ՀՌՀ-ում հյուրընկալվել է հայկական արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոս Ալեքսեյ Կավոկինը
ՀՌՀ-ի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում նա հանդես է եկել «Իմ ճանապարհը ֆիզիկայում» թեմայով դասախոսությամբ։
«Իմ կատարված հետազոտությունները ընդգրկում են պոլյարիտոնների Բոզե-էյնշտեյնյան կոնդենսացիան, բարձրջերմաստիճանային բոզոնային լազերների ֆիզիկան, մակերևույթային պլազմոն-պոլյարիտոնները, պոլյարիտոնային մրրիկների առաջացումը և դինամիկան»,- նշել է Կավոկինը:
Ալեքսեյ Կավոկինը զգալի ավանդ ունի կոնդենսացված միջավայրերի և էլեկտրոմագնիսական ճառագայթման ուժեղ փոխազդեցության ռեժիմի՝ այսպես կոչված պոլյարիտոնային վիճակների ֆիզիկայի ուսումնասիրման հարցում: Հատկապես նշանակալից է նրա դերը պոլյարիտնային համակարգերում սպինային երևույթների ուսումնասիրության մեջ: Նա երկու այլ տեսաբանների համատեղ կանխագուշակել է Հոլի օպտիկական սպինային երևույթը(2006թ.), որը մեկ տարի անց ստացավ փորձարարական հաստատում: Վերջինս սկիզբ է դրել ֆիզիկայի նոր ենթաճյուղին՝ սպինօպտրոնիկային: Ալեքսեյ Կավոկինի աշխատանքները զգալի արժեք ունեն ինչպես ակադեմիական գիտելիքի տեսանկյունից, այնպես էլ տեսական հիմք են հանդիսանում նորագույն սերնդի կիսահաղորդչային օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա հեղինակել է հարյուրավոր հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում:
Դասախոսության ավարտից հետո ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը շեշտել է, որ Հայաստանում ավելանում է բնագիտությամբ զբաղվող երիտասարդների թիվը։ «Վերջին տարիներին բնական գիտությամբ զբաղվող 25-45 տարեկան անձանց թիվը հետզհետե ավելանում է, ինչն առաջին հերթին վկայում է լավ դպրոցի առկայության մասին։ Ես հուսով եմ, որ ձեր և մեր համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի արդյունավետ համագործակցության շնորհիվ մեր ուսանողները էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն միջազգային ասպարեզներում»,- ընդգծել է նա։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ալեքսեյ Կավոկինին ՀՌՀ-ի Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։
ՀՌՀ մամուլի ծառայություն