Թրամփն արգելել է 8 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ
Նախորդ հրամանագրի գործունեությունը, որը հիմնականում վերաբերում էր գլխավորապես մահմեդական 6 երկրների բնակչություններին, ավարտվել է կիրակի օրը` սեպտեմբերի 24-ին:
Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ մտնող նոր փաստաթուղթը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Լիբիան, Սոմալին, Սիրիան, Եմենը, ինչպես նաև Չադը, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան: Սուդանը նոր ցուցակում ընդգրկված չէ:
Ընդ որում` նշվել է, որ այս հրամանագիրը գործունեության ժամկետ չունի:
«Որպես նախագահ, ես պետք է ապահովեմ ԱՄՆ-ի և ժողովրդի անվտանգությունն ու շահերը», - մեկնաբանել է Թրամփը նոր միջոցների կիրառումը:
Նոր համաձայնագրի համաձայն յոթ երկրների քաղաքացիների համար սառեցվել են ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը: Վենեսուելայի դեպքում ժամանակավոր արգելքը վերաբերում է միայն պաշտոնյաներին:
Ավելի վաղ Թրամփը Գերագույն դատարանին խնդրել էր չեղարկել միգրացիոն հրամանագրի սահմանափակումները: