Հայերեն   English   Русский  

Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին


  
դիտումներ: 5543

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է,

ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:

Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ

Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:

Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է: Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:

Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան 300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:

Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:

Հայաստանի համար ադամանդի տպավորությունը միայն փայլը չէ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է հասնում ներմուծմանը, մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը` 24 մլն դոլարի ադամանդի հումք և որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական արդյունք կլինի:

«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա: Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի հումք ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը: Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:

«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:

Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: