Հայերեն   English   Русский  

​Կքանդվի՞, արդյոք, «Հիդրոապարատի» կոռուպցիոն կծիկը


  
դիտումներ: 2586

Անկախությունից հետո մեր երկրում ամենացավոտ հարցերից մեկը, որի լուծումն այդպես էլ չի գտնվում, խորհրդային ժամանակաշրջանից մնացած գործարանների ճակատագիրն է:

Ժամանակին մեծ պոտենցիալ ու հզոր արտադրանք ունեցող հսկաներն այսօր հայտնվել են խղճուկ ու անօգնական վիճակում և կամաց-կամաց վերածվում են կմախքների: Շատերի դեպքում այդ գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, բացահայտ կեղծիքներով ու թալանով:

Նման մի գործարանի ճակատագրի համար 10 տարուց ավելի պայքարում են նույն գործարանի արդեն նախկին աշխատակից երկու կանայք, որոնք միաժամանակ հանդիսանում են գործարանի բաժնետեր: Նելլի Հակոբջանյանը գործարանում աշխատել է 1982 թվականից և եղել է կադրերի բաժնի պետը, իսկ Շուշան Գրիգորյանը, որ գործարանում աշխատել է 1985 թվականից, եղել է լաբորատորիայի վարիչ: 2013 թ. նրանց ստիպել են աշխատանքից ազատվել: Երկուսն էլ քիմիկոս են և ասում են, որ իրենց կյանքի նպատակն է քանդել գործարանի կոռուպցիոն կծիկը, բացահայտել կատարված հանցագործությունները և, վերջիվերջո, եթե գործարանը վերջնականապես քանդվում է, գոնե իրենց հասանելիք փոխհատուցումը ստանալ:

Ջրվեժի Բանավան թաղամասում գտնվող և ժամանակին 15 հա տարածք զբաղեցնող գործարանը, որը խորհրդային տարիներին բեռնիչների մասեր է արտադրել, անկախությունից հետո սեփականաշնորհվել է, իսկ գործարանի հիման վրա 1994 թ. ստեղծվել է «Հիդրոապարատ» ԲԲԸ-ն: Այդ ժամանակ ընկերության 65 տոկոս բաժնեմասը պատկանել է պետությանը, մնացածը՝ գործարանի աշխատողներին: Սակայն 1998-ին պետությունն իր բաժնեմասն օտարել է ԱՄՖ ՍՊԸ-ին 100 միլիոն ՀՀ դրամով: Վերջինս պարտավորվել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, ստեղծել 206 աշխատատեղ և այլն: Ներդրումը չի կատարվել, փոխարենն անձնական պարտքերի դիմաց ԱՄՖ ՍՊԸ-ն ընկերության ամբողջ գույքը՝ շենք-շինություններ, թանկարժեք հաստոցներ, մեքենա-սարքավորումներ և այլն, գրավադրել է «Հայգազարդ» պետական ՓԲԸ-ում: «Փաստորեն պետական գույքը գրավադրել են պետական ձեռնարկությունում՝ ոտնահարելով մեր և պետության իրավունքները»,-ասում է տիկին Հակոբջանյանը:

Սակայն սա այս պատմության ամբողջ խառնաշփոթի ու կեղծիքների ընդամենը մի փոքր դրվագն է: 2004 թվականից պետական բաժնեմասն ամբողջությամբ անցել է «Հայգազարդին»: Այս ողջ գործընթացում առանցքային դերակատար է եղել «Հիդրոապարատի» տնօրեն Մ. Աշուղյանը, որը, լինելով ընդամենը մի քանի ամսվա աշխատող, ըստ Հակոբջանյանի, 1994-ին կարողացավ ձեռք գցել ավելի մեծ բաժնեմաս, քան իրենք: «Տնօրենը կեղծեց ապապետականացման ողջ գործընթացը, թալանեց գործարանը և փայ մտավ գործարքների մեջ՝ խախտելով ՀՀ կառավարության որոշումների ժամկետները: 15 հա տարածք ունեցող գործարանից այսօր մնացել է 7 հա»:

Քանի որ ԱՄՖ ՍՊԸ-ն չէր կատարել իր պարտավորությունները, 2012 թ. պետությունը որոշում է իր բաժնեմասը ընկերությունից վերցնել և աճուրդով վաճառել: Գնորդն ընդամենը 19 օրում ստեղծված «Մոնդո-դի-մոբիլ» ՍՊԸ-ն էր, որը, ըստ Հակոբջանյանի, մինչ օրս հասցե չունի: Այսինքն՝ ակնհայտ է, որ ընկերությունը ստեղծվել է հենց այդ գործարքի նպատակով:

Համաձայն աճուրդի պայմանագրի՝ «Մոնդո-դի-մոբիլ» ՍՊԸ-ն պարտավոր էր 5 տարվա ընթացքում 5 միլիոն եվրոյի ներդրում կատարել: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին, սակայն ներդրումներ այդպես էլ չեն կատարվել: Փոխարենը «Մոնդո-դի-մոբիլը» գործարանի անունից շուրջ 70 միլիոն ՀՀ դրամի երկարաժամկետ վարկ է վերցրել՝ ավելացնելով չաշխատող գործարանի պարտքերը: «Մեր գործարանում երբեք ներդրում չի եղել, եղել է ներդրման իմիտացիա,- ասում է Հակոբջանյանը,- բայց չէ՞ որ պետական մասնաբաժինը պետությունն օտարում է միայն ներդրման պայմանով: Ինչո՞ւ հիմա պետությունը հետամուտ չէ այս ամենին»:

2014 թ. նախկին տնօրենի փոխարեն նոր տնօրեն է նշանակվել, սակայն այս դեպքում ևս գործընթացը տեղի է ունեցել աղաղակող կեղծարարությամբ. «Նշանակվեց այլ տնօրեն՝ առանց պետական գույքի ընդունման-հանձնման ակտի: Փաստորեն թալանչի տնօրենը գնաց «վաստակավոր հանգստի»՝ առանց որևէ պատասխանատվության»:

Հիդրոապարատ

Ի դեպ, ի թիվս բազմաթիվ յուղոտ գործարքների, որոնք նախկին տնօրենը կատարել է գործարանի տարածքներն օտարելու հաշվին, 13 հազար քմ տարածք էլ օտարվել է Հերմինե Նաղդալյանի դստերը՝ Ռոզա Աբաջյանին: Նելլի Հակոբջանյանն ու Շուշան Գրիգորյանն ասում են, որ այդ տարածքում այժմ բազալտի արտադրամաս է, ինչպես նաև իրանական մեծ բեռնատարների համար գործող ավտոկայանատեղի: Հավանաբար Նաղդալյանն այդ տարածքը ձեռք է բերել կոպեկներով և այժմ մեծ գումարներ է աշխատում:

«Մեր ընկերությունը՝ «Հիդրոապարատը», փրկելու համար դեռ 2007 թվականից տարբեր գործողություններ ենք իրականացրել,- պատմում են կանայք,- նախ որոշեցինք 25 տոկոս բաժնետերերով առանձնանալ, բայց նախկին տնօրենը խոչընդոտեց, որովհետև այդ դեպքում ի հայտ կգային իր բոլոր արարքները: Դիմեցինք դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար, գործ չհարուցվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, ինչն ուղղակի ծիծաղելի է: Ի վերջո, դիմեցինք ՄԻԵԴ, այժմ գործն այնտեղ ընթացքի մեջ է»:

«Մոնդո-դի-մոբիլն» այս պահին արդեն «Հիդրոապարատի» շուրջ 90 տոկոսի բաժնետերն է: Իրեն պատկանող 65 տոկոսից բացի, գնել է նաև նախկին աշխատակիցների շուրջ 25 տոկոսը, մնացած 10 տոկոսն է միայն մնացել գործարանի նախկին աշխատակիցներին (շուրջ 100 հոգու, այդ թվում՝ Նելլի Հակոբջանյանին ու Շուշան Գրիգորյանին): Վերջիններիս ամենից շատ մտահոգում է պետության անտարբերությունն իր իսկ գույքի, իր իսկ պայմանագրերի ու իր հանդեպ առկա պարտավորությունների նկատմամբ, որոնք անտեսում է «Մոնդո-դի-մոբիլը»: «Երբ 2015 թվականին դիմեցինք Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, մեր նամակը հասցեագրվեց պետգույքի կոմիտե, որտեղից էլ մեզ պատասխանեցին, որ 2003 թվականից գործարանի գույքը պետական չէ, քանի որ իբրև թե նախկին սեփականատերը՝ ԱՄՖ ՍՊԸ-ն, ներդրումներ է կատարել: Բայց ոչ մի ներդրում էլ չի կատարվել: Մեր հաշվեկշռի վրա պարզապես նկարել են ներդրում, որի ապացույցները մենք ունենք: Հիմա արդեն հասկանալի է վերջին սցենարը. նոր սեփականատիրոջը՝ «Մոնդո-դի-մոբիլին», որը նույնպես ներդրումներ չի կատարել, կտանեն սնանկության, գործարանը կպահեն ստվերի մեջ և կկատարեն հերթական կեղտոտ գործարքը: Ի դեպ, 2010-ին մեկ անգամ արդեն փրկել ենք գործարանը սնանկության ապօրինի գործընթացից, որը կազմակերպել էին նախկին տնօրենը և սեփականատերը»:

Երկար տարիներ այդ գործարանում աշխատած կանայք համոզված են, որ այսօր էլ հնարավոր է գործարանը ծառայեցնել պետությանը. հիշեցնում են, որ Արցախյան պատերազմի տարիներին այնտեղ զենքի արտադրություն են հիմնել և զենք արտադրել պատերազմի համար: «Հիմա էլ ուշ չէ, կարող են գործարանը տալ ՊՆ-ին, թող ռազմարդյունաբերական համալիրը զարգացնեն: Իսկ եթե պետությունն առհասարակ հրաժարվում է իր գույքից, ապա թող բարի լինի մեր հասանելիքը տա մեզ, ապօրինի հարստացածներին էլ ենթարկի պատասխանատվության»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: