Հայերեն   English   Русский  

​Բիզնես, որ ժպիտներ է «վաճառում». gayluk.am-ին արդեն հազարավոր մարդիկ գիտեն


  
դիտումներ: 8844

«Իմ անունը Գայլուկ է և ես ուրախ եմ Ձեզ տեսնել այս կայքում:

Ես կազմակերպում եմ հարսանեկան, ծննդյան, նշանադրության, ատամհատիկի և երեխային ծննդատնից դուրս գրելու միջոցառումներ: Ես վաճառում եմ ժպիտներ: Այնպես որ՝ շտապիր գնել ժպիտներ, և ես մեծ սիրով Ձեր ժպիտները կառաքեմ Հայաստանի ցանկացած վայր»,- այս խոսքերով է ողջունում այցելուներին gayluk.am կայքը ու կարծես ստիպում հենց առաջին իսկ վայրկյաններից ժպտալ լրիվ անվճար:

gayluk.am-ի հիմնադիր Արսեն Սիմոնյանն էլ «Անկախին» ասում է՝ ճիշտ է, իրենք կազմակերպում ու անցկացնում են նաև մեծահասակների համար միջոցառումներ՝ հարսանեկան արարողություններ, նշանդրեք և այլն, բայց շեշտը դրված է երեխաների վրա, կազմակերպում և անցկացնում են երեխաների ծննդյան, ատամհատիկի, կնունքի ու ցանկացած այլ նշանավոր առիթի համար միջոցառումներ: Մինչև երեխաների համար միջոցառումներն իսկական տոնի չվերածեն, մինչև այս ոլորտը 100 տոկոսով չմարսեն, առաջ չեն անցնելու:

Արդեն 3 տարի է, ինչ գործում է gayluk.am-ը: Նրա հիմնադիր Արսեն Սիմոնյանը մինչ այդ էլ երկար ժամանակ զբաղվում էր մանուկների համար միջոցառումների կազմակերպմամբ, մասնակցում էր մուլտհերոսների, տարբեր հեքիաթային կերպարների դեր խաղալով ու ժպիտներ պարգևելով մանուկներին: Իսկ երեք տարի առաջ, ինչպես պատմեց մեզ, հասկանում է, որ կարող է ամեն ինչ ինքնուրույն էլ անել:

«Ես ինքս աշխատում էի այդ ոլորտում ու հասկացա, որ իմ գործատուն փող է աշխատում իմ միջոցով, ինչը կարող եմ նաև ես անել: Ես ուսանող էի, դասերին զուգահեռ գնում էի իրենց մոտ աշխատանքի ու հագնում էի կերպարի շորեր, զվարճացնում երեխաներին՝ մեկ ժամը 1500 դրամով: Հասկացա, որ կարող եմ ավելի շատ գումար աշխատել, որոշեցի ինքս այդ գործը ստեղծել: Ամեն ինչ շատ հետաքրքիր եղավ, պարզապես list.am-ում տեղադրեցի հայտարարություն, ու քանի որ ծանոթներ ունեի, ծաղրածուներին ասում էի՝ ձեզ տալիս են իքս գումար, եկեք իքս գումարած հազար դրամ ձեզ տամ, մարդկանց ավելի քիչ գումարով ծառայություն առաջարկեմ, ավելի ճանաչելի դառնանք, ու կամաց-կամաց պատվերները կգան: Եվ այդ պատվերները եկան»,- «Անկախին» պատմեց Արսեն Սիմոնյանը:

2015 թվականի նոյեմբերին էր, երբ նա որոշեց ինքնուրույն զբաղվել նախկին գործով՝ ստեղծելով սեփական բիզնեսը, իսկ արդեն դեկտեմբերին Ձմեռ պապի հանդերձանք կարեց 35 հազար դրամով: Հիմա ճիշտ է, այդ հագուստը հաստատ չի օգտագործի, բայց հենց առաջին տարում դա նրան բերեց 120 հազար դրամ եկամուտ, ինչը gayluk.am-ի հիմնադիրը ներդրեց իր նորաստեղծ բիզնեսում, ևս երկու-երեք կերպարներ ստեղծեց:

Սկզբում Արսեն Սիմոնյանն ամեն ինչ միայնակ էր անում՝ կազմակերպչական աշխատանքը, բուն հանդիսությունների անցկացումը: Նշում է, որ շատ դժվար էր՝ մեքենա չուներ, անհրաժեշտ տեխնիկա չուներ, տարբեր կերպարների հանդերձանք ու այլ անհրաժեշտ պարագաներ չուներ, ամենակարևորը՝ չուներ այն ճանաչումն ու «անունը» այս ոլորտում, որ ունի հիմա:

«Ու այդ ամենի վրա ես պետք է աշխատեի, մարդկանց պետք է ցույց տայի իմ պրոդուկտը, որովհետև իմ թիկունքում ինչ-որ բան չունեի, ու հաճախ լինում էր, որ միջոցառումից 1000 դրամ էի ստանում կամ նույնիսկ չէի ստանում որևէ եկամուտ 5-6 ժամվա մեջ, բայց դա անում էի, որպեսզի իմ պրոդուկտը մարդկանց համար տեսանելի ու ճանաչելի դարձնեի: Իսկ հիմա ինձ համար շատ ավելի հեշտ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիմա gayluk.am-ի թիմն արդեն բավականին մեծ է: Արդեն վարորդներ էլ կան, ունեն 6 խաղավար, իսկ մուլտհերոսները 15 հոգուց ավելի են: Ու եթե իր այս բիզնեսը սկսելիս ամսական 2-3 հաճախորդ էին ունենում, ապա հիմա օրական նվազագույնը երեք պատվեր են ստանում: Հատկանշական է, որ այս բիզնեսը սկսելու համար Արսեն Սիմոնյանը որևէ ֆինանսական կամ նյութական ներդրում չի արել, ներդրել է միայն, իր խոսքով, անձնական ակտիվները՝ էներգիան ու ժամանակը: Իսկ ներկայումս gayluk.am-ի տարեկան շրջանառությունը հասնում է մոտ 15 միլիոն դրամի:

«Ես սկզբում ներդրումներ չէի արել, այսինքն՝ կորցնելու բան չունեի, որ ինչ-որ բանից էլ վախենայի: Ուղղակի փորձեցի, որ տեսնեմ՝ կստացվի՞ ինչ-որ բան, թե՞ ոչ: Հիշում եմ՝ երբ մեքենա ձեռք բերեցի, ընդամենը 25 հազար դրամ արժեցավ ինձ համար, որ մեքենայիս 4 կողմերին տիպեր կպցնեմ իմ գովազդով, ու երբ գովազդս կպցրեցի, արդեն հաջորդ օրը մի հաճախորդ զանգեց ու ասաց, որ ավտոմեքենայի վրա տեսել է գովազդը, մտել է կայք ու այդպես ծառայություն է պատվիրում: Այդ օրը 15 հազար դրամ միայն մնաց, որովհետև գնացել էի քաղաքից դուրս, ու շատ ուրախ էի, ասում էի՝ 25 հազար դրամ ներդրում արեցի, ընդամենը 3 օրում 15 հազարն արդեն հետ եկավ: Մի խոսքով, ինձ ոչ մի խնդիր չէր խանգարում իմ գործը սկսելու համար»,- պատմեց gayluk.am-ի հիմնադիրը՝ ավելացնելով, որ միշտ էլ հաջողություն կունենաս, բայց դրա համար պետք է սրտացավությամբ մոտենաս գործիդ, ամեն ինչին ու առաջին հերթին՝ հաճախորդին, երբեք չխաբես, ավելին՝ պետք է մարդկանց խոստանաս ինչ-որ բան, բայց տաս ավելին, քան խոստացել ես:

gayluk.am

Միաժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ երբ բիզնեսը սկսելուց ինչ-որ ժամանակ հետո պատմում ես դրա մասին՝ ամեն ինչ հեշտ, հանգիստ, նույնիսկ ռոմանտիկ է հնչում: Բայց լսողը պետք է պատկերացնի, որ իրականում ամեն ինչ շատ դժվար է եղել, ահռելի էներգիա, ժամանակ, ջանք ու եռանդ է ծախսվել: Նա շեշտում է, որ առհասարակ նոր բիզնես-նախագիծ ստեղծողը պետք է միշտ պատրաստ լինի, որ սկզբում գուցեև մի քանի օր չքնի, տանջվի, ստիպված լինի ահռելի մեծ թվով հարցեր լուծել, խնդիրներ հաղթահարել, ամբողջ ժամանակը, եռանդը, էներգիան, մտքերն ու պատկերացումները նվիրել բիզնեսին, ինչպես երեխայիդ համար կանեիր:

«Այդ ընթացքում, երբ արդեն որոշել էի ներդրումներ անել, IDEA հիմնադրամում պահակություն էի անում, 24 ժամ աշխատում էի, հետո 3 օր ազատ էի ու նորից աշխատում էի, վարորդ էի աշխատում, ընթացքում էլ բուկլետներ, գովազդային նյութեր էի բաժանում, ու ստացածս գումարներն էլ ներդնում էի իմ գործի մեջ՝ կերպարներ կարելու, գովազդային նյութերի պատրաստման, այցեքարտեր տպելու, տեխնիկա գնելու համար, և այդպես շարունակ: Ես դեռ ընտանիք չունեմ, բայց իմ բիզնեսին վերաբերվում եմ ինչպես սեփական երեխայի, այսինքն՝ նրա վրա անընդհատ ներդրում եմ անում՝ զարգացնում եմ այն, աճեցնում: Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ մարդու ամենակարևոր ներդրումը սեփական երեխաների վրա արված ներդրումներն են, երբ մարդը պահում-խնամում է իր երեխային, նրան տալիս է կրթություն, դաստիարակում է, մեծացնում է, իսկ հետո իր երեխան պահում է իրեն: Նույնն էլ բիզնեսն է, պետք է հոգատարությամբ վերաբերվես, սիրես քո բիզնեսն անպայման ու սիրես այն մարդկանց, ովքեր առնչվում են քո բիզնեսին, հաճախորդներին պետք է անպայման սիրես: Ու չեմ կարծում, որ լինի մի բիզնես, որտեղ հաճախորդն իրեն սիրված զգա ու այդ բիզնեսն ինչ-որ արդյունք չունենա»,- վստահ է Արսեն Սիմոնյանը:

Հետաքրքիր է, թե ով կուզի այսպիսի «տառապանքների» մեջ մտնել, եթե կարելի է պարզապես անցնել վարձու աշխատանքի, առանց ավելորդ սթրեսների ու խնդիրների ստանալ աշխատավարձ ու հանգիստ ապրել: Այս առումով Արսեն Սիմոնյանն ասում է. «Սկզբում շատ ես աշխատում, ամեն ինչ տալիս ես գործիդ, իսկ երբ բիզնեսը ոտքի է կանգնում, ձեռք ես բերում անկախություն: Օրինակ՝ արդեն կարիք չունես տնօրենին հարցնելու՝ կարելի՞ է ուշանալ աշխատանքից, թե՞ ոչ, եթե ցանկություն չունես աշխատելու, ինչ-որ մեկին բացատրություն տալու կարիք չունես: Էլ չասած արձակուրդ գնալու մասին: Հաջողակ բիզնես ունեցող մարդն ինքն է դառնում որոշում կայացնող: Իսկ այդ ազատությունը՝ որոշում կայացնելու ծարավը, շատ կարևոր է մարդու համար»,- ասում է Արսեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ իրեն ծանոթ որևէ բիզնեսմեն երբեք չի բողոքել ու դժգոհել երկրից, պետությունից, իշխանությունից, իրավիճակից և այլն: Միգուցե նա գիտակցում է, որ այլ հավասար պայմաններում իր հնարավորություններն ու որակներն ավելի լավ կարող էր իրացնել, շեշտում է Արսեն Սիմոնյանը, բայց միշտ հաշվի է առնում առկա՝ օբյեկտիվ իրականությունն ու իր ամբողջ ռեսուրսը՝ հնարավորություններն ու կարողությունները փորձում իրացնել հենց այդ առկա իրողությունների պայմաններում: Իսկական բիզնեսմենի համար, ըստ մեր զրուցակցի, բացի իրենից, այլ «մեղավորներ» չկան: Բիզնեսմենն ինքն է ստանձնում պատասխանատվություն թե՛ իր գործի, թե՛ իր կարգավիճակի, թե՛ իր կյանքի համար ու առաջ է շարժվում՝ ձախողումների վրա սովորելով ու կայանալով, այդպես կերտելով իր հաջողությունը:

«Իսկական բիզնեսմենը միշտ կարդում է ու կատարելագործվում, միշտ զբաղվում է ինքնակրթությամբ,- ասում է gayluk.am-ի հիմնադիրը,- նա ամեն ամիս պետք է իր մեջ ինչ-որ աճ ունենա: Բացի այդ, տրամաբանությունը շատ կարևոր է բիզնեսի մեջ՝ «քթածակն» ու ինչ-որ պահերի ճիշտ կողմնորոշվելը: Պիտի մարդամոտ լինես, կարողանաս բոլորի հետ շփվել, միշտ նորանոր կապեր հաստատել, ինչը հատկապես Հայաստանում շատ կարևոր է»:

Նրա համոզմամբ՝ հաջողակ բիզնես ստեղծելու և հաջողությունների հասնելու համար պետք է ճիշտ աշխատել ու ճիշտ կողմնորոշվել, բայց միշտ հիշել՝ պետք է մարդկանց տալ ու առաջարկել բաներ, ինչը նրանց համար էական կլինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: