Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ լսումներ կանցկացվեն


  
դիտումներ: 1884

Հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում կանցկացվի զուգահեռ քննարկում «Ժամանակն է վերջ դնել լվացքատանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել»:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը;

Լսումները կազմակերպում է ադրբեջանական Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը` ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասերի աջակցությամբ: Որպես բանախոսներ հանդես կգան «Հանուն ժողովրդավարության» շարժման համանախագահ, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը, Ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Յուրիյ Ջիբլաձեն և «Ազատության ֆայլեր» վերլուծական կենտորնի տնօրեն Օլգա Զախարովան:

Լսումների կազմակերպիչների կարծիքով` OCCRP միջազգային լրագրողական ցանցի «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցը, որը բացահայտել էր ԵԽԽՎ մի շարք պատգամավորների` պաշտոնական Բաքվի քաղաքականությանն աջակցելու նպատակով կաշառք ստանալը, պետք է «թափ տա ԵԽԽՎ-ն, որի գործառույթն է ժողովրդավարության և արդարության եվրոպական չափանիշները պաշտպանելը»:

Բանախոսները կներկայացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին վերջին տեղեկությունները և իրենց նկատառումները, թե ինչ է անհրաժեշտ անել Ադրբեջանի` Եվրախորհրդարանի առջև ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: