Դաստիարակչական նպատակ ունեցող ներազդեցությունները բռնություն չեն համարվի. փոխնախարար
Պատասխանելով ներկաներից մեկի հարցի ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց՝ դաստիարակչական ներազդեցությունները, այդ թվում՝ «ապտակի ինստիտուտը», չեն կարող դիտարկվել որպես բռնության դրսևորում:
Նա ընդգծեց, որ օրենքում եղած բոլոր սահմանումները հստակ են և մատչելի ընթերցողին: Սակայն եթե պետք է նոր պարզաբանումներ անել, փոխնախարարը դեմ չէ քննարկումներ անել:
Փոխնախարարի խոսքով՝ այն գործողությունները, որոնք արվում են դաստիարակչական նպատակով, չեն կարող համարվել բռնություն: Սակայն ընդգծեց՝ որևէ անձ մյուսին դիտավորությամբ տառապանք չպետք է պատճառի:
«Հոգեբանական բռնության դրսևորումները բոլորն էլ առանձին-առանձին իրավական շրջանակներում հստակեցված են։ Որոշ մարդիկ ասում են, թե երեխային ապտակելը ևս կարող է դիտարկվել հոգեբանական բռնություն, բայց դրանք մեր իրավական շրջանակներում մեկնաբանված և լուծված են: Օրինակ՝ սպառնալիքի առումով վաղուց ունենք կարգավորումներ քրեական օրենսդրության մեջ: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումների, կիրառման ու մեկնաբանման մասին, չպետք է ելնել ինչ-ինչ անհեթեթությունների կանխավարկածից: Օրենքը հստակորեն ամրագրում է բոլոր սկզբունքները»,-ասաց նա: