Ծնողից երեխային վերցնելու հնարավորություն պետությունն արդեն ունի՝ առանց Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման. Արշակ Գասպարյան
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախագծի մի քանի բաղադրիչների:
Նա հիշեցրեց, որ օրենքի նախագիծը քննարկման է դրվել Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում, ինչպես՝ հակակոռուպցիոն մեխանիզմների և ռազմավարության ներդրումը:
Գասպարյանի խոսքով՝ օրենքի նախագծի կարևորությունը պետք է դիտարկել երկու ՝ համատեղ իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Հայաստանը դեռևս 2012 թվականից իրականացնում է քրեական բարեփոխումներ, որը ենթադրում է քրեական արդարադատության խողովակ չպետք է մտցնել մարդկանց առանց անհրաժեշտության: Ըստ դրա՝ պատժողական քաղաքականությունից պետք է անցում կատարել համայնքահեն մոտեցման:
«Մարդիկ, որոնք մտածում են՝ բռնություն գործադրողին պատժել քրեորեն, ավելի խիստ են գործում, քան օրենքը։ Պետք չէ վաղը ունենալ մի իրավիճակ, երբ ամեն երկրորդ տղամարդ քրեակատարողական հիմնարկում է կնոջ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի պատճառով: Սա կարևոր մոտեցում է, որը բոլոր երկրներում կա»:
Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա այս առումով ՀՀ-ն գնում էընտանիքը և համայնքը զարգացնելու ուղղությամբ. «Կատարողական փուլում կարևոր է, թե ովքեր են անելու դա, ինչ ձևով, սակայն դա այլ հարց է: Պետության գլոբալ քաղաքականությունը հետևյալն է՝ աջակցել ընտանիքին սեփական ռեսուրսներով լուծել սեփական խնդիրները»։
Երեխաների պաշտպանության առումով, բանախոսը կարևոր, որ պետք է մաքսիմալ ընտանիքահեն ծառայություններ լինեն: Երեխան առաջին հերթին պետք է ապրի իր կենսաբանական ընտանիքում, իսկ հետո արդեն աջակցող մեխանիզմներ ստեղծվեն: Այս առումով ևս այս օրենքը աջակցող կլինի:
Արշակ Գասպարյանի գտնում է, որ արդեն իսկ կարևոր է, երբ պետությունն ընդունում է, որ ունի նման խնդիր:
Նա շեշտեց՝ որքան էլ ասում են, որ այլ օրենքներում կարելի էր այս օրենքի դրույթները ներառել, պետք է նկատել, որ մեր օրենսդրությունն այնքան էլ տուժողահեն չէ: Պաշտպանության ինստիտուտներ չկան: Երբ մեկի տնից գողություն են անում, գուցե հանցագործին պատժում են, բայց տուժողին չեն աջակցում, նա մնում է մենակ . ոչ ոք չի աշխատում նրա հետ. «Նույն խնդիրը կա ընտանեկան բռնության հետևանքով տուժած մարդկանց հարցում: Ընտանեկան բռնությունը խաթարում է այն տեղը, որտեղ մարդը պետք է լինի ամենապահովը՝ տունը: Այս օրենքը մատնանշում է այն մարդկանց, ովքեր ապրել են այս բռնությունը և այն միջոցները, որոնցով նրանց պետք է աջակցեն»:
Ինչ վերաբերում է օրենքի ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե օրենքի նախագիծը թույլ է տալիս երեխային խլել ծնողից, Արշակ Գասպարյանն ասաց. « Օրենքներով չեն, մանավանդ այս օրենքով, երեխային չեն խլում ընտանիքներից: Դեռևս 2005-ից երեխայի պաշտպանության ինստիտուտի ներդրումից ի վեր Կառավարության որոշմամբ համայնքային հոգաբարձուների խորհուրդը 7 օրվա ընթացքում երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող, երեխայի դաստիարակությունից խուսափող ծնողից կարող են վերցնել երեխային։ «Վերցնել» բառը չպետք է դիտարկել որպես բարբարոսություն: Կարելի է ուղղակի քննարկել դրա չափորոշիչները»։