Ադրբեջանում լրագրողին շինծու գործով ազատազրկման են դատապարտել. փաստաբան
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըխ» թերթի շրջանային թղթակից Ասադլիի դեմ ոստիկանության՝ Բելասուվարի շրջանային բաժանմունքում դեռևս մայիսին քրեական գործ է հարուցվել: Լրագրողն այդ ժամանակ հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումը սկսվել է այն բանից հետո, ինչ հրապարակել էր Նևթչալի շրջանի Խըրմանդալը գյուղի բնակիչների կողմից անցկացված բողոքի ակցիայի վերաբերյալ տեսանյութ:
Փաստաբան Սադըգովը հայտնել է, որ Ասադլին սեպտեմբերի 5-ին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Սադըգովը Ասադլիի պաշտպանությանը միացել է դատարանի որոշման հրապարակումից հետո և արդեն բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
Լրագրողի դեմ բողոք է ներկայացրել տեղի թեյարաններից մեկի սեփականատերը, մինչդեռ իրականում հենց Ասադլին է հարձակման ենթարկվել: Ապրիլի 9-ին լրագրողն այցելել է Բիլասուվար քաղաքի թեյարաններից մեկը, որի սեփականատերը հայտարարել է, որ «այս թեյարանը ընդդիմադիրների համար չէ»: Դրանից հետո լրագրողը դադարել է այցելել այդ թեյարան՝ սադրանքից խուսափելու համար: Սակայն երբ ապրիլի 19-ին լրագրողը թեյարանի մոտով անցնելիս է եղել, սեփականատերը հարձակվել է նրա վրա:
Թեև լրագրողը միջադեպից անմիջապես հետո բողոք է ներկայացրել ոստիկանություն, արդյունքում հենց նրա նկատմամբ է քրեական գործ հարուցվել՝ մեղադրվելով «խուլիգանության» մեջ: Հետագայում մեղադրանքը փոխարինվել է ավելի ծանր մեղադրանքով (զենքի կամ որպես զենք առարկայի կիրառմամբ խուլիգանություն):
Հաղորդվում է, որ լրագրողը, իբրև թե, բջջային հեռախոսով հարվածել է թեյարանի սեփականատիրոջ գլխին: Փաստաբանը հայտնել է, որ գործի շրջնակներում որպես վկաներ են հանդես եկել այդ նույն թեյարանի աշխատակիցները: Պաշտպանությունը բողոքարկել է որոշումը և մտադիր է հասնել լրագրողի արդարացմանը: