Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ԵՄ-ից պահանջում է երկրի անդամակցության շուրջ հստակ դիրքորոշում հայտնել


  
դիտումներ: 657

Թուրքիան Եվրոպական միությունից պահանջում է հստակ ասել, թե արդյոք ցանկանում են երկրին տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այցով գտնվում է Վարշավայում:

Նախագահ Էրդողանը նշել է, որ իր երկիրը դեռևս վաղուց ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ, և իր նկատմամբ ներկայացվող պահանջներն անընդհատ աճում են: «Ես կցանկանայի հստակ կարծիք լսել: Եթե ցանկանում եք Թուրքիային ընդունել Եվրոպական միություն, ապա ասեք մեզ դրա մասին, եթե չեք ցանկանում, ապա այդ մասին ևս ասեք մեզ»,-նշել է Էրդողանը:

Թուրքիան 1963 թ-ից ստորագրել է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր, իսկ 1987 թ-ին միությանն անդամկցելու հայտ է ներկայացրել: Մինչդեռ անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թ-ին և տարաձայնությունների պատճառով բազմիցս դադարեցվել:

Ներկայումս բաց են բանակցային գործի 35 գլուխներից 16-ը: Նախորդ տարվա մարտին Բրյուսելը ակտիվացրել է բանակցությունները Թուրքիայի հետ՝ Եվրոպայում փախստականների հոսքի կրճատմանն աջակցելու համաձայնության փոխարեն:

Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունները վատթարացել են Թուրքիայում նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո.Եվրոպական միությունը քննադատել է թուրքական իշխանությունների հետագա արձագանքը:

Հատկապես սրվել են Ավստրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Ավստրիան պնդում է, որ ԵՄ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն:

Լարված են նաև Գերմանիայի հետ հարաբերությունները, որը հայտարարել է Անկարայի հետ հարաբերություններում տնտեսական քաղաքականությունը, վարկային և ներդրումային ծրագրերը վերանայելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: