Հայերեն   English   Русский  

Սոցիալական արդարության մասին խոսելիս ՊՆ-ն երբեք չի անդրադառնում բանակում զավակներին կորցրած մայրերի անարդար դատավարություններին. Հ. Խառատյան


  
դիտումներ: 4633

Սկզբունքորեն ապացուցված է, որ մասնագիտական անընդհատ կրթությունն ավելի արդյունավետ է:

Այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությանը և տարկետման իրավունքի վերացմանը:

Նա չբացառեց, որ կրթության ընդհատումից հետո մարդը կարող է վերադառնալ գիտությանը և կարող է լավ արդյունքներ ունենալ:

Հրանուշ Խառատյանն օրենքը դիտարկում է նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» գաղափարի հենքի վրա: Ըստ նրա՝ այս օրենքի անհրաժեշտությունը, անկախ ամեն ինչից, վաղուց կար: Այն առաջին հերթին կարգավորում է զինապարտ, զինծառայող, վարչական մարմիններ և այլ հարաբերություններ: Կային շատ բաթողումներ որոնք իրավական խնդիրների էին հանգեցնում:

«Սակայն եթե գլոբալ նայենք, «Ազգ-բանակ» ծրագիրը մեր կյանքը ամբողջովին վերակառուցում է դեպի ռազմական կյանք: Ամեն ինչ պետք է ծառայի բանակին: Կարտոֆիլը պետք է ցանել բանակին վաճառելու համար: Եթե բանակը չի գնի, ապա կարտոֆիլ ցանել պետք չէ »:

Տիկին Խառատյանը բացասական է գնահատում այն գաղափարը, որ զինվորը բանակում պետք է լրացուցիչ կրթություն ստանա.«Զինվորը, որ այսօր գնում է բանակ, պետք է լրացուցիչ կրթություն ստանա, բանակը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի՝ այդ կրթությունն ապահովելու համար: Դա նշանակում է՝ անվերապահ ընդունել, որ Հայաստանի հանրային կրթությունը, դպրոցը պետք է շարունակ անգրագետ հասարակություն արտադրի մեզ համար, այդ արտադրանքն այդպես անգրագետ պետք է գնա բանակ, և բանակը պետք է զբաղվի նրանց կրթությամբ: Իսկ հասարակության մնացած հատվածն այդպես անգրագետ էլ պետք է մնա: Ես գուցե մի քիչ շահարկելով եմ սա ասում, բայց, ի վերջո, ծրագիրը հանգում է դրան: Կրթության և գիտության միջոցների նվազեցման տրամաբանությունը բերում է նրան, որ կյանքի կառուցվածքում ամեն ինչ պետք է անել բանակին սպասարկելու համար, և սա է մեր նախարարի «Ազգ-բանակ»-ը»,- ասաց ազգագրագետը:

Նա ընդգծեց, որ երբևէ չքննարկվեց «Ազգ-բանակ» գաղափարը այլ հարթություն տեղափոխելը, օրինակ, ամբողջ հասարակության մարտունակության բարձրացումը: Չի խոսվում բուհերում ռազմական պատրաստության մեջ աղջիկների ներգրավման մասին:

«Մի՞թե ռազմական գիտելիք ձեռք բերելն անպայման 2 տարվա զորանոցային ծառայությունն է: Ռազմական գիտելիքի ուսուցման տարբերակներ շատ կան: Այդ տարբերակների մեջ կա թե տևականը, թե զուգահեռը, թե պարաբերական անդրադարձը և այլն: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ընտրության հնարավորություններն ավելի քիչ են, քան այլ երկրներում: Ինչո՞ւ են մարդիկ այսքան խուսափում բանակում ծառայելուց: Պատերազմը, ի վերջո, քաղաքացիական բնակչության համար է վտանգավոր: Բանակն իր ներսում չի կարգավորվում, իր ներսում պահում է բազմաթիվ արատավոր երևույթներ: Թեև նախարարն ասում է, որ բանակն է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարը, հասարակության արժեհամակարգը բանակում պետք է ձևավորվի…»,- ասաց նա:

Հրանուշ Խառատյանը նկատեց՝ մինչև հիմա Պաշտպանության նախարարությունը սոցիալական արդարության մասին բարձրաձայն խոսելիս երբեք չի անդրադառնում նախագահի դռները մաշող ՝ բանակում զավակներին կորցրած մայրերի՝ անարդար ձևով անցկացված դատավարությունների խնդրին. « Գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվող գաղափարների հետևում, ի վերջո, թվի խնդիր է: Ինչո՞ւ մենք չենք քննարկում ռազմական գիտելիքի մատուցման և ստեղծման ալտերնատիվ ձևերը, ինչո՞ւ մեր հասարակության մեջ «մարտունակություն» բառը բացառապես կապվում է բանակի հետ: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում. մարտունակ հասարակությո՞ւն, թե՞ տիրան բանակ, որտեղ մանվելգրիգորյանների միջոցով պարտադրվում է սպայի չեղած արժանապատվությունը զոռով հասարակության մեջ ներդնելու խնդիրը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: