Հայերեն   English   Русский  

Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն


  
դիտումներ: 477

Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:

«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», - նշել է Ֆորը։

Տիկին Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:

Մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:

Հենրիետա Ֆորն ավարտել է Վելեսլի քոլեջը (Wellesley College) և ունի բակալավրի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ և հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում (University of Northern Colorado)։

Հ. Ֆորն ամուսնացած է և ունի չորս երեխա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: