Հայերեն   English   Русский  

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում». պատերը քանդելու ժամանակն է


  
դիտումներ: 2881

«Սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր ասում են` Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսել: Սա մեր պատասխանն է վատատեսներին, բողոքողներին, տրտնջացողներին և անիմաստ խոսողներին:

Սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր քմծիծաղով են վերաբերվում «Հայաստանը բիզնեսի երկիր է» արտահայտությանը»,- ասում է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը:

Նա Հայաստանում բիզնես խորհրդատվության և ուսուցման առաջատար մասնագետներից է, տարբեր ոլորտներում 4 հաջողված բիզնեսի հիմնադիր: 1990 թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ MBA կոչումով: 1994 թ. հիմնել է Հայաստանում առաջին խորհրդատվական-թրեյնինգային ընկերությունը՝ «ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնը: 2012 թ. դարձել է Հայաստանի կառավարման խորհրդատվության ինստիտուտի հիմնադիր անդամ և առաջին նախագահ: Սամվելն իրականացրել է 200-ից ավելի խորհրդատվական-հետազոտական նախագիծ, անցկացրել ավելի քան 500 թրեյնինգ կառավարման, վաճառքների, մարքեթինգի, ռազմավարության, անձնակազմի ղեկավարման ոլորտներում: Աշխատել է Հայաստանում, Նիդեռլանդներում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում:

Հենվելով սեփական բիզնեսներով զբաղվելու իր 26 տարվա փորձի, հարյուրավոր ընկերությունների հետ բիզնեսի խորհրդատվական գործունեության և հազարավոր մասնակիցների հետ թրեյնինգային փորձառության վրա՝ Սամվել Գևորգյանը որոշում է այդ ամենը ամփոփել մեկ գրքում՝ գիտելիք, հմտություն, փորձ և ամենակարևորը՝ մոտիվացիա առաջարկելով արդեն բոլորին, ովքեր ուզում են սեփական բիզնեսը հիմնել Հայաստանում:

2017 թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Դեռ գիրքը չսկսած՝ այդ վերջնաժամկետն էր նախատեսել հեղինակը: Շուրջ 15 ամսվա քրտնաջան աշխատանք, անգամ օդանավակայանների սպասասրահներում և մեքենայի մեջ, անքուն գիշերներ. պետք էր անել ամեն ինչ նախատեսված վերջնաժամկետը չխախտելու համար: Չէ որ ժամանակի ճիշտ կառավարումը նույնպես բիզնես մտածողության կարևոր մասն ու բիզնեսի հաջողության գրավականն է:

Այս ծավալուն աշխատությունը (21+1 գլուխ, 560 էջ) բաժանվում է 4 հիմնական մասի.

1. Պլանավորիր քո բիզնեսը,

2. Կազմակերպիր քո բիզնեսը,

3. Կառավարիր քո բիզնեսը և

4. Զարգացրու քո բիզնեսը: Իսկ ինչո՞ւ 21+1:

Վերջին գլուխը գրված է վերջաբանի փոխարեն. «Հոկտեմբերի 16-ն էր, գիրքն արդեն ավարտել էի, տպագիր նյութը պատրաստվում էի տալ խմբագրին, բայց վերջին պահին զգացի, որ ինչ-որ բան պակաս է: Հասկացա, որ գրքում մոտիվացիոն մաս չկա. կան խորհուրդներ, քայլեր, գործիքներ, բայց թե ինչու մարդը պետք է սկսի բիզնես, այն էլ Հայաստանում, այդ հարցի պատասխանը չկա: Այդպես ծնվեց գրքի 22-րդ գլխի գաղափարը՝ վերջաբանի փոխարեն: Սակայն սրանով էլ ամեն ինչ չավարտվեց: Միտք ծագեց վերջաբանը դարձնել խորհրդանշական մի պայմանագիր»:

Ինքնակազմակերպվելու ժամանակն է, ստեղծագործ լինելու ժամանակն է, նորարար դառնալու ժամանակն է, հաջողակ լինելու ժամանակն է, առաջնորդ դառնալու ժամանակն է, գործելու ժամանակն է, Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է: Այս մոտիվացիոն խոսքերը գրելուց հետո հեղինակն ընթերցողին առաջարկում է, որ եթե համաձայն է վերոնշյալի հետ, ապա իրենք կկնքեն պայմանագիր, ըստ որի՝ ընթերցողը պետք է իրագործի այն, ինչ կարդալու է: Գրքի վերջում դրված է հեղինակի ստորագրությունը, իսկ կողքին տեղ է թողնված ընթերցողի ստորագրության համար: «Եթե համաձայն ես, ստորագրիր, եթե ոչ, գիրքը նվիրիր ընկերոջդ»,- առաջարկում է հեղինակը, որի հետ պայմանագիրը, իհարկե, իրավական ուժ չունի, սակայն հոգեբանական առումով ազդեցիկ է: Դա են վկայում բազմաթիվ ընթերցողների արձագանքները, որոնք, ստորագրելով իրենց հատվածը, լուսանկարել են այն և ուղարկել գրքի հեղինակին:

1100 օրինակով տպագրված գիրքը շուտով կսպառվի, չնայած ընդամենը երկուսուկես ամիս է շուկայում: Համաձայնեք, որ հայաստանյան պայմաններում դա ռեկորդային ցուցանիշ է: Հեղինակը պատրաստվում է լույս ընծայել երկրորդ խմբաքանակը: Եվս մի կարևոր հանգամանք. գրքի հեղինակը որոշել է վաճառքից ստացված շահույթն ուղղել զորացրված երիտասարդներին՝ անվճար մասնակցելու Բիզնեսի աջակցման կենտրոնի ծրագրերից մեկին, որի նպատակն է որոշակի ոլորտներում թարմացնել գիտելիքներն ու փորձը և արագ աշխատաշուկա մտնել:

Շուրջ 24 տարի աշխատելով բիզնես խորհրդատվության ոլորտում, համագործակցելով հարյուրավոր ընկերությունների հետ, միաժամանակ հիմնելով սեփական բիզնեսները՝ Սամվել Գևորգյանը լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Սակայն նա համոզված է, որ բիզնեսի համար նախ և առաջ ցանկություն և մոտիվացիա է պետք: «Գյումրեցի 18 տարեկան տղան արդեն 4 բիզնես է հիմնել, երբ գյումրեցիների մեծ մասն ամեն ինչից բողոքում է, մի ընկերություն սկսել է 10 հոգուց, հիմա արդեն 250 հոգի են դարձել. պարզապես մարդիկ որոշել են անել ու արել են: Իսկ «հարկայինը չի թողնի», «Հայաստանում հնարավոր չի» և նմանատիպ այլ մտքերը պարզապես առասպելներ են: Ձախողակ մարդը հանդիպում է ամենապրիմիտիվ խոչընդոտի, ասում է՝ վերջ, չի ստացվի, հաջողակը մտածում է՝ ինչքան բան սովորեցի այս խոչընդոտը հաղթահարելով»:

Քո սեփական բիզնեսը Հայաստանում

«ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնը Եվրամիության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի մարզերում անց է կացնում նաև դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար: Զրուցակիցս նշում է, որ հատկապես մարզերում մարդիկ կարծես կաղապարների մեջ են, չեն կարողանում գնահատել սեփական կարողություններն ու իրենց բնակավայրի ռեսուրսները, նրանց պետք է պարզապես առաջ մղել, մոտիվացնել և համապատասխան գիտելիքներ տալ:

«ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնը դեռ 1999 թվականից է սկսել ոլորտին առնչվող գրքերի հրատարակությամբ զբաղվել: Գրքերը լույս են տեսել թիմային աշխատանքով, որը ղեկավարել է Սամվել Գևորգյանը: «Մարքեթինգը Հայաստանում», «Բիզնեսի իրավական կարգավորումը», «Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում». մի խոսքով՝ մեկ տասնյակից ավելի գրքեր, ուղեցույցներ, ձեռնարկներ: «Սկզբում տպագրում և անվճար բաժանում էինք, 2010 թվականին «Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» գրքի երրորդ հրատարակությունից հետո որոշեցինք նաև վաճառել և տեսանք, որ մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն կա: Նաև հաճելիորեն բացահայտեցինք, որ մի քանի մասնավոր բուհերում այդ գիրքը որպես ձեռնարկատիրության դասագիրք է օգտագործվում»:

Այս ամենը նաև վկայում է, որ Հայաստանում ձևավորվում է բիզնես հիմնելու մշակույթ և կիրթ, գրագետ գործարարությամբ զբաղվելու պահանջարկ, ինչը հույս է ներշնչում, որ մեր երկրում կիրականացվեն ավելի զարգացած, մրցունակ և հաջողակ բիզնես նախագծեր, իսկ բիզնեսի կայացումը կպայմանավորվի ոչ թե արտոնություններով և կապերով, այլև ճիշտ և նպատակաուղղված բիզնես պլանավորմամբ և մոտիվացիայով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: