Նարեկ Աբգարյան. «Ցանկանում եմ նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին»
«Անկախի» հետ զրույցում Նարեկ Աբգարյանը խոսում է իր տպավորությունների, անցնող տարվա ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի և բաղձալի երազանքի մասին:
- Բավական լավ էի նախապատրաստվել հերթական մենամարտին: Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում և Օլիմպավանում ուսումնամարզական հավաքների էինք մասնակցել ազգային հավաքականի հետ, լավ մարզավիճակում էի: Նշեմ, որ պատրաստվածությունը կրկնակի վստահություն է հաղորդում, ինչը հոգեբանորեն շատ է օգնում: Վալենսիա էի մեկնել միայն ու միայն հաղթելու նպատակով: Իսպանիայում ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Բավական հետաքրքիր մենամարտ ստացվեց վրացի Կվիչեյ Գիգոլաշվիլու հետ:
- Նախապես որոշված էր, որ պետք է մենամարտեք էկվադորցի Ջեֆերսոն Վարգասի հետ: Վերջին պահին Ձեր մրցակիցը փոխվեց: Այս առումով խնդիրներ չառաջացա՞ն:
- Այո, մենամարտից 40 առաջ ինձ տեղեկացրել էին, որ մրցակիցս Վարգասն է լինելու: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հրաժարվեց: Ասացին, որ վնասվածք ունի: Գուցե դա միայն պատճառաբանություն էր մենամարտից խուսափելու համար: Միայն վերջում իմացա, որ մրցակիցս վրացի Կվիչեյ Գիգոլաշվիլին է լինելու: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մրցակիցը նախապես է որոշվում, և մարզիկները նախապատրաստվելու հնարավորություն են ստանում: Ուսումնասիրում են հակառակորդի ուժեղ ու թույլ կողմերը` մոտավոր պատկերացում կազմելով մրցակցի մասին: Ես նախապատրաստվելու ժամանակ չունեցա: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նման դեպքեր հաճախ են լինում: Մրցակիցս բավական դիմացկուն էր: Ուրախ եմ, որ ամեն ինչ հաջող ստացվեց:
- Punch boxing promotion ակումբի կազմում են հանդես գալիս նաև Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը. նրանք նույնպես հերթական հաղթանակները տոնեցին:
- Ուրախ եմ տղաների համար և ոգևորված նրանց հաջողություններով: Տարիներ շարունակ միասին մարզվել ենք բռնցքամարտի ազգային հավաքականում, միասին մասնակցել ենք տարբեր մրցաշարերի և առաջնությունների, մշտապես քաջալերել և ոգևորել ենք իրար: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու որոշումը գրեթե միաժամանակ կայացրինք: Այս ասպարեզում մեզ մշտապես աջակցում են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը և Punch boxing promotion-ի մենեջեր Արամ Դավթյանը:
- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալու բավական փորձ ունեք արդեն: Ո՞ր ռինգն է առավել հոգեհարազատ:
- Մեծ է սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերի տարբերությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ կան նաև շոուի տարրեր: Ուշադրությունն ավելի մեծ է մարզիկների նկատմամբ: Երկրպագուները հետևում են մարզիկի պահվածքին, հայացքին, շարժումներին, ամեն մի րոպեն ու վայրկյանը շոուի է վերածվում: Անկեղծ ասեմ՝ պրոֆեսիոնալ ռինգն այդ առումով ինձ ավելի է դուր գալիս: Ես գիտեմ, թե ինչպես պետք է պահեմ ինձ ռինգ դուրս գալուց առաջ, ընթացքում և հետո: Իսկ սիրողական բռնցքամարտում մարզիկիներին տրվում է ընդամենը 3 ռաունդ, և այդ ժամանակը հնարավոր է՝ չբավականացնի լիովին դրսևորվելու, ողջ արսենալն օգտագործելու համար: Իսկ պրոֆեսիոնալ ռինգում ռաունդներն ավելի շատ են: Հարկավոր է ուժերի ճիշտ բաշխում կատարել:
- Սպորտը մեծ նվիրում է պահանջում. ամենօրյա մարզումներ, ծանրաբեռնված գրաֆիկ: Լինու՞մ են պահեր, երբ մտածում եք, որ այլ ճանապարհ պետք է ընտրեիք:
- Պատահական չեմ ընտրել այս մարզաձևը, սիրում եմ բռնցքամարտն ու իմ ընտրած ճանապարհը: Դժվարությունները հաղթահարում եմ իմ նպատակին հասնելու համար: Սպորտն ինձ օգնել է ինքնահաստատվելու կյանքում: Հաղթանակներն ու պարտություններն ինձ կոփել են, դաստիարակել: Սպորտի շնորհիվ ես կայացել եմ: Դժվարությունները գիտակցաբար եմ հաղթահարում` հասկանալով, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ եմ գնում, ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ եմ դառնում: Ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար հարկավոր է պայքարել, այլապես հաջողությունը կշրջանցի: Առանց քրտնաջան աշխատանքի հնարավոր չէ արդյունքի հասնել, բայց կարևոր է նաև տաղանդի առկայությունը: Աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու երազանքն ինձ մշտապես առաջ է մղում:
- Վերջին հաղթանակից հետո Ձեզ տվեցին «Танцующий убийца» մականունը: Ինչո՞ւ:
- Նման երևույթներ կան պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Հետևելով մարզիկների պահվածքին, շարժումներին, տակտիկային և տեխնիկային` շատ հաճախ ինչ-որ անունով են կնքում նրանց: Այս մենամարտից հետո այդ մականունն ինձ տվեցին: Մինչ այդ հաճախ էին ասում, որ իմ մենամարտելու ոճը նման է պարի:
- 2017 թվականի վերջին մենամարտն էլ հաղթանակով ավարտեցիք: Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին Ձեզ համար:
- 2017 թվականին 5 մենամարտ եմ անցկացրել և հաղթել: Այս տարի իմ առջև դրված բոլոր խնդիրները լուծել եմ: Ուրախ եմ, որ տարեվերջի մենամարտն էլ հաղթանակով ավարտեցի: Սա լրացուցիչ խթան է հաջորդ մենամարտին նախապատրաստվելու համար: Հաղթանակը պարտավորեցնում է, դեռ շատ անելիքներ ունեմ: Ամեն հաղթանակով մեկ քայլ ավելի եմ մոտենում բաղձալի նպատակիս: Պրոֆեսիոնալ ռինգում ցանկանում եմ նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին: Մյուս մենամարտս հավանաբար կկայանա 2018 թվականի փետրվարի 10-ին, ԱՄՆ-ում:
Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ