Հայերեն   English   Русский  

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու արդյունքում սահմանափակումներ կլինեն հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս


  
դիտումներ: 1587

Ազգային ժողովում քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջարկում է օրենքի 107 հոդվածներում շուրջ 240 փոփոխություն կատարել:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը մատնանշեց հիմնական փոփոխությունները:

«Առաջարկում ենք, որ հստակեցվի այն նորմը, որ 2017 թվականի հունվարի 1-ից և 18 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար օտարերկրյա ֆիզիկական անձանց և ՀՀ քաղաքացիների կողմից ստացված այն շահաբաժիններն են ենթակա եկամտային հարկման, որոնք հանդիսանում են 2017 թվականի հունվարի մեկից և 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործունեության արդյունքում շահույթի հաշվին են ստացվել: Առկա էր այն մտահոգությունը, թե նախորդ տարիներին կուտակված շահույթը կարող է նոր ներկայացվող Հարկային օրենսգրքով հարկվել: Բացառում ենք այդ մտահոգությունը », - ասաց փոխնախարարը:

Ներկայումս Հարկային օրենսգրքում սահմանված է մի նորմ, որ եթե յուրաքանչյուր տարվա հաջորդող հարկային տարվա մինչև հունիսի 30-ը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից որոշում չի ընդունվել շահաբաժնի բաշխման վերաբերյալ, ապա հունիսի 30-ի դրությամբ հարկման նպատակով կուտակված շահույթը համարվում է բաշխված՝ իր հարկային հետևանքներով.« Մենք առաջարկում ենք հանել այդ իրավական նորմը, քանի որ մենք՝ որպես կառավարություն, գնահատում ենք, որ այո, հնարավոր է՝ որոշ բաժնետերեր, իրենց եկամուտների օպտիմիզացիայի կամ խնայողության նկատառումներից ելնելով, փորձեն այս կամ այն ճանապարհով կուտակված շահույթները արտահանել Հայաստանից և չհարկման ռիսկ կարող էր առաջանալ: Թերևս դրանով էր պայմանավորված այդ կոշտ գործիքի ներմուծումը հարկային օրենսգրքում: Մենք հանում են այդ գործիքը՝ համարելով, որ միայն կորպորատիվ կառավարման սկզբունքներից ելնելով՝ միակ բացառիկ որոշման իրավասությունը բաժնետերերի ժողովինն է»,- ասաց նախարարի տեղակալը:

Կառավարությունն առաջարկում է նաև հանել նվազագույն շահութահարկի գծով գերավճարների հաշվին մարելու համար տրված ժամանակային սահմանափակումը:

«Մենք կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նորից փոփոխություն ենք առաջարկում. հանում ենք ժամանակային սահմանափակումը և ըստ էության, հարկ վճարողներին, այսօր մենք ասում ենք՝ նվազագույն շահութահարկի գծով առկա գերավճարները կարող են ուղղվել շահութահարկի գալիք տարիների գերավճարների մարմանը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման», - ասաց փոխնախարարը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցմանը: «Մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումները առավելապես նպաստել են հանրության գնողունակ զանգվածին լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը: Այս փոփոխությամբ կառավարությունը առաջարկում է վերադառնալ դեպի սոցիալական բաղադրիչը», - նշեց Դավիթ Անանյանը:

Այդ նպատակով կառավարությունը առաջարկում է հետևյալ սահմանափակումները. բազմաբնակարան շենքի կառուցապատողից, ինչպես նաև պետությունից ու համայնքից բնակարան ձեռք բերելու գործարքների առավելագույն շեմ է սահմանվում 55 մլն դրամը:

Մյուս սահմանափակումն այն է, որ բնակարան ձեռք բերելու գործարքներում եկամտային հարկի հետ ստացման առավելագույն շեմ է սահմանվում եռամսյակի համար 1,5 մլն դրամը: Երրորդ սահմանափակմամբ 2018 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացին այս համակարգից կարող է օգտվել միայն մեկ անգամ՝ թե´ վարկառու և թե´ համավարկառու հանդես գալու միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: