Հայերեն   English   Русский  

«ՀայՌուսգազարդը» գնաց ռուսներին, «գազային» վեճ-կռիվը մնաց մեզ


  
դիտումներ: 1515

Դեկտեմբերի 20-ին կառավարության պահանջով գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվեց և վավերացվեց նաև Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև դեկտեմբերի 2-ին կնքված աղմկահարույց համաձայնագիրը,


որն իր բազմաթիվ հարցական կետերով հանրության մի հատվածի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության կողմից հակասական արձագանք գտավ:

Դրույթներ, որոնք մտահոգում են շատերին

Արտահերթ նստաշրջանի առաջին օրվանից սկսած` այդ պայմանագրերին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվեցին ԱԺ-ի առջև` բողոքի ցույցով արտահայտելով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը համաձայնագրերի վավերացմանը: Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերն էլ համաձայնագրերի որոշ դրույթների սկզբունքային անհամաձայնություն հայտնեցին`մատնանշելով առկա վտանգները:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» և գազի սակագնի թանկացման հետ կապված մյուս գործարքները նման են հանցագործության մասին հաղորդման, քանի որ գործընթացում տեղ են գտել տարատեսակ հանցագործություններ` փողերի լվացում, կոռուպցիա, մեքենայություններ:

Ըստ նրա` այդ համաձայնագրով սահմանափակվում են ոչ միայն Հայաստանի հաջորդ նախագահների և խորհրդարանականների լիազորությունները, այլև արգելվում է տվյալ բնագավառում օրենսդրական գործունեությունը:

«Ըստ համաձայնագրի` հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը չեն փոխվի օրենքները, որոշումները, հրամանները և այլ նորմատիվ ակտեր` «Գազպրոմին» տրամադրված երաշխիքները հարվածի տակ չդնելու համար: Այդ համաձայնագիրը տիեզերական մասշտաբների է հասնում: Նույնիսկ ռուսական ցարերն այդ աստիճանի ինքնագոհ չէին», – նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանըլ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարեց պետական դավաճանությանը հավասար գործարք: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին խստագույնս քննադատեց առաջիկա 30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնելու դրույթը: Ըստ պատգամավորի` նման թույլ դիրքորոշումը Հայաստանի համար նվաստացում է:

Ընդդիմադիր պատգամավորների ու ցուցարարների մտահոգության համար, ըստ էության, հիմնավոր պատճառներ կան այդ համաձայնագրում: Նշենք դրանցից մի քանիսը. օրինակ` համաձայնագրի հենց առաջին հոդվածում նշվում է` «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնությունների և թույլտվությունների, ստացման անհրաժեշտության, այդ թվում` հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»:

Բայց միայն այս դրույթը չէ, որ ոչ իշխանական պատգամավորների բուռն ու հուզական ելույթների պատճառ էր դարձել: Համաձայնագրի 7-րդ հոդվածի առաջին երկու պարբերություններով էլ սահմանվում է. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված` «Գազպրոմ» ԲԲԸ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների առանց Ռուսական կողմի նախնական համաձայնության: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ընկերության, «ՀայՌուսգազարդ» ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և /կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում)»:

«Հարուստները նույնպես լաց են լինում»

Այս պայմանագրերի քննարկումները մի հետաքրքիր դրսևորում էլ ունեցան: ԱԺ-ում դրանց վերաբերյալ իրենց «մտահոգությունները» հայտնեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները: Հակոբ Հակոբյանը համաձայնագրի քննարկումների ժամանակ ընդգծեց, որ չի ցանկանում քննարկել` արդյոք Հայաստանի կառավարության գործողությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը կամ օրենսդրությանը: «Եթե կա պարտք, ապա պետք է վճարել: Գործարքը լավը կլիներ, եթե հաջողվեր պահպանել Հայաստանի սեփականությունը, քանի որ դա թույլ կտար գումար վաճառել: Եթե գործարքը պարտադրված էր, այլ հարց է: Եթե այդպես է, եկեք չքննարկենք, ուղղակի ստորագրենք»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Մանվել Բադեյանը, կառավարությանը մեղադրեց խախտումների մեջ. «Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը», 2011-ից սկսած, գազն ավելի թանկ գնով է գնել, սակայն բնակչությունը նախկին գներով էր ստանում: Ստացվում է, որ ընկերությունն ի վնաս իրեն է աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ եկամտահա՞րկ է վճարել: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- նշեց նա: Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ուրախ եմ, որ անգամ իշխանական պատգամավորներն են դա խոստովանում: Սակայն մենք` պատգամավորներս, պայմանագրում որևէ բան չենք կարողանա փոխել»:

«Դեմ ըլլալով` կողմ կըլլան»

Ընդդիմությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կողմից արտոնված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչև 2043 թ. Հայաստանն ամբողջությամբ կախված է լինելու «Գազպրոմից»` նոր օրենքներ ընդունելու կամ պայմանագրում փոփոխություններ մտցնելու իրավունք չունենալով:

Նշենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչեցին նաև հակառակ տեսակետներ: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ: Կպատասխանեմ հետևյալ կերպ` լա՞վ է, թե՞ վատ, որ Հայաստանի համար գազի գինը 270 դոլարից կնվազի 189 դոլարի` 500 դոլարի այլընտրանքի պարագայում: Բացի այդ, դեռ պետք է 300 միլիոն դոլար վճարե՞նք գազի պարտքի դիմաց: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների շահերը, նաև` հետագա սերունդների: Պետք է մտածել ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին»:

Կարծես հենց իր գործընկերոջ տեսակետի հերքումը եղան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի` բավական ուշագրավ հայտարարությունները: Նա նախ նշեց, որ պայմանագրով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ իրավունքներ ունի «Հայ Ռուսգազարդի» հետ հարաբերություններում:

Այնուհետև Հարությունյանը ԱԺ ամբիոնից հիմնավորեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը կարող է, օրինակ, վաճառվել ադրբեջանական ընկերության: Այս մեկնաբանության համար հիմք էին հանդիսացել համաձայնագրի հետևյալ պարբերություններում ներկայացված դրույթները. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`«Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին` հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում, նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն`առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված`հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»:

Սակայն քվեարկության ժամանակ Դավիթ Հարությունյանն էլ, ինչպես և մտահոգություն հայտնած մյուս հանրապետականները, կողմ քվեարկեց «մտահոգիչ» համաձայնագրի վավերացմանը:

Մի խոսքով, բավականին լարված ու զավեշտալի մթնոլորտում անցկացվեց համաձայնագրերի քվեարկությունը: Թեկուզ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտեցին քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը «կոնֆիսկացրեց» որոշ ՀՀԿ-ական պատգամավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը, հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներն էլ չմասնակցեցին ու չհաստատեցին քվեարկության արդյունքները, դրսում ակտիվիստները բողոքի ցույց անցկացրեցին, ԱԺ-ում էլ` լրագրողները, ՀՀԿ-ն «ձեռքերը վեր» քվեարկեց, հետո էլ հայտարարեց, թե 72 կողմ քվեարկածների շնորհիվ համաձայնագրերը վավերացվել են:

Ընդդիմությունը չի ընդունում այս քվեարկությունը` այն համարելով անօրինական, քանի որ հաշվիչ հանձնաժողովը ոչինչ չի արձանագրել: Փաստորեն, դեռ պարզ չէ, թե ինչ հետագա զարգացումներ կլինեն այս հարցի շուրջ, քանի որ չորս խմբակցությունները դեռ կդիմեն ՍԴ, ակտիվիստները մտադիր չեն նահանջել, իսկ բողոքի ցույց անցկացնողներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: