կենտրոնները հիմնադրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Թումանյան քաղաքային համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման(ՀՖՄ) համագործակցության շնորհիվ՝ տարվա սկզբում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Հաջորդ հինգ տարիների ընթացքում Թումանյանի համայնքը հանձն կառնի կենտրոնների պահպանման, ակտիվների կառավարման և նախադպրոցական կրթության ուսուցիչների աշխատավարձերի տրամադրման պարտավորությունը: Մինչ այժմ համայնքը նպաստել է կենտրոնների հիմնադրմանը՝ տրամադրելով կենտրոնների վերանորոգմանն ուղղված տարածք և աշխատուժ:

Ս.թ. -ի նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նախատեսում են Թումանյան համայնքի Շամուտ և Աթան բնակավայրերում ևս երկու նմանօրինակ կենտրոն բացել





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: