Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանին միայն մենք պետք է զսպենք՝ առանց սպասելու միջազգային հանրության արձագանքին


  
դիտումներ: 4549

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հոկտեմբերի 16-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Այնուհետև Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ պետք է ջանքեր գործադրեն առաջնագծում զոհերից խուսափելու համար։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հանդիպմանն ու ձեռք բերված համաձայնություններին, նշեց, որ թեև լավատեսորեն է տրամադրված, զգուշավորությամբ է վերաբերվում հայտարարությանը, քանի որ բազմիցս ենք տեսել, որ Ադրբեջանը սկզբում համաձայնում, իսկ հետո տարբեր ձևերով տորպեդահարում է իր իսկ կողմից ընդունած համաձայնությունները։ Այս անգամ էլ Ադրբեջանը սպասել չտվեց: Նախագահների հանդիպումից ու զոհերից խուսափելու համաձայնությունից ընդամենը 3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին,

Սերգեյ Մինասյան

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց: Այդ կրակոցը, ինչպես բնորոշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կրակոց էր Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ։

Չենք ուզում անգամ պատկերացնել, թե ինչ կաներ, օրինակ, Իսրայելը նման դեպքում, երբ լարվածությունը թուլացնելու պայմանավորվածությունից հետո հակառակորդը սպաներ իր զինվորին։

«Այս պայմանավորվածություններից, հայտարարություններից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլև հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով ես կարծում եմ, որ պետք է անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ և հասկանար, որ իր դաշտում է այս հարցը։ Ադրբեջանը պետք է իմանա՝ եթե կրակեց, 5 վայրկյան հետո պատասխանն ավելի կոպիտ է լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, միևնույն է, հայկական կողմից շատ ցավոտ պատասխան է ստանալու։

Թևան Պողոսյան

Իսկ ի՞նչ արձագանք եղավ Ադրբեջանի հերթական սադրանքներից հետո: Սերժ Սարգսյանը օրերս նշեց, որ կոլեկտիվ պատժի գործողություններ չեն իրականացվելու: «Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն»,- ասաց ՀՀ նախագահը։

Մինչդեռ Ադրբեջանը չսահմանափակվեց միայն զինվոր սպանելով։ Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 23-ին ադրբեջանական զինուժի կողմից «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռների կիրառման մասին։

Արցախի զինված ուժերը հայտարարեցին, որ ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ։

Կասկած չկա, իհարկե, որ պատասխան գործողություններ կլինեն, միգուցե նաև՝ Ադրբեջանի համար շատ ցավոտ։ Ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ որևէ մեկն այլևս խաղաղություն չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզնից: Հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել: Որովհետև, ինչպես նշում է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հասկանալի է, որ ի դեմս Արդբեջանի՝ մենք ունենք աննորմալ պետություն, որը շարունակելու է իր համապատասխան քաղաքականությունը, դժբախտաբար:

Հոկտեմբերի 24-ին էլ Արցախի բանակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում նախորդ շաբաթվա համեմատ՝ շփման գծում տիրող իրադրությունը բնութագրել է լարված, բայց վերահսկելի, և վստահեցրել է, որ ինչպես միշտ, հակառակորդի նախահարձակ գործողություններին տրվելու է համարժեք պատասխան:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք և պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի հետևանքով առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաև երկու անգամ «Սպայկ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն ապարդյուն են եղել»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյան

ՊԲ հրամանատարը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն՝ պատասխան լինելու է: Դեռևս կարծում ենք, որ «Սպայկին» պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- հավելեց Մնացականյանը:

Մի խոսքով, ամեն ինչ կարծես վերադառնում է ի շրջանս յուր: Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, կամաց-կամաց մեծացնում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափը, ավելի ծանր միջոցներ է գործի դնում ու հետզհետե ավելացնում լարվածությունը։ Ասել է թե՝ շարունակում է «հյուծման պատերազմը», ինչի մասին բազմիցս խոսվել է։

Խնդիրն այն է, որ հայկական կողմը կարծես դեռ չի գտել այս մարտավարությանը հակազդելու և Ադրբեջանին զսպելու մեխանիզմներ ու արդյունավետ միջոցներ։ Այս առնչությամբ Սերգեյ Մինասյանը բազմիցս նշել է, որ հայկական կողմն ինքը պետք է ստանձնի նախաձեռնությունը: Արա Պապյանը միշտ շեշտում է՝ պետք է առաջինը մենք հարվածենք, չվախենանք լարվածության մեծացումից, որովհետև Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, ինչ-որ մի կետում կհասկանա, որ արդեն բանը հասել է պատերազմին ու կհանդարտվի ։ Իսկ դրա համար պետք է ունենալ հզոր Հայաստան ու Արցախ՝ զարգացած ու կայացած տնտեսությամբ, կայացած հասարակական-քաղաքական համակարգերով ու ինստիտուտներով։

Ի դեպ, Ժնևի խորապատկերում թե՛ զոհի, թե՛ ավելի ծանր զինատեսակներ կիրառելու և սահմանին լարվածությունը մեծացնելու կապակցությամբ հանրային ընդվզում կամ պահանջ չնշմարվեց։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: