Հայերեն   English   Русский  

«Կոռուպցիան համակարգում վերացված չէ, բայց տեսանելիորեն նվազել է». ԿԳ նախարարն ամփոփում է 2014-ը


  
դիտումներ: 1955

«2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որ ուղեկցվում էր հին խնդիրներով»,- անցնող տարին այսպես բնորոշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

Նախարարը 2014-ի ընթացքում կրթության ոլորտի հինգ կարևոր ձեռքբերումներ է առանձնացրել: Առաջինն Աշոտյանը համարում է ուսանողներին աջակցության սոցիալական փաթեթի ներդրումը, որով կտրուկ շրջադարձ կատարվեց բարձրագույն կրթության ոլորտում մատչելիության ապահովման առումով: 2000 երիտասարդների հնարավորություն տրվեց օգտվելու պետության կողմից երաշխավորված ծրագրից`սոցիալական պատճառներով կրթական համակարգից դուրս չմնալու համար:

Հաջորդը նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն էր, որի շրջանակներում 10 բուհեր ստացել են 7 մլն դոլարի ֆինանսական աջակցություն` նոր կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների ներդրման համար: Ծրագիրը շարունակվելու է նաև 2015-ից հետո:

Երորրդ ձեռքբերումը կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկն է:

«Չորրորդ ձեռքբերումը, որ կառանձնացնեի, «Հանրակրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ ընդունումն էր, որով հայտ ենք ներկայացնել անցնելու տոտալ ներառականության սկզբունքին: Նոր օրենքը հեղափոխական է երեխաների կրթության իրավունքի ապահովման տեսակետից»,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ ծրագրի ներդրման վերջնաժամկետը 2025 թվականն է:

Հինգերորդ խոշոր ձեռքբերումը ԿԳ նախարարը համարում է 19 օլիմպիական մեդալները, որոնք հայ աշակերտները վաստակել են միջազգային տարբեր մրցույթներում:

Շարունակելով թվարկել կրթության ոլորտի ձեռքբերումները`Աշոտյանն ասում է, որ 2014-ին 80 նոր նախակրթարաններ են բացվել, 12 դպրոցներում փորձնական ծրագրով դասավանդվում է «Ազգային երգ ու պար» առարկան, որը նախատեսվում է դարձնել պարտադիր կրթական ծրագիր 5-7-րդ դասարաններում, 12-ով ավելացել է ներառական դպրոցների թիվը`հասնելով 139-ի:

«Կոռուպցիան համակարգում վերացված չէ, բայց տեսանելիորեն նվազել է»,- շարունակում է հաջողությունները թվարկել Աշոտյանը:

Իսկ կրթության ոլորտի բացթողումների մասին նախարարն ասում է. «Չենք կարողացել բավարարել բոլոր ակնկալիքները, որ կան կրթական համակարգից: Կրթական բարեփոխումները կարող են ավելի արագ առաջ գնալ, եթե մի շարք խոչընդոտներ չլինեն»:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև դպրոցական դասագրքերին: Նրա խոսքով`Հայաստանում լուծված է դասագրքերի որակի, բայց ոչ դյուրամարսության հարցը: «Խնդիրը խիզախ լուծում է պահանջում»,- ասում է Աշոտյանը և հավելում, եթե տեղում մասնագետները չեն կարողանում տվյալ տարիքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող դասագիրք ստեղծել, ուրեմն հարկավոր է ներմուծել միջազգային կրթական ասպարեզում իրենց արդարացրած դասագրքեր:

Աշոտյանը դժգոհեց նաև կրթության ոլորտի վրա դրված սոցիալական բեռից: Նրա խոսքով`այժմ համակարգում ունեն պահանջվածից շուրջ 10 հազար ավել մանկավարժ և մի քանի հազար դասախոս: «Մի կողմից ունենք սոցիալական խնդիր, մյուս կողմից ունենք կրթության արդյունավետության բարձրացման խնդիր»,- ասում է նախարարը և կրթության ոլորտը համեմատում օդապարիկի հետ`ինչպես ավելորդ ավազի պարկերը թույլ չեն տալիս, որ օդապարիկը երկինք բարձրանա, այնպես էլ լրացուցիչ սոցիալական բեռը թույլ չի տալիս, որ կրթության արդյունավետությունը բարձրանա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: