Հայերեն   English   Русский  

​Նախարարներից ու պատգամավորներից էլ շատերը չեն ծառայել՝ գիտությունն են զարգացրել


  
դիտումներ: 2545

Այս օրերին հանրային լայն քննարկումների, լուրջ դժգոհությունների տեղիք տվեց կառավարության ներկայացրած «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկում էր հենց այս նախագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալու հարցը։ Այս օրենքը բողոքի լուրջ ալիք բարձրացրեց հատկապես ուսանողության շրջանում, որովհետև էականորեն փոխվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հարցը: Առաջարկվում է ընդհանրապես հանել տարկետման իրավունքը կամ տալ միայն այն ուսանողներին, որոնք ցանկանում են սովորել բուհում կրթության վարձի լրիվ փոխհատուցմամբ, իսկ այնուհետև գնալ ծառայության արդեն որպես սպա՝ ստանալով նաև համապատասխան սպայական աշխատավարձ, արտոնություններ, սոցիալական երաշխիքներ և այլն։

Սա այն հարցն է, որի կապակցությամբ տեսակետները կիսվում են: Կարծիք կա, թե սա լուրջ խոչընդոտներ կառաջացնի գիտության զարգացման առումով, կա նաև հակառակ կարծիքը, թե ոչ մի խոչընդոտ էլ չի առաջացնի՝ ով ուզում է գիտությամբ զբաղվել, միշտ էլ կզբաղվի։ Օրենքի նախագծի հեղինակները, համենայն դեպս, պնդում են, որ ուսանողներն այս տարկետման իրավունքը հաճախ ոչ թե գիտությամբ զբաղվելու համար են օգտագործում , այլ պարտադիր ծառայությունից խուսափելու։

Չխորանալով խնդրի բովանդակային քննարկման մեջ՝ փորձեցինք ուսումնասիրել, թե ներկայումս նախարարներից, պատգամավորներից, մարզպետներից ովքեր չեն ծառայել։

Քանի որ այս օրենքի նախագծի հեղինակը կառավարությունն է, բացի այդ, օրենքով նախատեսվում է, որ այսուհետ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը լինելու է վարչապետը, նշենք, որ 2018 թվականի ապրիլից հետո ՀՀ վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդ, գործող վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրական տվյալներում չգտանք զինվորական ծաառայություն անցած լինելու վերաբերյալ տվյալներ։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ չի ծառայել բանակում։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած նախարարներից են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Զինվորական ծառայություն չի անցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, բայց նա անցել և դեռ անցնում է դիվանագիտական ծառայություն։

Կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներից գիտակրթական ակտիվ կյանքով են զբաղվել ու բանակ չեն զորակոչվել քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, նախկինում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Ծառայելու վերաբերյալ տվյալներ չգտանք նաև միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի կենսագրությունում։ Ուշագրավ է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրականը: Թեև նա 1998-2000 թթ. զինվորական ուսուցում է անցել ՌԴ-ում, նրա կենսագրության մեջ որևէ տվյալ չկա, որ պարտադիր զինվորական ծառայության միջոցով կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ։

ԱԺ ազգընտիրներից հենց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կենսագրրությունում որևէ տվյալ չկա ծառայության մասին։ Փոխարենը ԱԺ նախագահը բժշկությամբ, գիտությամբ է ակտիվորեն զբաղվել։ Չի ծառայել նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ուշագրավ է, որ բանակում չի ծառայել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որ այս նախագծի համազեկուցողներից ու օրենքի թունդ ջատագովներից է։ Նա, սակայն, անցել է ռազմական «կաֆեդրա»՝ պահեստազորի լեյտենանտ է։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես չի ծառայել բանակում, զբաղվել է գիտական, դասախոսական գործունեությամբ։ Բանակում չծառայելու համար բազմիցս են հանրային պարսավանքի արժանացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, այսպես ասած՝ նշանավոր ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը, Շիրակ Թորոսյանը, Տաշիրի Կարեն Կարապետյանը, ԱԺ նորեկ պատգամավոր Միհրան Հակոբյանը, Անդրանիկ Հակոբյանը, Վահան Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, Սամվել Ֆարմանյանը։

ՀՀԿ-ի՝ համեմատաբար ավագ սերնդի ներկայացուցիչներից բանակում ծառայելու մասին կենսագրականներում նշումներ չունեն Հակոբ Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, Կնյազ Հասանովը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, Նաիրի Սահակյանը։ Իսկ ՀՀԿ խմբակցության «հրավիրյալներից» չեն ծառայել Արտաշես Գեղամյանը, որ այդ ժամանակ պարտիական ակտիվ գործունեություն է վարել ու կրթություն ստացել, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը։

Ծառայության վերաբերյալ որևէ տվյալ չկա նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի կենսագրականում։ Կարծես թե չի ծառայել նաև նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը։ Բանակում ծառայելու վերաբերյալ տվյալներ չկան նաև այս խմբակցության պատգամավորներ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի, Իշխան Զաքարյանի, Գյումրու նախկին երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կենսագրականներում։ Այս խմբակցությունից չծառայածների շարքերում են նաև պատգամավորներ Հակոբ Նազարյանը, Գևորգ Պետրոսյանը, Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ուրիխանյանը։

ՀՅԴ-ականներից չի ծառայել խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Բանակում ծառայելու վերաբերյալ իր կենսագրականում տվյալներ չունի նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը։

Իսկ «Ելքից» բանակ չեն գնացել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա այստեղ պատկերը հիսուն-հիսուն է: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի կենսագրությունում էլ չգտանք ծառայած լինելու վերաբերյալ տվյալներ։ Չի ծառայել Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը, չնայած նրա կենսագրականում նշվում է՝ «զինապարտ, շարքային»։ Բանակ չի զորակոչվել նաև Կոտայքի մարզպետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։ Ակտիվ գիտակրթական պրոցեսներում է եղել ու բանակ չի զորակոչվել նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ, թեև զինապարտ է ու մաքսային ծառայության գնդապետի կոչում ունի, կենսագրության մեջ ծառայելու վերաբերյալ տվյալներ չունի։

Այս շարքում, իհարկե, չենք կարող չհիշել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա նույնպես չի ծառայել, կրթական գործունեությամբ է զբաղված եղել։

Մի խոսքով, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների մեջ շատ-շատ են չծառայածները։ Ու երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջարկում է բանակում չծառայածներին պետական պաշտոնների կամ քաղաքացիական-պետական ծառայության չվերցնել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի, երբ նման մոտեցումը հետադարձ ուժ ունենա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: