Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտպանության նախարարը չի բացառել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը


  
դիտումներ: 593

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին չի բացառել մոտ ժամանակներս սիրիական Աֆրինում գործողության անցկացման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթի կայքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 2-ին հայտարարել է, որ Աֆրինն Անկարայի համար շատ կարևոր շրջան է, քանի որ «այդ տարածքից անընդմեջ սպառնում են հանրապետության ազգային անվտանգությանը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհարաժեշտության դեպքում Աֆրինում գործողություն ծավալել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) դեմ:

Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը, ըստ Անկարայի, կապեր ունի երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ: Վերջին ամիսներին լրատվական միջոցները հայտնել են Թուրքիայի հարավում գտնվող Հաթայի նահանգում՝ սիրիական Աֆրին շրջանի սահմանին, թուրքական ռազմական տեխնիկայի և զորքերի տեղակայման մասին:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: