Հայերեն   English   Русский  

Նախասիրությունների ու առողջության մասին


  
դիտումներ: 4154

Մարսողությունը նման է շնչառության. ներշնչելով մեր մեջ ենք առնում շրջակա միջավայրը, ասիմիլացնում, ապա հետ ուղարկում այն, ինչը չի օգտագործվել: Նույնն էլ մարսողության դեպքում է կատարվում, չնայած այն սերտորեն կապված է օրգանիզմի նյութական մակարդակի հետ:

Օդը կառավարում է շնչառությունը, իսկ մարսողությունը ենթարկվում է իներտ տարրին՝ Հողին, ուստի շնչառությունից այն տարբերվում է խիստ ռիթմի բացակայությամբ՝ կլման ու օգտակար նյութերի կորզման հերթագայության մեջ կորչում է հստակությունը:

Մարսողությունը շատ նման է ուղեղի գործունեությանը. ուղեղը (կամ գիտակցությունը) վերամշակում ու յուրացնում է այս աշխարհի ոչ նյութական տպավորությունները (ոչ միայն հացիվ), իսկ ստամոքսը՝ նյութականը:

Մարսողությունն արտաքին աշխարհի ներմուծումն է օրգանիզմ՝ նյութական տպավորությունների ձևով: Այն ներառում է՝

-այդ տպավորությունների բաժանումն «օգտակարի» ու «ոչ օգտակարի»

-օգտակար նյութերի ասիմիլյացիան, յուրացումը

-«ախտածին» նյութերի դուրսբերումը:

Իսկ ի՞նչ է խորհրդանշում սննդային նախապատվությունը: Պարզվում է, որ շատ բան կարելի է ասել ըստ այնմ, թե ինչ սննդային նախասիրություններ ունի մարդը (ասա՝ ինչ ես ուտում, ասեմ՝ ով ես դու):

Ամենահասարակ թվացող պատահական գործընթացներում երբեմն թաքուն փոխկապված երևույթներ կան: Եթե մարդը ցանկանում է ուտել մի որոշակի բան, ապա դա հստակ որոշակի վիճակի արտահայտություն է: Իսկ եթե նա ինչ-որ բան չի հավանում, ապա դա ևս կարելի է բացատրել հոգեբանական ենթատեքստով:

Քաղցը խորհրդանշում է ունենալու, տիրելու ցանկություն, արտահայտում է որոշ ագահություն, իսկ ուտելը ցանկության բավարարումն է ձեռքբերման ու կշտանալու միջոցով:

Եթե մարդը սիրո պակաս կամ քաղց ունի ու այն ցանակացածի պես չի բավարարվում, ապա մարմնական մակարդակում դա արտահայտվում է քաղցրի ձգտումով: Չափազանց քաղցրակերությունը միշտ սիրո չբավարարված պահանջի արտահայտություն է: «Քաղցր» բառի երկակի նշանակությունն արտահայտվում է «քաղցրս» արտահայտության նման: Երեխաների շրջանում քաղցրի նկատմամբ սերը ծնողական սիրո անբավարարության նշան է. երեխաների համար ծնողների սերը միշտ քիչ է: Որոշ ծնողներ էլ կհակադարձեն, թե ամեն ինչ անում են նրանց համար, սակայն դա ամենևին էլ նույնը չէ:

Եթե մարդն անընդհատ ինչ-որ համեղ բան ուտելու ցանկություն է ունենում, ապա հաստատ սիրո և ուշադրության պակաս է զգում:

Երբ ծնողները երեխաներին քաղցր են տալիս՝ ենթագիտակցորեն իրենց սերն ու վերաբերմունքը փոխհատուցում են դրանով:

Այն մարդիկ, որոնք շատ են մտածում կամ մտավոր գործ են անում, աղի կամ հիմնավոր սննդի կարիք ունեն:

Պահպանողական մարդիկ նախընտրում են ապխտած սնունդը, թունդ թեյը (իսկ դա, որպես կանոն, դաբաղանյութեր պարունակող մթերք է):

Կծու մթերք են նախընտրում նոր տպավորություններ փնտրողները: Նրանք սիրում են նոր մարտահրավերներ, թեև միշտ չէ, որ դրանց պատրաստ են:

Հակառակ տեսակն էլ կա. մարդիկ կան, որոնք նախընտրում են խնայող սնունդը, այսինքն՝ առանց աղի ու համեմունքների: Նրանք խնայում են իրենց, փորձում են հեռու մնալ նոր տպավորություններից, խուսափում են առճակատումներից ու ցանկացած «հարաբերությունների պարզաբանումից»: Այդ երկյուղը կարող է հանգեցնել միայն շիլաներով ու ապուրներով սնվելու իրողությանը, քանի որ նյարդերի պատճառով ստամոքսի ցավեր ու տարատեսակ խնդիրներ են առաջանում: Ի դեպ, շիլան մանկական կերակուր է համարվում, և մեծահասակների շիլաներով տարվելու ձգտումը կարող է ինչ-որ չափով մանկամտության մասին հուշել, այսինքն՝ նրանք ինչ-որ բան պարզելու, կարգի բերելու ունակ չեն կամ խուսափում են: Մարդկանց այս տեսակը գերադասում է միայն այն սնունդը, որը կարելի է պարզապես կուլ տալ, նրանք կծելու, կրծելու պրոցեսն ագրեսիվ երևույթ են դիտում:

Ձկան փուշը կուլ տալու երկյուղը խորհրդանշում է վախ ուրիշի ագրեսիվության հանդեպ:

Բայց կան նաև մարդիկ, ովքեր իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում ու փնտրում: Նրանք սիրում են կոշտ սնունդն ու ցանկացած գնով փորձում են ամեն ինչի էության մեջ խորանալ: Այդ մարդիկ միշտ աչքի են ընկնում, քանի որ առանց խնդիրների ասես կյանքը կյանք չէ նրանց համար: Օրինակ՝ եթե նրանց աղանդեր է հրամցվում, ապա նրանք անպայման կպահանջեն ուտելու ինչ-որ բան, որ հնարավոր լինի կրծել, կծել: Դրանով նրանք ի ցույց են դնում վախը սիրո ու քնքշության հանդեպ, ավելի ճիշտ՝ վախն այն բարդությունների հանդեպ, որոնք սիրուց անբաժան են:

Ռուդիգեր Դալկե

«Հիվանդությունն իբրև ուղի. հիվանդությունների նշանակությունն ու կոչումը» գրքից





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: