Հայերեն   English   Русский  

ՀՀ-ն միակ երկիրն է, որը կարող է օգնել Իրանին կառուցել տնտեսական հարաբերություններ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ. իրանագետ


  
դիտումներ: 619

Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պետք է արտացոլվի նաև տնտեսական բնագավառներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրավերով Երևանում էր գտնվում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Զարիֆը: Նրան ուղեկցում էր գործարարներից և պատվիրակների բաղկացած խումբ: Երևանյան այցի ընթացքում Զարիֆը հանդիպումներ ունեցավ ՀՀ իր գործընկերոջ, նախագահի և վարչապետի հետ:

Երեկ տեղի ունեցած հանդիպումներին անդրադառնալով՝ իրանագետն առանձնացրեց 3 կարևոր կետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Սա շատ կարևոր ուղերձ կարելի է համարել:

Երկորդ՝Զարիֆը հայտարարեց, որ Հայաստանն Իրանի համար լավ հարևան է և լավ բարեկամ.« Պաշտոնական հանդիպումների ժամանակ հաճախ չի լինում, երբ Հայաստանը համարվում է լավ բարեկամ: Սա ուղերձ էր նաև Ադրբեջանին, որը բազմիցս փորձում է ճնշումներ գործադրել Իրանի վրա՝ կապված ԼՂ հակամարտության հետ ՝ շեշտելով շիականության գործոնը, որը միավորում է երկու երկրներին»:

Երրորդը կապված է Զարիֆի այն հայտարարության հետ, թե Իրանը գնահատում է ՀՀ ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ.«Սա ևս չափազանց կարևոր էր, քանի որ հասցեական էր: Շեշտվում էր հենց Հայաստանի Հանրապետության անունն այն պարագայում, երբ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ՀՀ-ին ներկայացնել որպես ագրեսոր երկիր: Ադրբեջանի արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Հենց երեկ այդ երկրի խորհրդարանի պատգամավորները հանդես եկան ելույթներով, որոնցում նշեցին՝ իրենց համար զարմանալի և ապշեցնող է Զարիֆի նման հայտարարությունը»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Իրանագետի դիտարկմամբ՝ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վերջին 25 տարիների ընթացքում դինամիկ կորպով զարգացել են:

«Ժամանակն է, որ այս դինամիկ զարգացումը տեղափոխվի նաև տնտեսական հարաբերությունների դաշտ: Այս մտահոգությունը բարձրաձայնվեց ՀՀ և ԻԻՀ ներկայացուցիչների հայտարարություններում: Այս համատեքստում պատահական չէր, որ Զարիֆին ուղեկցում էին գործարարներ և ներդրողներ: Միաժամանակ երկու կողմում էլ հասկանում են, որ տնտեսությունը պետք է արտացոլի երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- նշեց Արտյոմ Տոնոյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում ՀՀ -Եմ նոր պայմանագրի կնքումից օրեր անց.« Նույնիսկ եթե այցը նախատեսված էր ավելի վաղ, այնուամենայնիվ, ներդրողների և գործարարների ներկայությունը այցի ընթացքում պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Ֆորմալ առումով Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ կարող է առաջարկել Իրանին կառուցել իր տնտեսական և առևտրային հարաբերությունները ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության հետ՝ ՀՀ-ն դիտարկելով որպես կամուրջ: Ստեղծված հնարավորությունը պետք է օգտագործել և իրացնել այն ներուժը, որը առկա է հայ-իրանական հարաբերություններում տնտեսական գծով»,- նշեց իրանագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: