Հայերեն   English   Русский  

​Անկախության հանրաքվեները Արցախի հարցում սոսկ իրավական հիմքերի տրցակը կհաստացնեն


  
դիտումներ: 5990

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել է Քրդստանի քաղաքացիների 72,16 տոկոսը,

որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Այսպիսով Իրաքի Քրդստանի քաղաքացիները աշխարհին հայտարարեցին, որ ուզում են անկախ ապրել և այդ ճանապարհից երբեք հետ չեն կանգնելու:

Մի շաբաթ անց Իրաքի Քրդստանից շատ հեռու՝ Եվրոպայում էլ նման մի իրադարձություն է սպասվում. անկախության հանրաքվեի են նախապատրաստվում կատալոնացիները:

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին, իսկ Իսպանիայի կառավարությունը դա չի ընդունում: Երկրի Սահմանադրական դատարանն այն ապօրինի է ճանաչել: Եվ առհասարակ, ամեն ինչից երևում է, որ Իսպանիայի կառավարությունը միջոցների մեջ խտրություն չի դնելու սպասվող հանրաքվեն խափանելու և անջատողական տրամադրությունները ճնշելու համար:

Սեպտեմբերի 20-ին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան մի շարք խուզարկություններ Է անցկացրել Բարսելոնայում և ինքնավարության տարածքի այլ բնակավայրերում: Ձերբակալվել է 12 հոգի, այդ թվում՝ Կատալոնիայի տնտեսական և հարկային գերատեսչությունների ղեկավարները, մի շարք դեպարտամենտների աշխատակիցներ: Նրանցից մի քանիսին հետագայում ազատ են արձակել: Քաղաքացիական գվարդիան նաև առգրավել Է մոտ 10 մլն քվեարթերթիկ, որոնք նախատեսված Էին անկախության հանրաքվեի համար:

Իսկ սեպտեմբերի 25-ին Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան հայտարարեց, որ չի բացառվում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը: «Դատախազությունը համոզված Է, որ Պուչդեմոնը մասնակից Է այն հանցագործություններին, որոնք վերաբերում են իշխանություններին չենթարկվելուն, ունեցվածքի վատնումներին և չարաշահումներին»,- ասել է Մասան՝ La Vanguardia թերթին:- Վատնումների համար Պուչդեմոնին կալանքի ենթարկելու հնարավորությունը մնում է»:

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի նոր ոստիկանապետ են նշանակել: Ինչպես հայտնում են Reuters-ն ու BBC-ն, Իսպանիան Կատալոնիա է ուղարկում հազարավոր ոստիկանների՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեի անցկացումը թույլ չտալու համար: Սակայն Կատալոնիայի առաջնորդները հրաժարվելու մտադրություն չունեն: Ամենայն հավանականությամբ կատալոնացիներն էլ կգնան անկախության հանրաքվե անցկացնելու ճանապարհով ու միգուցե նաև ինչ-որ արդյունքի հասնեն։

Ակախության հանրաքվե

Այս երկու իրադարձությունները հայկական իրականության մեջ դիտարկվում են արցախյան հիմնախնդրի պրիզմայով: Նախ՝ երկու դեպքում էլ իրադարձությունների զարգացումը շատ նման է նախորդ դարավերջին Արցախում ծավալված իրադարձություններին, երկրորդ՝ մենք այս հանրաքվեները դիտում ենք որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցայտուն օրինակներ ու նախադեպեր։

Նման ցանկացած գործընթաց, ինչպես նշում են փորձագետները, ավելացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման իրավական փաստարկները։ Ասել է թե՝ անկախության այս հանրաքվեները մեզ հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են նախադեպ ու հիմք դառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի միջազգային ճանաչման հարցերում։

«Կարծում եմ, որ դա ցանկալի իրադարձություն է, կարևոր է, բայց չէի ուզի այն հիմնական արգումենտ դարձնել: Կոսովոյի անկախացումից հետո ոչ ոքի համար կասկած կամ անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ Արցախը՝ իր այսօրվա կարգավիճակով, ինստիտուտներով կամ իրավական հիմքերով, որակապես չի զիջում ինքնորոշման իրավունքի հարցում, Արցախը լրացուցիչ իրավական փաստարկների անհրաժեշտություն չունի։ Արցախի դեպքում խնդիրը ռազմաքաղաքական բալանսի պահպանումն է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է ու դեռ առաջիկա մի քանի տարիներին հնարավորություն ունենալու է շարունակելու նավթագազային եկամուտների հաշվին սպառազինությունների մրցավազքը»,- «Անկախին» ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Սերգեյ Մինասյան

Իրոք, որպես իրավական նախադեպ այս գործընթացները շատ կարևոր են, բայց պետք է նաև հասկանանք, որ նոր պետությունների ձևավորման ու հատկապես դրանց միջազգային ճանաչման գործընթացներում փորձում են խուսափել նույնացման կամ նմանեցման մոտեցումներից: Ցավոք սրտի: Եվ չմոռանանք, որ մինչ այս էլ Կոսովոյի, Հարավային Սուդանի, Էրիթրեայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախացման ու դրանց միջազգային ճանաչման գործընթացի ծավալման նախադեպերին ևս ականատես ենք եղել, և դրանք կարծես այնքան էլ լուրջ կռվան չդարձան Արցախի խնդրի կարգավորման դեպքում։

«Իհարկե, մենք կարող ենք օգտագործել այդ նախադեպերը, քանի որ այն, ինչ այս օրերին կատարվում է Քրդստանում ու այն, ինչ սպասվում է Կատալոնիայում, նույնությամբ ընթանում է այնպես, ինչպես 90-ականներին տեղի ունեցավ Արցախում: Բայց, ցավոք, դրա բացասական փորձն էլ կա, երբ ուրիշ պետություններ նույնպես հասել են միջազգային ճանաչման, ինչը կարող էր օգտագործվել Արցախի ճանաչման հարցում, բայց չի օգտագործվել: Բայց ավելի քան համոզված եմ, որ եթե մի օր Հայաստանի Հանրապետությունը սկսի Արցախի անկախության ճանաչման գործընթաց, իրավական այս բոլոր գործընթացները, որոնք կարող են օրինակ լինել կամ «հարստացնել մեր փաստարկների փաթեթը», կիրառվելու են և դրվելու են սեղանին որպես հիմնավորում Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Այստեղ քաղաքական նպատակահարմարության հարցն է ամենակարևորը, որովհետև Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Արցախի Հանրապետությունը որևէ գործնական քայլ չեն արել՝ բազմաթիվ նկատառումներից ու հատկապես այն հույսից ելնելով, որ հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով որոշակի լուծումների հանգել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում»,- մեզ հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ ամեն պետություն ու ժողովուրդ ինքնուրույն է գնում անկախացման ու միջազգային ճանաչման ճանապարհով:

Ու երբ Իրաքյան Քրդստանի, Կատալոնիայի, Կոսովոյի կամ մեկ այլ նախադեպի ենք ականատես լինում, ոգևորվում, թե Արցախի հարցում ևս մեկ նախադեպ՝ իրավական հիմք ունեցանք, պետք է հիշենք, որ երբ աշխարհաքաղաքական խաղացողներին ձեռնտու լինի՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն էլ անկասելիորեն կծավալվի։ Իսկ քանի դեռ այդ քաղաքական նպատակահարմարությունը չկա, մենք էլ ոչինչ չենք անում, որ այն ստեղծվի, ապա շարունակելու ենք բարի նախանձով հետևել, թե հերթական շրջանը, ինքնավարությունը կամ վարչատարածքային միավորն ինչպես է իրացնում իր ինքնորոշման իրավունքն ու ինչպես է կերտում իր անկախությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: