Հայերեն   English   Русский  

​Քրդական համայնք. խնդիրներ, ձեռքբերումներ, երազանքներ


  
դիտումներ: 2697

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը քրդական համայնքի ներկայացուցիչներ Կնյազ Հասանովի (Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր) և Ժենյա Ամիրյանի («Քուրդիստան» համազգային կոնգրեսի պատգամավոր Հայաստանում, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ) հետ է:

Զրույցի սկզբում պարոն Հասանովը տեղեկացրեց, որ քրդերը Հայաստան են եկել XVIII դարից սկսած, երբ սահմանն անցնելը կապված չէր մեծ դժվարությունների հետ, իսկ XX դարասկզբին արդեն նրանց թիվը կտրուկ ավելացել է: Քրդերը հիմնականում հաստատվել են Արագածոտնի, Արմավիրի մարզերում: Ըստ ՀՀ վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում 2162 քուրդ կա:

Մեր զրուցակիցները ցավով նկատեցին, որ անկախացումից հետո սոցիալական վատ պայմանների պատճառով մեծ թվով քրդեր, հատկապես՝ երիտասարդության 70 տոկոսը, արտագաղթել են ՀՀ-ից, բայց աշխատանք լինելու դեպքում անպայման հետ կգան և իրենց լուման կունենան երկրի զարգացման գործում ՝ գյուղերում զբաղվելով անասնապահությամբ և գյուղատնտեսական մթերքների մշակմամբ, իսկ քաղաքներում՝ ապրելով մնացած հայերի պես:

Հարցին, թե Կնյազ Հասանովի՝ ԱԺ պատգամավոր լինելը որքանով կնպաստի քրդերի վիճակի բարելավմանը, նա պատասխանեց. «Խորհրդային կարգերի փլուզումից առաջ քրդերն ունեցել են մեծ թվով գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, իրավաբաններ, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ: Իհարկե, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք առաջին անգամ ԱԺ-ում պատգամավոր ունենալու հնարավորություն ունենք, բայց մինչև այդ էլ ես բարձրացրել եմ մեր համայնքին առնչվող շատ խնդիրներ՝ սկսած դասագրքերի հրատարակումից, որ այսօր արդեն իրականություն է, մինչև կենցաղային բնույթի հարցեր: Վերջին շրջանում ԱԺ-ում իմ մտահոգությունն եմ հայտնել՝ կապված գյուղական համայնքների խոշորացման հետ, ինչի հետևանքով ծագում է դպրոցների օպտիմալացման խնդիրը, որ ողբերգական ավարտ կունենա հատկապես քուրդ երեխաների համար: Քրդերով բնակեցված գյուղերը գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, հետևաբար ձմեռը շատ երկար է տևում, ճանապարհները փակվում են տևական ժամանակ, դպրոցները չեն գործում: Դա նշանակում է՝ երեխաներն ուղղակի հնարավորություն չեն ունենա գյուղից գյուղ գնալ: Երկրորդ՝ կա նաև ազգային սովորույթ, որ քուրդ աղջիկներին ծնողները 15-17 տարեկանում ամուսնացնում են, և բնական է՝ նրանց թույլ չի տրվի ուսումը շարունակել հարևան գյուղում: Հետևաբար, կպակասի նաև բուհ ընդունվողների թիվը, կավելանա անգրագիտությունը: Ուստի ցանկալի կլիներ՝ քրդերով բնակեցված գյուղերում այդ օպտիմալացումը չկատարվեր: Ներկայումս այդ գյուղերի հայկական դպրոցներում շաբաթական 3-4 ժամ քրդերեն են անցնում: Ճիշտ է, ուսուցիչներ դեռևս կան, բայց երիտասարդները քիչ են: Այդ պատճառով ես առաջարկել եմ, որ որոշ բուհերում տարեկան մեկ-երկու երեխա սովորի պետպատվերի շրջանակներում, որպեսզի հետագայում կադրերի խնդիր չունենանք»:

Հաջորդիվ անդրադարձանք քրդական ընտանիքների և քուրդ կանանց նկարագրի առանձնահատկություններին: «Հայաստանի գյուղերում հավաք ապրելու շնորհիվ մեզ համար ավելի հեշտ է ազգային ինքնության պահպանումը, քան դրսում գտնվող քրդերի համար, որոնք ձուլման վտանգի առջև են կանգնած: Միայն ցավում եմ, որ Հայաստանում բնակվող քրդական ընտանիքներում, ի տարբերություն Խորհրդային Միության տարիների, երբ հնարավորությունները շատ էին, իսկ մարդկային պահանջները՝ քիչ, այսօր ծնվում է 1-2 երեխա նախկին 7-8-ի փոխարեն: Քրդերը հիմնականում իրար հետ են ամուսնանում: Չնայած երբեմն գնում են խառնամուսնությունների, քանի որ եթե երիտասարդներն իրար սիրում են՝ շեղումներ պետք է լինեն, բայց հետագա շատ խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի պահպանել ազգային ավանդույթները: Քուրդ կինն այսօր աշխարհին կարողացել է ցույց տալ ընտանեկան նվիրվածության բացառիկ օրինակներ: Մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գաղափարական ջանքերով քուրդ կանայք աստիճանաբար հաղթահարում են ընտանեկան ճնշումներն ու դառնում ավելի ազատ: Խաղաղության մեջ նրանք անում են ամեն ինչ, որ իրենց զավակներն առաջ գնան, կրթություն ստանան, իսկ պատերազմական իրավիճակներում ունակ են մեծագույն զոհաբերությունների: Թող աշխարհի կանանցից ոչ ոք ահով չապրի, կարողանա ապահովության ու խաղաղության մեջ սերունդներ դաստիարակել և բոլոր գերտերություններին ցույց տալ, որ մարդիկ ծնվել են ապրելու, բարեկամություն անելու, այս աշխարհը շենացնելու համար»,- ասաց Ժենյա Ամիրյանը:

Պարոն Հասանովն էլ ավելացրեց, որ այսօր Սիրիայում քուրդ կանայք ու աղջիկներն իրենց կամքով անդամագրվում են բանակին և կռվում են «Իսլամական պետության» դեմ և այնպես են կռվում, որ իսլամիստները լեղապատառ են լինում:

Հարցազրույցի մասնակիցները կարևորեցին «Քուրդիստան» կոմիտեի, Հայաստանի քրդական ազգային խորհրդի գոյությունը, հայերեն և քրդերեն լույս տեսնող «Զագրոս» և «Ռյա թազա» թերթերը: Վերջինը 1930-ից լույս է ընծայվել միայն քրդերենով՝ որպես այդպիսին լինելով եզակի ողջ աշխարհում, ինչի համար քուրդ ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է խոսում հայ ժողովրդի և իշխանությունների մասին: Խորհրդային կարգերի ժամանակ «Ռյա թազան» մեծ թվով աշխատողներ ուներ, նրանք և Հայաստանում հեռարձակվող քրդական ռադիոժամի աշխատողները քրդական մշակույթի և գիտության կադրերի դարբնոց էին ամբողջ աշխարհում: Կնյազ Հասանովը ցավ հայտնեց, որ առաջվա մեկժամանոց ռադիոժամի փոխարեն այսօր ունեն ամենօրյա կեսժամանոց եթեր, որն էլ տեխնիկապես դրսում այնքան հասանելի չէ, ինչպես առաջ:

Ժենյա Ամիրյան

Երբ անդրադարձանք քրդական մշակույթի առանձնահատկություններին ու տոներին, պարոն Հասանովը նկատեց, որ շատ ազգային տոներ այսօր քրդերը չեն նշում Հայաստանում: Հիմնականում սիրում են Նավրոզը, որ հեղափոխության խորհրդանիշ է դարձել բոլոր քրդերի համար, ինչպես նաև՝ Խդր Նաբիի տոնը, որ կարծես քրդերի Ամանորը լինի: Ժենյա Ամիրյանն էլ կարևորեց հայկական տոների՝ քրդական իրականության մաս դառնալու փաստը՝ առանձնացնելով Ամանորը, Զատիկն ու Էրեբունի-Երևան տոները՝ հավելելով, որ այդ տոներն ընդունելով հանդերձ՝ քրդերը երբեք չեն դավաճանում իրենց չափանիշերին: Շարունակելով խոսքը՝ նա ասաց. «Հայաստանի միջոցով քրդերն ու մյուս ազգային փոքրամասնությունները կարողանում են թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ներկայացնել իրենց մշակութային առանձնահատկությունները: Մենք բոլորս կարծես մի ընտանիք լինենք: Ցավում եմ ուղղակի, որ մեր շատ նախաձեռնություններ հնարավորությունների բացակայության պատճառով չենք կարողանում իրականացնել, միայն սիրով մասնակցում ենք այն մշակութային միջոցառումներին, որոնք ընդհանուր են կազմակերպվում բոլոր ազգային փոքրամասնությունների համար: Քրդերը Երևանում ու մարզերում ունեն երգի-պարի ինքնագործ խմբակներ: Շատ կարևոր է գնահատել այն երկրի պետական հոգատարությունը, որտեղ ապրում ես: Նաև խիստ անհրաժեշտ է մեր՝ որպես ՀՀ քաղաքացիների հայերենի լավ իմացությունը: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, ինչը, սակայն, չի խանգարում երազել Քուրդիստանի մասին»:

Կնյազ Հասանովը ևս անդրադարձավ Քուրդիստան պետություն ունենալու երազանքին և այն հարցին, թե Հայաստանում ապրող քրդերը որքանով են մասնակից դրա իրականացմանը. «Յուրաքանչյուր քուրդ իր հայրենիքն ունենալու մեծ երազանք ունի: Այսօր 40-50 միլիոն քուրդ կա աշխարհում, որոնք մասնատված ապրում են Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և Իրանում՝ չունենալով պետություն կամ ինքնավարություն: Այդ բոլոր պետությունների սահմանադրությամբ քրդերենն արգելված է, քրդերն իրենց լեզվով խոսելու հնարավորություն չունեն: Ճիշտ է, հայերն էլ այսօր սփռված են աշխարհով մեկ, բայց նրանք գոնե գիտեն՝ իրենց հայրենիքը Հայաստանն է, ինչ էլ լինի, մշտապես վերադառնալու տեղ ունեն: Մենք էլ ենք ուզում, որ լինի Քուրդիստան պետություն, ինչի համար Հայաստանում ապրող քրդերը մշտապես ցույցերի, կոնֆերանսների միջոցով դատապարտում են այն բոլոր բռնությունները, որ տեղի են ունենում աշխարհում քրդերի հանդեպ: Իրանը, Թուրքիան, արաբական մի շարք երկրներ դեմ են քրդերի անկախացմանը: Բայց չնայած բոլոր դժվարություններին՝ մենք մարտական ենք տրամադրված և հավատում ենք, որ կկարողանանք հաջողության հասնել: Ինչպես ժամանակին թուրքերը կարողացել են հայերին ու քրդերին հրահրել իրար դեմ, այդպես էլ հիմա քրդերի մեջ են երկպառակություն գցում՝ խանգարելով մեր երազանքի իրականացմանը: Իրաքյան Քուրդիստանի հետ, որն այսօր մտնում է Իրաքի պետության մեջ, Հայաստանը բարեկամական կապերի մեջ է, անգամ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծվեց, ինչը ցույց է տալիս, որ քրդերը հայերի հետ դարավոր բարեկամություն ունեն, և մեր բարեկամությունը պետություն ստեղծելուց հետո էլ կշարունակվի թե՛ մշակութային, թե՛ առևտրատնտեսական հարաբերություններում: Երբ Քուրդիստանը հայտարարվի անկախ պետություն, անպայման Հայաստանում կստեղծի իր դեսպանությունը, ինչի շնորհիվ այս երկու տարածքների վրա ապրող քրդերի բարեկամական կապերն ավելի կջերմանան: Եթե այսօր մենք Հայաստանում ունենք պատգամավոր, ապա Թուրքիայում քուրդ պատգամավորներին միահամուռ ձևով բանտարկում են: Իսկ Հայաստանը դարձել է մեր կրթության, գիտության, մշակույթի միջազգային օջախը՝ զերծ ամեն տեսակ խտրականությունից, կրոնական արգելափակումներից: Գուցե սրան նպաստում է այն փաստը, որ հայերը, լինելով աշխարհով մեկ սփռված և այդ փաստն իրենց մաշկի վրա զգացած ժողովուրդ, ամեն ինչ անում են, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ լավ վերաբերմունք լինի: Ուստի ես Հայաստանը համարում եմ իմ հայրենիքը, որտեղ ապրում է իմ ընտանիքը: Եվ եթե Հայաստանի համար երբևէ շատ վատ լինի, մենք էլ ենք տուժելու դրանից: Դրա համար մեր երեխաները ծառայում են հայոց բանակում, մասնակցում պատերազմական գործողությունների: Ես կցանկանամ՝ ինչքան հնարավոր է շուտ խաղաղ ճանապարհով լուծվի ղարաբաղյան հարցը, որ հայ մարդն ու ՀՀ-ում ապրող այլազգիները կարողանան լծվել խաղաղ ու ստեղծարար աշխատանքի»:

Ժենյա Ամիրյանը նկատեց, որ Հայաստանն իր հոգատար ու մարդկային վերաբերմունքով օրինակելի երկիր է մյուս պետությունների համեմատ: Օրինակ՝ Թուրքիայում, Սիրիայում այսօր ոչնչացվում են անգամ քրդական մշակութային կոթողները. «Մեր նվիրվածությունը Հայաստանի նկատմամբ գալիս է մեր ծնողների տված դաստիարակությունից. չպետք է քար նետել այն առվի մեջ, որից ջուր ես խմում: Հայ ժողովուրդն արժանի է լավ ապրելու: Հայ մտավորականները ժամանակին շատ են սատարել քրդերին, որոնք հետագայում հայտնի մարդիկ են դարձել: Ինչպես հայերը, այնպես էլ քրդերը քարից հաց քամող ժողովուրդ են, ուստի պետք է վերջ տրվի ցեղասպանություններին: Կուզենայի Հայաստանը տեսնել բարգավաճ, ինչպես եղել է դարերով: Քրդական համայնքն էլ հնարավորության սահմաններում կանի ամեն ինչ հայ մարդուն աջակցելու համար: Այսօր, երբ Քուրդիստանը հաստատված չէ որպես պետություն, թուրքերը մեզ շնչելու հնարավորություն չեն տալիս: Քուրդիստանի անկախացումից հետո իմ ցանկությունն է, որ ավելի ամրապնդվեն հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: