Հայերեն   English   Русский  

Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին


  
դիտումներ: 1236

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հնարավոր չէ մեկ փաստաթղթով մեկընդմիշտ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրել` ընդհանրացնելով բոլոր կողմերի դիրքորոշումները, փորձելով առանձնացնել այդ ճգնաժամի այս կամ այն ասպեկտի համընկնող մոտեցումները և միաժամանակ փորձել հուշել այն փոխզիջումների մասին, որոնք կարող են ընդհանուր հայտարարի հանգեցնել այն հարցերում, որոնցում կողմերը մինչև այժմ տարակարծիք են: Ռուսաստանը չի կարող հակամարտության կարգավորման շուրջ հստակ պլաններ ունենալ, քանի որ այն կարող են լուծել միայն հակամարտող կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կանեն ամեն ինչ հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով», - հայտարարել է Լավրովը 2017թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում:

Լավրովի խոսքերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն էլ հակամարտության կողմերի մոտ են:

«Նրանք գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն կողմերը պետք է որոշեն: Մենք երկու երկրներից էլ դրական ազդանշաններ ենք ակնկալում», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով` այժմ կարևոր կլիներ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում իրավիճակն ավելի հանգիստ լինի, ինչը կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը:

«Այդ խնդիրը հնարավոր չէ մեկ փաստաթղթում մեկընդմիշտ կարգավորել: Փուլային մոտեցում է անհրաժեշտ, որը կարտացոլի վստահությունն այն հարցում, ինչն այժմ հնարավոր է և կհստակեցնի աշխատանքի ուղիները, որոնք լրացուցիչ քննարկում են պահանջում վերջնական կարգավորման համար` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - հայտարարել է Լավրովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: