Հայերեն   English   Русский  

Մեծ էկրաններ կբարձրանա «Փրկության քարտեզ» ֆիլմը


  
դիտումներ: 6190

Հոկտեմբերի 21-ին մեծ էկրաններ կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։

Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են՝ Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):

Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում և հիմնված է իրական փաստերի վրա, որոնք տրամադրել են մի քանի պետությունների և թանգարանների արխիվները։ Որոշ տեսարաններ նկարահանվել են Արևմտյան Հայաստանում: Ֆիլմի ստեղծողները ստիպված են եղել դիմել հնարքների ֆիլմը նկարելու և թուրք ոստիկանների միջամտությունից խուսափելու համար:

Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ ֆիլմում պատմությունը ներկայացնում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։ Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»:

Ֆիլմ արդեն ցուցադրվել է 14 երկրում 31 քաղաքներում: Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ այն մեծ արձագանք է ունեցել դիտողների շրջանում. «Սա մի բացառիկ ֆիլմ է, որտեղ խոսում են միայն օտարազգիները: Հումանիստների պատմության շնորհիվ Հայոց ցեղասպանության թեման ևս մեկ անգամ արծարծվում է: Տարբեր պետությունների ներկայացուցիչներ ափսոսանք և ցավ էին հայտնում այն մասին, որ իրենց երկրները չեն ճանաչել Ցեղասպանության փաստը»:

Մանվել Սարիբեկյանը նշեց, որ ֆիլմը երախտագիտության տուրք է թե´ ֆիլմի հերոսների, թե´ հայ ժողովրդի բոլոր երախտավորներին:

Ապագայում նախատեսվում է նկարահանել այլ ֆիլմեր՝ նվիրված այս կանանց, որոնք բազմաթիվ զրկանքների միջով էին անցնում հազարավոր հայ երեխաների փրկելու համար. «Այս կանանց արդեն իրենց երկրում մոռացել էին: Դիտումներից մեկի ժամանակ Նորվեգիայի դեսպանն ասաց, որ ամաչում է, քանի որ չի ճանաչում հերոսուհիներին: Այս ֆիլմի միջոցով փաստորեն նոր խոսվում է նրանց մասին»,- նշեց Մանվել Սարիբեկյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: