«Տնտեսվարողները դուրս են գալիս ստվերից և սկսում են իրական գին թելադրել». տնտեսագետը գնաճի մասին
Այն մասին, թե ինչով դա կարող է պայմանավորված լինել, այսօր լրագրողների հետ խոսեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ներկայացնելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ նա նշեց, որ սպառողական գների ինդեքսը այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է ընդամենը 0,6%-ով, ինչը չնչին աճ է:
«Եթե առևտրաշրջանառությունը աճում է և մարդիկ գնողունակ են, բնականաբար պետք է ունենա նաև գնաճ: Ներքին առևտրաշրջանառության ծավալը աճը կազմել է 112,3: Ստացվում է, որ գների աճը չի երևում: Սա նշանակում է, որ բնակչությունը գնողունակ չէ և առևտրաշրջանառության աճը բացահայտվել է ստվերայնության բացահայտման հաշվին»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ երբ տնտեսվարողները դուրս են գալիս ստվերից, սկսում են իրական գին թելադրել, այսինքն՝ կարագի և մսի թանկացման հարցում իր ազդեցությունը կարող է ունեցած լինել նաև հարկային քաղաքականությունը: Դրան հետևում է գնի թանկացումը:
«Տրամաբանական կապ է առաջանում. հարկայինը մի կողմից բացահայտում է, մյուս կողմից՝ տնտեսվարողը արձագանքում է այդ երևույթին, այսինքն՝ շրջանառությունը երևում է: Սպառողների տեսանկյունից չի ավելացել նրանց ծավալը. նրանք նույն քանակությամբ սպառում էին, ուղղակի դա սկսում է երևալ թվային ցուցանիշներում: Սա կարող է գնաճի պատճառներից մեկը լինել»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ գների աճը կարելի է պայմանավորել ներմուծման գների աճով: 1 տոննայի չափով դիտարկելից ներմուծման գինը հարաբերականորեն բարձր էր մյուս տարիների համեմատ, թեև տարբերությունը մեծ չէր:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սա հետընտրանական շրջանի հետևանք է, Վիլենյ Խաչատրյանը նշեց, որ դա կենսունակ գաղափար է, սակայն տարակուսանք հայտնեց, որ մի քիչ ուշացած է այս վիճակը: