Հայերեն   English   Русский  

​«Պարտադրված առիթն» օգտագործելով …


  
դիտումներ: 3741

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից մեկը վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները փոխելուն:

Համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին 25 տարի ժամանակ է տալիս, որ մեր կոնյակն ու շամպայնն այլևս չվաճառվեն այդ անուններով: «Հայկական կոնյակ» ու «Շամպայն» անվանումով մեր խմիչքները մենք ներկայումս էլ կարողանում ենք վաճառել միայն Հայաստանի ներքին շուկայում ու ԵԱՏՄ շուկաներում, իսկ այլ երկրներում մեր կոնյակը վաճառվում է «Արմենիան բրենդի» անվանումով:

Նախապատմությունը

«Կոնյակ», ինչպես նաև «Շամպայն» բառերը բրենդ են, և ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են Լիսաբոնի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Այս խնդիրը նոր չէ, այն առաջացել է դեռևս 1889 թ., երբ Ֆրանսիան կոնյակն այսպես ասած ֆիքսեց պատմականորեն, ապա ֆրանսիացիները մի քանի անգամ դիմել են ցարական Ռուսաստանին, որը կոնյակ էր արտադրում Երևանում, Թիֆլիսում և այլ քաղաքներում, որպեսզի կոնյակ անունը չօգտագործի: Ռուսաստանը մերժել է Ֆրանսիայի պահանջը: Ֆրանսիան վերջին անգամ կոնյակ բառն օգտագործելն արգելելու համար ԽՍՀՄ-ին դիմել է 1959 թվականին: Ամեն անգամ Ֆրանսիայի դիմումները մերժվել են, և խորհրդային տարիներին սոցիալիստական ճամբարի երկրներում մեր խմիչքները վաճառվում էին «Հայկական կոնյակ» անվանումով: Սկսած 1991 թվականներից արդեն Արևելյան Եվրոպայի երկրներում արգելվեց կիրառել կոնյակ անվանումը, այդ երկրներում վաճառվում էր «Հայկական բրենդի»:

Ըստ էության՝ անվանումների փոփոխությունը մի օր անխուսափելի էր լինելու նաև Հայաստանի համար, և մի օր պիտի պատասխան տայինք միջազգային օրենքներն արհամարհելու համար: ԵՄ-ն պաշտպանում է մտավոր սեփականության իրավունքը, և շամպայն ու կոնյակ անունները ոչ միայն աշխարհագրական, այլև ապրանքանիշի անուններ են, պաշտպանվում են Եվրոպայի սահմաններում ու դրանցից դուրս: Եվ ինչպես նշում են շատ կոնյակագործներ, եթե մենք տարիներ առաջ այդ հարցը լուծեինք, մեր ազգային ապրանքանիշը կունենայինք ու նման պատմությունների մեջ չէինք ընկնի: Այսպիսով 25 տարի հետո շամպայն ու կոնյակ անուններն օգտագորրծելու իրավունքը չեն ունենալու նաև Հայաստանում ու ԵԱՏՄ շուկաներում:

Ի՞նչ անել

Պետք է Հայաստանի ազգային բրենդի, աշխարհում մեր այցեքարտերից մեկը հանդիսացող խմիչքի համար նոր անուն մտածել կամ այն վաճառել «Հայկական բրենդի» անունով:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, սակայն, վստահ է, որ տեղական արտադրողները տուժելու են ռեբրենդինգի հետևանքով. «Ապրանքանիշի անվանափոխությունը կազդի անպայման: Մոլդովան դեռ 1991 թվականից միանգամից հրաժարվել է, 20 տարի է` աշխատում է այդ ուղղությամբ, նոր անուն ունի: Հիմա եթե մենք անուն փոխենք, անճանաչելի է լինելու ապրանքը, հարյուրամյակ պետք կլինի նորից շուկայում հայտնի դառնալու համար»,- ասում է Հարությունյանը:

Իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին քիչ այլ կարծիքի է: Aravot.am-ին Սվիտալսկին ասել է, օրինակ բերելով Մոլդովային և Վրաստանին, որ ռեբրենդինգի հետևանքով Հայաստանը չի տուժի:

«Աբրիկոն» խմիչքի հիմնադիր Կարեն Խաչիկյանը, սակայն, վտանգավոր է համարում «Հայկական կոնյակի» փոխարեն «Հայկական բրենդի» տարբերակին անցնելը:

«Կարտոֆիլից էլ կարելի է բրենդի պատրաստել, գնալով ավելի շատ երկրներում շատ-շատ մարդիկ արդեն բրենդի անունը լսելիս պատկերացնում են, որ դա շատ էժան ու շատ ցածր որակի խմիչք է: Իսկ հայկական կոնյակն այդպիսին չէ, 130 տարուց ավելի այն հայտնի անուն է, մարդիկ սովորել են դրան որպես լավ խմիչքի, ու եթե այսօր միանգամից սկսենք գրել «Հայկական բրենդի», ապա դա բացասական հետևանքներ կունենա»,- վստահեցնում է Կարեն Խաչիկյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կոնյակը պետք է նոր անվանումով ներկայանա աշխարհին, որ յուրահատուկ լինի, և որի անունն արդեն ամեն ինչ ասի, այսինքն՝ նոր բրենդ պետք է մտածել ու առաջ մղել:

«Հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ կարող ենք անել, որ այն ժամանակվանից, երբ արգելվի կոնյակ անունը, կարողանանք մեր կոնյակն ուրիշ՝ կրկին ճանաչելի անունով ներկայացնել: Բայց դրան նախապատրաստվել է պետք այսօրվանից, որպեսզի շուկային սովորեցնենք, որ այսուհետ հայկական կոնյակը լինելու է այս կամ այն անունով: Օրինակ՝ ժամանակին առաջարկում էին, որ հայկական կոնյակի անունը դնենք «նոյակ», «արմենյակ» կամ նման մի այլ բան. առաջարկները բազմաթիվ էին: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի այնպիսի անուն, որը սիրուն հնչի ու հատկապես սիրուն հնչի այն շուկաներում, որոնք թիրախային են հայկական կոնյակի համար: Դրանից հետո պետք է կամաց-կամաց շուկային սովորեցնել, որ հայկական կոնյակի փոխարեն այդ անունով խմիչք փնտրեն: Սկզբում՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում, այդ անունը սկսենք շշերի վրա գրել կոնյակ անվան հետ, հետո այդ անունը սկսենք ավելի մեծ տառերով գրել, կոնյակը՝ ավելի փոքր, ու կամաց-կամաց հրաժարվենք կոնյակ բառից: Բայց այդ ժամանակ մարդկանց մոտ պետք է արդեն ձևավորված լինի նոր անունը՝ սովորած լինեն դրան: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ինչ էլ որ դնենք հայկական կոնյակի անունը, այն պետք է բարձրակարգ լինի ու որակի չափանիշ հանդիսանա»,- վստահ է Կարեն Խաչիկյանը:

Իսկ 25 տարին, ըստ նրա, լավ ժամանակ է, որ Հայաստանը կարողանա «Հայկական կոնյակը» ռեբրենդինգ անել ու որպես նոր՝ զուտ հայկական խմիչք ներկայացնել՝ նոր ապրանքանիշով, այլ ոչ բրենդիով: Առավել ևս, որ երբ ԵՄ-ն համաձայնեց 25 տարի ևս «հանդուրժել» հայկական կոնյակի գործածումը, զուգահեռ խոստացավ նաև աջակցել Հայաստանին կոնյակի ու շամպայնի ռեբրենդինգի և նոր անուններով այդ ապրանքների գովազդի հարցերում, այդ թվում նաև ֆինասնապես: Այսինքն՝ սա «պարտադրված հնարավորություն» է, որը չպետք է կորցնենք, հետո ուշ կլինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: