Հայերեն   English   Русский  

​Հասարակական տրանսպորտի նոր համակարգի նախագիծը համեմատության մեջ բավականին հետաքրքիր է դառնում


  
դիտումներ: 1945

Երևանի քաղաքապետարանն այս տարին սկսեց նաև մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում «հեղափոխական» փոփոխությունների նախագծով:

Հասարակական քննարկման ներկայացվեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որով, ընդհանուր առմամբ, առաջարկվում է կրճատել փոխադրամիջոցների միավորների քանակը, հանել միկրոավտոբուսները, փոխարենը ներմուծել խոշոր ավտոբուսներ, ներդնել տոմսային միասնական համակարգ:

Նախատեսվում է, որ ներկայիս 115 երթուղու փոխարեն գործելու է 42-ը: Այդ 42 երթուղուց 11-ը լինելու է հիմնական, 30-ը՝ սնուցող, իսկ մեկը՝ դեպի օդանավակայան արագընթաց երթուղի։

Ամենաուշագրավն այն է, որ տրանսպորտային միավորների քանակը կրճատվելու է շուրջ երկու անգամ: Եթե այսօր շահագործվում է 2039 փոխադրամիջոց, ապա նոր ցանցում այդ թիվը հասնելու է 939-ի, որի մեջ մտնում են նաև ռեզերվային ավտոբուսները: Այսինքն՝ շահագործման մեջ լինելու է 833 ավտոբուս:

Նոր ցանցում լինելու են միայն միջին և մեծ տարողության ավտոբուսներ: Ներկայիս ցանցի երկարությունը կազմում է 4076 կմ, առաջարկվում է այն կրճատել 4 անգամ և սահմանել 1107 կմ: Բացի այդ, առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181, ինչը լրացուցիչ հարմարավետություն ապահովելու համար է: Դա չի անդրադառնալու երթևեկության տևողության վրա, այն միջինը կկազմի 55 րոպե:

Հասարակական տրանսպորտը կսկսի գործել առավոտյան 06:45-ից մինչև կեսգիշեր՝ 24:00-ը: Տրանսպորտի աշխատանքի հաճախականությունը կլինի 10-15 րոպե, իսկ պիկ ժամերին՝ 5 րոպե:

Նոր երթուղային ցանցի նախագծով առաջարկվում է ներդնել ուղևորատոմսի էլեկտրոնային միասնական համակարգ, ինչպես նաև էլեկտրոնային չվացուցակի հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Մի խոսքով, բավական հետաքրքիր համակարգ է առաջարկվում այս նախագծով: Ուստի որոշեցինք մի փոքրիկ «միջազգային էքսկուրս» կատարել և դիտարկել եվրոպական մի քանի մայրաքաղաքների ուշագրավ համակարգերը, քանի որ ամեն ինչ համեմատության մեջ է տպավորիչ:

Ամստերդամ

Առաջինն ուշադրություն դարձնենք Ամստերդամի հասարակական տրանսպորտին մի պարզ պատճառով. Ամստերդամում ամենուր ջրանցքներ են, փողոցները, հատկապես քաղաքի կենտրոնում, նեղ են, բայց հասարակական տրանսպորտն աշխատում է բավականին լավ:

Ամստերդամի հասարակական տրանսպորտի համակարգը սկսվում է անմիջապես Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանից, որը մեծությամբ Եվրոպայի 4-րդ օդանավակայանն է: Օդանավակայանն ու Ամստերդամի կենտրոնական երկաթուղային կայարանն իրար հետ կապում է ուղիղ երկաթգիծը, որի միջոցով էլ օդանավակայանից շատ արագ՝ մոտ 10 րոպեում կարելի է հասնել քաղաքի կենտրոն:

Ամստերդամի հասարակական տրանսպորտը կառավարում է GVB կազմակերպությունը, որը տնօրինում է Ամստերդամի ու հարակից շրջանների բոլոր հասարակական տրանսպորտային համակարգերը՝ մետրոն, տրամվայներն ու ավտոբուսները: 2010-ից Ամստերդամում ներմուծվեց մեկ միասնական տոմսային համակարգ, և ամստերդամցիներն ու քաղաքի երկարաժամկետ հյուրերը հիմնականում օգտվում են OV չիպ-քարտով երթևեկության համակարգից, որի միջոցով հնարավոր է երթևեկել տրանսպորտի բոլոր տեսակներով: Իսկ զբոսաշրջիկները և քաղաքի հյուրերը կարող են օգտագործել 24,48,72,96,120,144 և 168 ժամ ժամկետով տոմսեր:

Ամստերդամի հասարակական տրանսպորտի ողնաշարը տրամվայներն են: Գործում է տրամվայների 16 գիծ, որոնք աշխատում են առավոտյան ժամը 5:30-ից մինչև կեսգիշեր: Իսկ գիշերը գործում են գիշերային ավտոբուսները: Տրամվայները բավականին հարմարավետ են, շատ արագ են շարժվում ու հասնում են Ամստերդամի գրեթե բոլոր շրջանները:

Ամստերդամի մետրոն բաղկացած է 4 ուղիներից, իսկ 2005-ից սկսվել է 5-րդ գծի կառուցումը: Մետրոն սկիզբ է առնում օդանավակայանից և շատ հարմար է քաղաքի որոշ հեռավոր շրջաններ հասնելու համար: Տեղ-տեղ մետրոյի ու երկաթուղային կայարանները համընկնում են, ինչը հավելյալ հեշտացնում է մարդկանց ազատ տեղաշարժը: Ավտոբուսային երթուղիներն Ամստերդամում այնքան զարգացած չեն, որքան տրամվայները, բայց և այնպես քաղաքում ավելի քան 50 ավտոբուսային երթուղի կա: Ավտոբուսները հիմնականում Կենտրոնը հեռավոր շրջանների հետ կապելու կամ շրջաններն իրար հետ կապելու համար են նախատեսված: Ավտոբուսային ցանցն էլ աշխատում է առավոտյան 5:30-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 0:30-ը:

Մի խոսքով` Ամստերդամի հասարակական տրանսպորտի համակարգը բավականին զարգացած է և շատ հարմար է, հատկապես՝ քաղաքի կենտրոնում:

Բեռլին

Բեռլինը Եվրոպական խոշորագույն քաղաքներից է, որի մշտական բնակչությունը հասնում է 3,5 միլիոնի: Հետևաբար, քաղաքի կենսագործունեության համար ուղղակի անհրաժեշտ է լավ զարգացած հասարակական տրանսպորտի համակարգը:

Բեռլինի հասարակական տրանսպորտը բաղկացած է մետրոյից՝ U-Bahn, որին գերմանացիները ստորգետնյա գնացք են անվանում, քաղաքային երկաթուղուց՝ S-Bahn-ից, որին էլ վերգետնյա գնացք են անվանում, տրամվայների համակարգից, ավտոբուսներից ու լաստանավային տրանսպորտի համակարգից: Բեռլինի հասարակական տրանսպորտի սպասարկման գոտին ներառում է ոչ միայն բուն քաղաքը, այլև շրջակայքը՝ 15 կմ շառավղով: Քաղաքի տրանսպորտային ցանցը շատ խելացի է մտածված ու ոչ միայն շատ հարմար է տրանսպորտի մի տեսակից մյուսը փոխադրվելու համար, այլև դեպի քաղաքից դուրս տրանսպորտային հանգույցների հետ կապն է ճիշտ պլանավորված: Ամբողջ Բեռլինի հասարակական տրանսպորտի համար գործում են միասնական ուղետոմսեր: Ամբողջ հասարակական տրանսպորտն աշխատում է րոպեի ճշգրտությամբ՝ ըստ չվացուցակի ու գործում է առավոտյան 4:30-ից մինչև կեսգիշեր՝ 12:30-ը: Իսկ գիշերը քաղաքում աշխատում են գիշերային ավտոբուսներն ու տրամվայները: Հանգստյան և տոն օրերին հասարակական տրանսպորտն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Քաղաքում տրանսպորտի առավել մասսայական տեսակը համարվում է տրամվայը: Բեռլինն ունի տրամվայի 22ուղղություն: Բացի տրամվայներից, Բեռլինն ունի նաև ավտոբուսային 149երթուղի. իսկ գիշերային ժամերին գործում է մոտ 60 երթուղի:

Բավականին զարգացած է նաև Բեռլինի ստորգետնյա գնացքների՝ U-Bahn-ի համակարգը, որն ունի 9 ուղեգիծ, 173 կայարան և 147 կմ երկարություն: Գնացքները ստորգետնյա ուղիներում երթևեկում են 2-5 րոպե հաճախականությամբ:

Վերգետնյա գնացքները հիմնականում կապում են Բեռլինն արվարձանների հետ, սրանք 15 գիծ, 166 կայարան և ընդհանուր 331 կմ երկարություն ունեն:

Բեռլինով հոսող գետերի ու ջրանցքների վրայով ևս գործում է հասարակական տրանսպորտ՝ լաստանավեր, որոնց համար նախատեսված է 6 երթուղի: Լաստանավերից նույնպես կարելի է օգտվել միասնական տրանսպորտային տոմսերով:

Հասարակական տրանսպորտի ուղետոմսերը մտնում են Verkehrsverbund Berlin-Brandenburg (VBB) համակարգի մեջ, որը ներառում է Բեռլինն ու 15 կմ շառավղով մերձակայքը: Այս ամբողջ տարածքը բաժանված է 4 գոտու, և տոմսերն էլ՝ համապատասխան գույներով, գործում են համապատասխան տարածքում:

Բեռլինի հասարակական տրանսպորտը համարվում է աշխարհում ամենազարգացածներից մեկը:

Փարիզ

Փարիզը նույնպես շատ զարգացած տրանսպորտային համակարգ ունի: Այստեղ համեմատաբար արագ ու հարմարավետ տրանսպորտային միջոցը համարվում է Փարիզի մետրոն, որը բաղկացած է 16 ուղեգծերից, աշխատում է առավոտյան 6:30-ից մինչև գիշերվա 1:30-ը, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին՝ մինչև գիշերվա ժամը 2-ը: Մետրոպոլիտենի համակարգի մեջ է մտնում նաև RER էլեկտրագնացքների համակարգը, որը Փարիզի կենտրոնը կապում է հեռավոր արվարձանների հետ: Փարիզն ունի նաև ավտոբուսային համակարգ, որը բաղկացած է 58 երթուղիներից, որոնցով ամեն օր երթևեկում է մոտ 2 հազար ավտոբուս: Սրանք երթևեկում են 15-35 րոպե հաճախականությամբ: Ի տարբերություն Ամստերդամի և Բեռլինի, տրամվայները Փարիզում այնքան էլ զարգացած չեն, Փարիզն ընդամենը տրամվայի 4 ուղեգիծ ունի: Հասարակական տրանսպորտով երթևեկությունն իրականացվում է Ticket t+ տոմսերով, որոնց տարբեր տեսակներ են գործում՝ կախված գործողության ժամկետից, այն հանգամանքից՝ մեկ ուղղությամբ երթևեկելու համար է, թե հետադարձով: Այս տոմսերով կարելի է երթևեկել ամեն տեսակի հասարակական տրանսպորտի միջոցներով: Օրինակ՝ մեկանգամյա օգտագործման մեկ տոմսով կարելի է մեկական անգամ օգտվել մետրոյից, RER-ից կամ ճոպանուղուց, որը տանում է Մոնմարտր: Կամ այդ տոմսով կարելի է կես-կես օգտվել տրամվայի ու ավտոբուսի ծառայություններից մեկ անգամ՝ անսահմանափակ թվով վերանստեցումներով, բայց մեկուկես ժամվա ընթացքում:

Տալլին

Բավականին ուշագրավ է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հասարակական տրանսպորտը, որը մայրաքաղաքում գրանցված քաղաքացիների համար 2013 թ. հունվարի 1-ից անվճար է: Տալլինի հասարակական տրանսպորտի համակարգի մեջ են մտնում ավտոբուսները, տրամվայները, տրոլեյբուսները, մերձքաղաքային գնացքները և լաստանավերը: Ավտոբուսներով, տրամվայներով ու տրոլեյբուսներով ուղևորափոխադրումներն իրականացնում է Tallinna Linnatranspordi AS (TLT) ընկերությունը, մերձքաղաքային գնացքները կառավարում է Elron ընկերությունը, իսկ լաստանավային ուղևորափոխադրումները Աէգնա կղզու հետ իրականացնում է Kihnu Veeteed ընկերությունը: Որոշ տրանսպորտային երթուղիներ էլ, 1994 թ. սկսած, սպասարկել է MRP Linna Liinid ընկերությունը:

Ինչպես արդեն նշեցինք, Տալլինի քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտը դարձրել են անվճար մայրաքաղաքում գրանցված բնակիչների համար: Անվճար երթևեկությունից կարող են օգտվել նաև մինչև 19 տարեկան ուսանողները՝ անկախ գրանցման վայրից և նրանք, ովքեր օգտվում են տարբեր արտոնություններից: Բացի այդ, 2013-ից վերացվել են թղթե ուղետոմսերը, ներդրվել է ոչ կոնտակտային պլաստիկ քարտերի համակարգը: Այդ քարտերն անհրաժեշտ է տրանսպորտ բարձրանալիս անմիջապես հատուկ սարքերի՝ «վալիդատորների» միջոցով գրանցել, իսկ նման քարտի բացակայության դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել մեկանգամյա օգտագործման թղթե տոմս:

Քաղաքում գործում է ավտոբուսային 73 երթուղի, իսկ պիկ ժամերին Տալլինում գործում են նաև հատուկ էքսպրես երթուղիներ: Տալլինում չգրանցված բնակիչների համար էլ հասարակական տրանսպորտի մեկ միասնական սակագին է գործում: Տրամվայը, որպես տրանսպորտի տեսակ, Տալլինում թույլ է զարգացած, գործում է միայն տրամվայի 4 երթուղի, որոնք քաղաքի կենտրոնը կապում են որոշ ծայրամասերի հետ:

Տրոլեյբուսները սպասարկում են հիմնականում Տալլինի արևմտյան շրջանները: 2017 թ. մայիսի տվյալներով՝ Տալլինում գործում է տրոլեյբուսային 4 երթուղի: Տալլինի համար կարևոր է նաև մերձքաղաքային շրջանները մայրաքաղաքին կապող Elron գնացքների համակարգը, որը նույնպես անվճար է մայրաքաղաքի գրանցված բնակիչների ու մերձքաղաքային առաջին գոտու բնակիչների համար: Տալլինը Աէգնա կղզու հետ կապող տրանսպորտը լաստանավն է, բայց քանի որ կղզում բնակչությունը մեծաթիվ չէ, այն այնքան էլ հաճախակի չի աշխատում, նրանից հիմնականում օգտվում են զբոսաշրջիկները: Այն նույնպես անվճար է Տալլինի բնակիչների համար:

Երևանում առաջարկված նոր համակարգն էլ դեռ պետք է անցնի հանրային քննարկումների փուլ ու նոր բերվի վերջնական տեսքի: Իսկ թե ինչպիսին կլինի մայրաքաղաքի տրանսպորտը` հստակ կիմանանք միայն դրանից հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: