Հայերեն   English   Русский  

​Բիզնեսմենը երբեք չպետք է ապրի հեքիաթներով ու հրաշքների հավատալով․ մեկուկես տարում հաջողության հասած բիզնեսմենն իր օրինակով է սա ասում


  
դիտումներ: 6575

2016 թվականի սկիզբն էր՝ հունվար-փետրվար ամիսներին, երբ երիտասարդ գործարար, «Կամմսի» ապրանքանիշի վերնաշապիկների արտադրության հիմնադիր-ղեկավար Կամսար Դարբինյանը որոշեց կյանքի կոչել բարձրորակ վերնաշապիկների արտադրություն հիմնելու իր գաղափարը։ Մեր երկրի ընդհանուր տնտեսական վիճակը, արտադրական ծավալների ընդլայնումը, ինչպես «Անկախին» պատմեց նա, հուշեցին, որ պետք է տեքստիլ արտադրություն հիմնի։ Լուրերով էր լսել, որ կառավարությունը սկսել է աջակցել, խրախուսել տեքստիլ արտադրությունը, և միտք ծագեց, որ պետք է զբաղվել տեքստիլ, մասնավորապես՝ վերնաշապիկների արտադրությամբ։

«Որովհետև անձամբ ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, մշտապես վերնաշապիկ հագնող մարդ եմ, և միշտ խնդիր կար՝ կապված թե՛ չափսերի, թե՛ որակի հետ։ Եվ այդպես միտք առաջացավ, որ պետք է զբաղվենք վերնաշապիկների արտադրությամբ։ Ուսումնասիրեցինք շուկան, հասկացանք, որ իրատեսական է, նաև մոտ երկու-երեք ամիս փորձեցինք գտնել այն մատակարարներին, որոնք մեզ հումք կմատակարարեին, տարբեր համաշխարհային ընկերություններից նմուշներ խնդրեցինք, ուղարկեցին, տեսանք, գնահատեցինք, և երկու-երեք ամիս հետո, եթե չեմ սխալվում՝ մայիս ամիսն էր, արդեն արտադրությունը կամաց-կամաց սկսվեց։ Սկզբնական շրջանում աշխատում էր 3 դերձակ, իսկ հիմա արդեն դերձակների թիվը հասել է 10-ի»,- պատմեց Կամսար Դարբինյանը։

Այժմ ընդհանուր անձնակազմն ավելի մեծ է, կա մենեջմենթ, ղեկավարություն, վաճառքի բաժին և այլն. մոտ 20 մարդ է աշխատում ընկերությունում։ Կամսար Դարբինյանն ասում է, որ սկզբում որոշ խնդիրներ են ծագել, չէր հաջողվում իրենց ցանկացած բարձր որակին համապատասխան արտադրանք տալ։ Բայց մի քանի փորձից հետո արդեն ամեն ինչ ստացվել է, և դրանից հետո որոշել են նաև ֆիրմային խանութ բացել։ Ըստ պահանջարկի՝ սկսել են արդեն արտադրական ծավալներն էլ մեծանալ։ Սկզբում արտադրել են 50 տեսակի գործվածքներից 4 ձևվածքով և 3 տեսակ օձիքներով վերնաշապիկներ։ «Բայց հետո հասկացանք, որ ավելի ճիշտ է անհատական պատվերների համակարգ դնել, որպեսզի կարողանանք ավելի շատ տեսականի առաջարկել հաճախորդներին։ Եվ արդեն 2017 թվականի փետրվարից մեր խանութում սկսեցինք անհատական պատվերներ ընդունել ու մարդկանց պահանջները բավարարել»,- ներկայացրեց Կամսար Դարբինյանը։

Հիմա տեսականին էլ է ընդլայնվել, և «Կամմսին» իր հաճախորդներին առաջարկում է ավելի քան 110 տեսակի գործվածքներից անհամեմատ ավելի շատ տարբերակներով ու ձևերով վերնաշապիկներ։

Այս ամենին այսքան կարճ ժամանակում հասնելու համար պահանջվել է քրտնաջան, մեր զրուցակցի խոսքով՝ օրուգիշեր աշխատանք։

«Սկզբից էլ ես ռեալ պատկերացնում էի, որ հենց այդպես էլ պետք է լինի, պատրաստ էինք դրան, քանի որ առանց աշխատանքի ոչինչ չէր ստացվի։ Իսկ սկզբից ևեթ պատկերացնելը շատ կարևոր է, որովհետև եթե մարդ սկզբից դրան պատրաստ չէ՝ շատ հնարավոր է, որ չդիմանա և կոտրվի։ Ես կյանքի փորձով, աշխատանքի բերումով առնչվել եմ կյանքի տարբեր բնագավառների և քաջ գիտակցում էի, որ շատ դժվար կլինի. պետք է օրուգիշեր աշխատել, որպեսզի հասնենք որևիցե ցուցանիշի։ Ճիշտ է՝ դեռ չենք հասել մեր բաղձալի արդյունքին, բայց ձգտում ենք հասնել»,- շեշտեց Կամսար Դարբինյանը։

Համառ աշխատանքն արդեն որոշակի արդյունք տվել է: Եթե մեկուկես տարի առաջ, բացի ցանկությունից, այլ բան չուներ երիտասարդ գործարարը, ապա ներկայումս արդեն գործում է արտադրությունը, գործում է խանութը, այս ապրանքանիշի վերնաշապիկներն արդեն ճանաչում ունեն ու մեծ պահանջարկ են վայելում։

Կամսար Դարբինյան

Ընկերության արտադրանքը ներկայումս միայն Հայաստանում է վաճառվում։ «Կամմսիի» հիմնադիրն ասում է, որ համագործակցության առաջարկներ արտերկրից եղել են, բայց մի քանիսն իրենք մերժել են, քանի որ պատվիրատուները պահանջում էին ցածր գնով և ցածրորակ վերնաշապիկներ, ինչին ընկերությունը համաձայն չէր։

«Մենք տալիս ենք միայն բարձր որակ, դա մեր սկզբունքն է, և չենք կարող ինչ-որ մեկի պատվերով ցածրորակ վերնաշապիկներ կարել, որքան էլ որ պատվերը խոշոր լինի։ Մի քանի բրենդներից առաջարկներ կան, դեռևս նախնական փուլում են գործընթացները: Համագործակցության առաջարկը եղել է, մենք ընդունել ենք, ու նրանք արդեն պետք է մտածեն, որոշեն ու մեզ մոտ արտապատվիրեն, որ իրենց բրենդի արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկայի համար մենք կարենք, Հայաստանում։ Չեմ ասի, թե որ բրենդների մասին է խոսքը, դա գաղտնիք է»,- ասաց «Կամմսիի» ղեկավարը։

Սա արդեն լուրջ հաջողություն է։ Իսկ հաջողության հասնելու համար, վստահեցնում է Կամսար Դարբինյանը, մարդ պետք է լինի նպատակասլաց և ոչ մի խոչընդոտից չընկճվի, պատրաստ լինի ամեն մի դժվարության։ Պետք է սկզբից ևեթ քաջ գիտակցել, որ խոչընդոտները պարտադիր են. չի լինում այնպես, որ անխոչընդոտ հնարավոր լինի ինչ-որ բանի հասնել։ «Եթե բիզնես, ապա բազմաթիվ խոչընդոտներ,- ժպտալով ասում է մեր զրուցակիցն ու շարունակում,- այդ խոչընդոտները հաղթահարելու համար, նորից ընդգծեմ, պետք է աշխատասիրություն ու նպատակասլացություն»։

Կամսար Դարբինյանը հավատացնում է՝ ամեն տեղ էլ արժե բիզնեսով զբաղվել, այդ թվում և հատկապես Հայաստանում։ Ուղղակի պետք է ճիշտ հաշվարկներ կատարել, ճիշտ վերլուծել միջավայրն ու իրավիճակը, սկսել՝ առկա իրողությունները հաշվի առնելով։

«Շատ են եղել դեպքեր, որ ինչ-որ մարդիկ եկել ու ինձ ասել են՝ գիտե՞ս, ուզում ենք այսպիսի գործ սկսել: Ասում եմ՝ շատ լավ է, ասում են՝ դե այսքանով կառնենք, այս գործը վրան կանենք, այսքանով էլ կվաճառենք, արանքում այսքան եկամուտ կմնա։ Ըհը, շատ լավ է, այսքան փող ենք դնում, երեք ամիս հետո այսքան փող է գալիս, ուրեմն սկսում ենք։ Երբ նրանց բացատրում եմ, որ կան նաև այս, այս հանգամանքները, այս ծախսերը, այս խոչընդոտները, պետք է հաշվի առնել հարկային պարտավորությունները, չնախատեսված իրավիճակները, գրասենյակային, պահպանման ծախսերը, հաշվապահական ծախսերը, մարքեթինգի ծախսերը և այլն, ասում են՝ մի րոպե, արդեն տակ տվեցինք։ Ուզում եմ ասել, որ ճիշտ պետք է վերլուծել գործը, ճիշտ հաշվարկել, հետո նոր ձեռնարկել։ Յոթ անգամ չափել ու նոր սկսել»,- իր փորձից հիշում է Կամսար Դարբինյանը։

Ըստ նրա՝ բիզնեսմենը չպետք է հավատա հեքիաթներին ու չպետք է տրվի երազանքներին: Երբ մտածում ես, որ այսպիսի բան կարող է լինել ու գործերն առաջ կգնան՝ այդ «կարող է»-ն երբեք չի լինի։ Այսինքն՝ բիզնեսով զբաղվողը պետք է միշտ իրատես լինի և միայն առկա իրողությունների հիման վրա հաշվարկի, կառուցի ու ղեկավարի իր գործը, ռեալ գնահատի ամեն ինչ։ Հակառակ պարագայում ձախողումը երաշխավորված է, բախտի քմահաճույքին երբեք չպետք է տրվել։

«Բիզնեսմենը պետք է բռնկվող չլինի, անգամ ամենածայրահեղ իրավիճակում։ Երբեք: Բիզնեսմենը չպետք է անհաջողության կամ ձախողումի մեղքը գցի որևէ մեկի վրա, թեկուզ աշխատակիցների, այլ պետք է լրիվ պատասխանատվություն ստանձնի և փորձի ինքնուրույն գտնել բոլոր լուծումները։ Սառը գլխով դատելը բիզնեսում միայն հաջողություն է բերում»,- իր խոսքը եզրափակեց «Կամմսի» ընկերության հիմադիր-ղեկավարը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: