Հայերեն   English   Русский  

​Ոչ թե արտահերթ նիստ, այլ փակ քննարկում. ՀՀԿ տեսլականը կրկին չի համընկնում ոչ իշխանականների ցանկություններին


  
դիտումներ: 1077

Այսօր ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները կրկին ստորագրահավաք են անցկացնում՝ ցանկանալով արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու դրամի արժեզրկման հարցը:

ՀՀԿ խմբակցությունը, հավանաբար, կրկին կբոյկոտի արտահերթը, անգամ եթե ոչ իշխանականները բավարար թվով ստորագրություններ հավաքեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ վերահաստատելով, որ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումն է տնտեսական իրավիճակի, դոլարի ու դրամի փոխարժեքի մասին ոչ թե արտահերթ նիստ անել, այլ փակ քննարկում կազմակերպել, ՛՛Եթե մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է, և յուրաքանչյուր մարդու պետք է մտահոգի այս իրավիճակը, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ միջոց կլինի փակ քննարկումը: Ես գտնում եմ, որ խնդիրը պետք է քննարկվի, բայց ֆորմատը պետք է լինի փակ ռեժիմ: Չեմ բացառում, որ քննարկումը կարող է հենց այսօր լինել: Սա այն հարցն է, որտեղ զգացմունքային քննարկում չպիտի լինի, այլ խորը տնտեսական քննարկում: Եթե պետք է նստենք ու իրար մեղադրենք, զգացմունքային հայտարարություններ անենք, հարցը չենք լուծի: Նման կարծիք ունեն նաև Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը: Փակ քննարկումը նրանով է հարմար, որ առանց խուճապային տրամադրությունների նստենք ու մանրամասն իրավիճակը քննարկենք՛՛, - ասաց Էդուարդ Շարմազանովը և հարցին, թե թե արդյո՞ք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է, պատասխանեց. ՛՛Խնդիրը, որ այսօր կա, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ և այն, որ մենք ցանկանում ենք փակ քննարկում անցկացնել, խոսում է այն փաստի մասին, որ մտահոգություն կա: Չի կարող մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր աշխատավարձը պետք է բավարարեր տասը կիլոգրամ շաքարավազ գնելու համար, բայց բավարարում է յոթ կիլոգրամի: Ճիշտ է` պատգամավորների աշխատավարձերը ավելի բարձր է, սակայն մենք էլ ընտրյալներ չենք, զգում ենք բոլոր խնդիրները: Այն, որ կա խուճապ, դա էլ է պարզ, եթե Ռուսաստանի նման երկրում կա, մեզ մոտ չէր կարող չլինել: Սա է պատճառը, որ ցանկանում ենք փակ քննարկում անցկացնել ու հասկանալ, թե ինչն է սխալ արվել, ինչ պետք է արվի այս իրավիճակից դուրս գալու համար՛՛:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: