Հայաստանում լացելը կարգելվի օրենքով
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բյուջեի նախագծով 2018թ. աշխատավարձի, կենսաթոշակի և նպաստի բարձրացում չի նախատեսվում, փոխարենը պետական համակարգից կրճատվելու է 5564 աշխատող՝ մեծ մասը առողջապահության և կրթության ոլորտներից: Մոտ 700 աշխատող էլ կկրճատվի պետական ապարատից: Այս կրճատումների միջոցով կառավարությունը նախատեսում է տնտեսել մոտ 4 մլրդ դրամ»:
Պատկերացնու՞մ եք, թե կառավարությունն ինչքան կտնտեսի պետական բյուջեյից՝ վերացնելով թոշակները, հանրային կրթությունն առհասարակ (կրթության ցանկություն ունեցող մարդը թող վճարի), անվճար առողջապահական ծառայությունները, գիտության դեռևս առկա պետական կենտրոնները (ով ուզում է գիտությամբ զբաղվել՝ թող վճարի), պետական բյուջեից աշխատավարձ վճարվի միայն վարչարարներին, այդ թվում՝ կենսաթոշակային ծառայությունների, կրթության և առողջապահության կազմակերպիչներին...Բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն, հիանա~լի երկրի կդառնանք, պարտք ու պահանջ կվերանա... Իսկ որոշ ժամանակից հետո, երբ այդ միջոցներն էլ "կտնօրիվեն", նոր հարկ կմտցվի՝ Հայաստանում ապրելու, քայլելու, շնչելու, ուտելու, ծիծաղելու... համար: Լացելու հարկ չի մտցվի, լացելը կարգելվի օրենքով: Լացելու համար կտուգանեն՝ որպես բյուջեն լցնելու ևս մի միջոց: Ինչու՞ չէ, ասում են Հյուսիասային Կորեայում ուրախանալն արգելվել է օրենքով: Ավելի հումանիստական է օրենքով արգելել լացելը»,-գրում է Խառատյանը: