Հայերեն   English   Русский  

Ազգային փոքրամասնությունների ամանորյա և Ս. Ծննդյան ավանդույթներն ու սովորությունները


  
դիտումներ: 3331

Արդեն շուրջ մի տարի է, ինչ «Ազգային փոքրամասնություններ՝ ծանոթ և ոչ այնքան» խորագրի ներքո «Անկախը» ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 11 ազգային փոքրամասնություններին՝ իրենց հոգսերով ու հաջողություններով:

Գալիք տոներին ընդառաջ կրկին անդրադառնում ենք նրանց՝ ճանաչելու և բացահայտելու մեր կողքին, մեր կյանքով, բայց և մեզնից տարբեր ավանդույթներ ունեցող ազգերի մշակութային առանձնահատկությունները: Ինչպե՞ս են նրանք դիմավորում ու նշում Ամանորն ու Ս. Ծնունդը:

Ասորական համայնքի ներկայացուցիչ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ նախագահին կից 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոև

- Արդեն ավելի քան վեց հազարամյակ համայն աշխարհի ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1-ին: Այդ մասին տեղեկություններ կան պահպանված Աշուրբանիպալ թագավորի գրադարանի կավե աղյուսներում: Նշված է՝ երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս էին գալիս իրենց ափերից, ամենակարող աստված Մարդուկը, որն իր հավասարը չուներ աստվածների մեջ, կռվի էր ելնում ծովերի և ջրերի արքա Թիամատի դեմ ու հաղթում էր նրան, որին հաջորդում էին 15 օր տևող տոնակատարությունները: Այդ ընթացքում չէր կարելի պատժել երեխաներին, ստրուկներին, չէին գործում դատարանները, հարուստները բարի գործերի հրովարտակներ էին արձակում, և ամենակարևորը՝ թագավորը 15 օրով վայր էր դնում մականը, այսինքն՝ իր բոլոր լիազորությունները: Ժողովուրդը երգում էր, պարում՝ փառաբանելով ամենակարող աստված Մարդուկին: Նոր տարվա հետ կապված հիմնական ավանդությունը սա է: Ներկայումս էլ աշխարհի բոլոր ասորիներն ապրիլի 1-ին պարտադիր նշում են գարնան զարթոնքի հետ կապված այս տոնը: Նույնն էլ Հայաստանի ասորիները: Մենք այստեղ նշում ենք նաև հավատքի զարթոնքն ազդարարող Քրիստոսի Ծնունդը: Իսկ Ամանորին միանում ենք արարողություններին համերգներով, մեր ազգային երգ ու պարով, ուտեստներով: Նաև ունենք պարտադիր այցելություններ: Ամանորի առավոտյան այցելում ենք այն տունը, որտեղ ապրում է տվյալ ազգի ամենամեծը: Կարծես շնորհավորում ենք նրա տարիքը, որից հետո արդեն հերթով սկսվում են մյուս այցելություններն ու հյուրերի ընդունումը:

Այսօր ասորիները շատ ծանր վիճակում են Իրաքում, Սիրիայում, ուստի մեր ամենամեծ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:

Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

Երևանի բելառուսական համայնքի ղեկավար Իրինա Պողոսյան-Տաբոլիչ

- Բելառուսում ավելի մեծ շուքով նշում են Ս. Ծնունդը, քան Ամանորը: Վերջինս ավելի համեստ տոն է: Բելառուսներն աշխատանքի են գնում արդեն հունվարի 2-ից: Ազատ են լինում Ս. Ծնունդին՝ հունվարի 7-ին: Ի դեպ, դա վերաբերում է ուղղափառ բելառուսներին, իսկ կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին: Ս. Ծննդյան տոնին բելառուսներն անպայման գնում են եկեղեցի, այնուհետև հավաքվում են ընտանեկան հարկի տակ, չեն մոռանում երեխաների համար նվերներ պատրաստել: Բելառուսում Ս. Ծննդյան նախօրեին կա մի այսպիսի տոն՝ Կալյատկի: Երեխաները գնում են տնից տուն, երգում, և նրանց անպայման պետք է քաղցրեղեն տան: Սա լինում է տարվա մեջ մեկ անգամ: Կարող է շարունակվել նաև հունվարի 7-ին:

Ինչ վերաբերում է Ամանորին, այն հիմնականում դիմավորում են ընկերական կամ աշխատանքային շրջապատում: Շատ հազվադեպ է պատահում, որ Ամանորը տանն անցկացնեն: Այստեղ ապրող բելառուսներս, սակայն, սկսել ենք նշել հայերի պես՝ նվերներով, հարազատներին այցելություններով, հյուրեր ընդունելով: Ամանորյա սեղանն էլ սկզբունքորեն նման է հայկական սեղաններին, միայն թե ավելացնում ենք նաև բելառուսական ճաշատեսակներ: Հայաստանում մի քիչ չափազանցրած է ամեն ինչ: Ես կողմ չեմ, որ այդքան մեծ սեղաններ բացվեն, միջոցներ ծախսվեն հենց ամանորյա սեղանի վրա: Կարելի է և ավելի համեստ անել ամեն ինչ: Երբեք չեմ մոռանա Հայաստանում անցկացրած առաջին Ամանորը. շատ զարմացած էի թե՛ պատրաստվող մթերքների, թե՛ հյուրերի բազմությունից:

Բելառուսներս Ամանորին մաղթում ենք առողջություն, հաջողություն:

Ռուստամ Բաքոյան

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության ղեկավար, եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան

- Եզդիներն Ամանորը նշում են գարնանը՝ ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը, որն աշխարհի արարման օրն է՝ ըստ մեր կրոնական հավատալիքների: Ի տարբերություն Հայաստանում ապրող եզդիների՝ ավելի լավ նշում են Իրաքի եզդիները: Սկզբում տոնը նշվել է ապրիլի 1-ին հաջորդող չորեքշաբթի օրը, բայց տոմարական փոփոխությունների հետևանքով դարձել է 13-ը: Մինչև այս վերջին տարիները, երբ ավելի աշխուժացան կապերը մեր բնօրրանի հետ, Նոր տարվա արարողությունները սահմանափակվում էին միայն գաթա թխելով և գերեզմաններ այցելելով: Թխվող գաթան կոչվում է տարեմուտի կլոճ, որի մեջ անպայման մետաղադրամ են դնում: Ում բաժին է հասնում այն, նրանով էլ պայմանավորվում են այդ տարվա հաջողությունները: Նոր տարուն այն եզդիները, որ վիճել են իրար հետ, պետք է անպայման հաշտվեն:

Ինչ վերաբերում է հայկական Նոր տարվան՝ մի հետաքրքիր փաստ կարող ենք նկատել. այն եզդիները, որ ապրում են հայերի հետ, անպայման նշում են (բացառելով խոզի հետ կապված արարողությունները), իսկ զուտ եզդիաբնակ գյուղերում Ամանորը չի նշվում: Ի դեպ, խառը բնակեցված գյուղերում հայերն էլ իրենց հերթին եզդիական տոներն են նշում:

Մենք միմյանց մաղթում ենք հաջող, բերքառատ տարի:

Սվետլանա Նամչևաձե

«Իվերիա» վրացական բարեգործական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձե

- Մեր համայնքի՝ Վրաստանի հետ կապ ունեցող անդամները Նոր տարին և Սուրբ Ծնունդը (հունվարի 7-ը) նշում են այնտեղ: Վրացական ամանորյա սեղանից անպակաս է կոզինախը, որ խորհրդանշում է քաղցրություն, բարություն, և յուրաքանչյուր տուն մտնող պետք է անպայման դրանից համտեսի: Այն պատրաստում են դեկտեմբերի 31-ի երեկոյան, ու թեև երկար գործընթաց է, բայց պիտի հասցնեն մինչև Նոր տարի ավարտել: Սեղանին պետք է լինի նաև գոճի ու սացիվի: Վրաստանում մի հետաքրքիր ավանդույթ կա. առաջին հյուրը պիտի լինի բարի, այդ ընտանիքում ընդունված մարդ, որ ողջ տարին բարեհաջող անցնի: Ընտանիքներն իրենք են ընտրում առաջինը ներս մտնող անձնավորությանը:

Նախկինում և հիմա էլ Վրաստանում (հատկապես Թիֆլիում) բոլոր հարևանները պետք է իրար տուն մտնեն, շնորհավորեն: Երբ եկա Երևան, առաջին տարիներին այստեղ էլ էր այդպես, բայց հիմա շատ է փոխվել, այդ լավ ավանդույթը ժամանակի ընթացքում կարծես մոռացվում է: Այնինչ մարդկանց տուն բարի սրտով մտնելը, լավ խոսքեր ասելը, մի բաժակ բարձրացնելը և մաղթանքներ հնչեցնելը շատ կարևոր են:

Ամանորը վրացական համայնքը համատեղ չի նշում հարմար տարածք չունենալու պատճառով: Դրանից բացի, կարծում եմ՝ այն ընտանեկան տոն է, և ամեն մեկը պետք է իր հարազատների հետ նշի: Իսկ արդեն Սուրբ Ծննդին վրացական համայնքի անդամներից մի քանիսը գնում են Նորագավիթի մեր եկեղեցին: Թիֆլիսում ապրելիս հաճախում էինք և՛ հայկական, և՛ վրացական եկեղեցիներ, քանի որ երկուսն էլ քրիստոնյա են:

Ինչպես երևի բոլորի սեղաններին, մեզ մոտ էլ հնչում են համերաշխության և բարեկեցության մաղթանքներ: Ուզում ենք, որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում ժողովուրդը լավ ապրի, հասկանանք ու սիրենք միմյանց՝ շարունակելով մնալ լավ հարևաններ:

Նիկոլայ Նիկոլայիդի

Հունական «Պոնտի» համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդի

- Հունաստանում առանձնահատուկ տեղ ունեն Քրիստոսի Ծնունդը, Նոր տարին և Մկրտությունը: Այս տոները տևում են 12 օր՝ լի բազում սովորություններով: Ուղղափառ Հունաստանում Քրիստոսի Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին: Հիմնականում գյուղական վայրերում երեխաները, պատանիները նոյեմբեր ամսից հավաքվում են՝ սովորելու հատուկ երգեր՝ կոլյադաներ Ս. Ծննդյան տոնին երգելու համար: Այդ օրը, տնից տուն գնալով, նրանք պարգևատրվում են քաղցրավենիքներով, մրգերով, դրամով, որոնք հետո բաժանում են չունևորներին: Տոներից առաջ տղամարդիկ գնում են անտառ՝ փնտրելու լավ հաստ եղևնի, եթե եղևնի չի լինում՝ կտրում և բերում են ձիթենի: Այդ ծառն անվանում են «խրիստոքսիլո» ՝ Քրիստոսի ծառ: Հունաստանում տոների նախօրեին նաև մաքրում են տան բուխարին, որի շուրջը հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, և տան տերը վառում է օջախը Քրիստոսի ծառից կտրված փայտով: Աշխատում են, որ փայտը շատ լինի ու կրակը պահպանվի մինչև Մկրտություն: Ըստ ժողովրդի հավատալիքի՝ այդպես կարծես Բեթղեհեմի քարանձավում տաքացնում են Աստծո որդուն: Տոներից հետո մոխիրը բերքատվության նպատակով լցվում է ծառերի արմատներին: Հունական ավանդական ուտեստը խճողակն է, այսինքն՝ կաղամբով տոլման, մատուցում են նաև կարկանդակներ՝ խրիստոփսոմո՝ Քրիստոսի հաց, որի մեջ կա ընկույզ, չամիչ, ձիթապտուղ, նաև կուրապիեդես՝ թխվածքաբլիթ նուշով, մելոմակարոնա՝ վրան մեղր լցրած քաղցր թխվածքաբլիթ:

Նոր տարին հունվարի 1-ին է: Այն կարևոր է նաև նրանով, որ այդ օրը Ս. Վասիլի օրն է, որին հույները մեծարում են բարության և առատաձեռնության համար: Երեխաները հավատում են, որ նա այցելում է իրենց տուն բուխարու ծխատարով: Այդ պատճառով էլ նրանք Նոր տարվա նախօրեին մաշիկ են կախում բուխարու մոտ, որպեսզի Վասիլին այն լցնի նվերներով: Նոր տարվա նախորդ օրը տան անդամը քնում է բարեկամի տանը և առավոտյան աջ ոտքով մտնում տուն՝ երգելով, ցորեն, լոբի լցնելով տարվա առատության համար: Նոր տարվա գիշերը կտրվում է Վասիլոպիտան, որը կլոր քաղցր կարկանդակ է ՝ զարդարված նախշերով, ներսում դրվում է հաջողություն բերող դրամը: Ըստ հունական ավանդույթի՝ Նոր տարվա օրը հյուր գնալիս քար են տարել, որը գցել են այդ տան շեմին՝ ասելով՝ թող այս տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր: Եթե փոքր քար է եղել, ասել են՝ թող այս տանտիրոջ աչքի բիբի վրայի սպիտակ հատիկն այս քարից էլ փոքր լինի: Գոյություն ունի նաև հետևյալ սովորույթը. ուղիղ կեսգիշերին տան գլխավորը դուրս է գալիս բակ և նռով հարվածում տան պատին: Եթե պտուղի հատիկները թռչում են հեռու, ապա Նոր տարում ընտանիքն ապրելու է երջանիկ: Սրանից հետո տան անդամները պետք է մատը թաթախեն մեղրի մեջ և ուտեն: Այդ օրերին սեղանին դրվում է լցոնած հնդկահավ և հունական այլ ուտեստներ: Իհարկե, սեղանը զարդարում է գինին:

Իսկ Հայաստանում ապրող հույները բավականին մերվել են հայկական ավանդույթներին և Ամանորը նշում են հայերի պես: Մեր համայնքը մեծ միջոցառմամբ նշում է հատկապես Քրիստոսի Ծնունդը: Ներկա հույները, հավաքվելով մի հարկի տակ, սկսում են երգել և պարել: Հույն կանայք էլ պատրաստում են հունական ազգային ուտեստներ, հատուկ Քրիստոսի Ծնունդին նվիրված քաղցրավենիք: Միմյանց մաղթում ենք բազում տարիների կյանք և երջանկություն:

Շարունակելի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: