Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԽ համանախագահների բանակցություններին


  
դիտումներ: 748

Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների բանակցություններին: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սանջայ Ռանան:

Դիվանագետը նշել է, որ նման հակամարտությունների կարգավորման առավել ճիշտ ուղին խաղաղ բանակցություններն են: «Մենք աջակցում ենք այդ բանակցություններին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կողմից: Հնդկաստանը միշտ աջակցել է տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է Ռանան՝ իր կողմից հույս հայտնելով, որ հակամարտությունը կարգավորվելու է, և տարածաշրջանում խաղաղություն է լինելու:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ մինսկի խումբը, որը ստեղծվել է կառույցի Նախարարների խորհրդի՝ 1992 թ-ի մարտի 24-ին Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ: Մինսկի խմբի կազմի մեջ են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Բելառուսը, Ֆինլանդիան և Շվեդիան:

1996 թ-ի դեկտեմբերից սկսել է գործել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը՝ ներառելով Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: