Հայերեն   English   Русский  

Ունենք սովետական հայկական բանակ՝ քրեական, կրիմինալ հարաբերություններով. Ռուբեն Բաբայան


  
դիտումներ: 1128

Հայկական բանակում անհրաժեշտ է կատարել ռեֆորմներ, իսկ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը չի լուծում այդ խնդիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ կան և կլինեն օրինակներ, երբ ձևականորեն կձևակերպվի, որ մարդ բանակում ծառայում է: Չի էլ երևում բանակում, այլ երկու տարի շարունակ զվարճանում են Երևանյան փաբերում և դիսկոտեկներում: Բազմաթիվ նման մարդիկ կան: Կենսագրության մեջ փնտրել արդյոք ծառայել է, թե ոչ, մեր հասարակությունում իմաստ չունի:

Ռուբեն Բաբայանն այս օրենքի հետ կապված շատ հարցեր ունի. «Ասում են, որ օրենքը ընդունվում է արդարություն հաստատելու համար: Արդարություն հաստատում են ոչ այդ օրենքով: Բանակում ծառայելու հավասար պայմաններ ստեղծելու համար, կոռուպցիան, կաշառակերությունը վերացնելու տեսանկյունից օրենքը ոչ մի գործիք չի տալիս: Այսօր էլ կարելի էր արդարություն հաստատել՝ առանց այդ օրենքի և վաղը դա չի հաստատվի, եթե ցանկություն չլինի: Բանակում առկա խնդիրները վերջին 20 տարվա արգասիքը չեն : Ես ծառայել եմ սովետական բանակում: Այն, ինչ այսօր կատարվում է, այդ ժամանակ էլ կար»:

Պարոն Բաբայանը լիովին համաձայն չէ նաև օրենքի այն ընդդիմախոսների հետ, որոնք ասում են, թե դրա հետևանքով կրթությունը կործանվելու է.«Այնպես եք ասում կարծես հիմա գործում է: Կրթական համակարգը ահավոր վիճակում է: Ասում եմ սա որպես դասախոս: Դպրոցների մասին էլ չեմ խոսում: Մենք գիտենք, թե գերագույն ինչ նպատակ ունեն մեր դպրոցները. ընտրություններ: Ուրիշ խնդիր դրանք չունեն:Իսկ բուհերի առջև խնդիր է դրված. աշխատեք ինքներդ գումար, այսինքն՝ պահեք այն ուսանողներին, որոնք չեն ապահովում բավականաչափ կրթական մակարդակ՝ կարևորը փող են վճարում: Սա կրթական համակարգը փակուղի է տանում»:

Ըստ նրա՝ բանակը մեծ ռեֆորմների կարիք ունի: Բացի այդ, այն չպետք է ընկալվի որպես մի կառույց որտեղ անձը երկու տարի կորցնում է. «Դրանով պետք էր վաղուց զբաղվել, իսկ մենք շարունակում ենք ունենալ սովետական հայկական բանակ՝ քրեական, կրիմինալ հարաբերություններով: Այս բանակը պետք է փոխվի և դառնա այս երկրի բանակը՝ ինտելեկտի և գիտելիքների սերուցք, որտեղ մարդիկ կսովորեն նաև ռազմական գործ, բայց կշարունակի իր ուզումը»:

Ըստ նրա՝ անպատասխան է մնում այն հարցը, թե ինչ է լինելու ստեղծագործական բուհերի ուսանողներին.«Եթե ջութակահարը 10 տարի սովորում է Չայկովսկու դպրոցում: Եթե նա մեկ ամիս ջութակ չնվագեց, կործանված է որպես երաժիշտ: Եթե մի անգամ մատները սառեցրեց, ապա արվեստում անելիք չունի: Կարո՞ղ է այս մարդը ծառայել բանակում: Այո´, կարող է, եթե բանակը չդառնա պատժախուց, եե այն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար դառնա պատվավոր բան: Իսկ հիմա բանակ և բանտ հասկացությունների ընկալումը չի տարբերվում»:

Ռուբեն Բաբայանն ընդգծեց՝ բանակը պետք է փոխվի, սակայն դա չի արվել. Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե չփորձեց ստեղծել նոր բանակ. ո´չ Վազգեն Սարգսյանը, ո´չ էլ Բաբկեն Արաքցյանը.«Այն պարզապես դարձավ սովետական Հայաստանի բանակ: Դրա փիլիսոփայությունը չփոխվեց: Իսկ սովետական բանակի խնդիրը քանակով խեղդելն էր: մարդու կյանքի առջև չկանգնել»:

Նա բերեց Իսրայելի բանակի օրինակը. այնտեղ զինվորի առջև գերի ընկնելու դեպքում մեկ խնդիր է դրվում կենդանի մնալ՝ ինչ ուզում ես ասա.« Սա բանակ է, որտեղ ջութակահարն ամեն օր կարող է իր դասերն անցկացնել: Նման բանակ է մեզ պետք»,- նշեց Ռուբեն Բաբայանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: