Հայերեն   English   Русский  

​Քաղցկեղ. ոչ թե մահվան դատավճիռ, այլ բարդ հիվանդություն


  
դիտումներ: 9647

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել չարորակ ուռուցքների կանխարգելման և բուժման խնդիրներին:

Այդ ամենի շուրջ էլ զրուցել ենք «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Բադալյանի հետ:

- Պարո՛ն Բադալյան, որքանո՞վ է մեր հասարակությունն այսօր ծանոթ քաղցկեղ հիվանդությանն ու դրա կանխարգելման եղանակներին: Որո՞նք են քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները:

- Մեր հասարակությունը մակերեսային պատկերացում ունի քաղցկեղի մասին, մարդիկ անգամ տեղյակ չեն՝ դա բուժվո՞ղ հիվանդություն է, թե՞ ոչ, ծանոթ չեն նաև միջազգային նորություններին: Մեզ մոտ տարածված կարծիք կա, թե քաղցկեղը անբուժելի է և մահվան դատավճիռ, բայց աշխարհում այն ընկալվում է որպես բարդ հիվանդություն, որը միշտ ունի բուժվելու տարբերակ: Կանխարգելման մասին ևս շատ քիչ են տեղեկացված, չգիտեն՝ ինչպես անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ:

Քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններն են ոչ առողջ ապրելակերպը՝ ծխելը, անորակ սնունդը, առօրյա կյանքի քրոնիկ սթրեսը, նստակյաց կյանքը: Ցավոք, մեր երկրի որոշ հատվածներում բնությունն ունի ռադիոակտիվ, վնասակար քաղցկեղածին գործոններ, որ հանքերի աշխատանքին զուգահեռ արհեստականորեն հայտնվում են մարդկանց օգտագործած սննդի ու ջրի մեջ: Այսինքն՝ մեր էկոլոգիան ևս վտանգավոր է: Քանի որ չկան քաղցկեղը կանխող հստակ հետազոտություններ, պետք է վարել առողջ ապրելակերպ՝ հնարավորինս նվազեցնելով քաղցկեղածին ռիսկերը:

- Քաղցկեղն ունի՞ նախանշաններ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի` խուսափելով հիվանդության խորացումից: Եվ կա՞ն, արդյոք, քաղցկեղը կանխելու լուրջ հետազոտություններ:

- Շատ հաճախ քաղցկեղը ոչ մի նախանշան չի ունենում, և հենց դա է պրոֆիլակտիկ հետազոտության իմաստը: Հայ տղամարդկանց մոտ շատ տարածված է թոքերի քաղցկեղը՝ պայմանավորված շատ ծխելով: Դրա համար միշտ ասում եմ՝ ծխող տղամարդիկ 50-ն անց տարիքում պետք է անպայման տարեկան մեկ անգամ կատարեն թոքերի համակարգչային շերտագրություն (КТ)՝ թեկուզ առանց որևէ գանգատի: Այդ դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ հայտնաբերել քաղցկեղն իր սաղմնային վիճակում, հակառակ դեպքում հետևանքներն անվերադարձ են լինում, քանի որ թոքերի քաղցկեղը երկար ժամանակ իրեն զգացնել չի տալիս, և սովորաբար ուշ շրջանում է հայտնաբերվում:

Կանանց դեպքում անհրաժեշտ է դիմել ուռուցքաբանի, երբ կրծքագեղձում գոյացություն է շոշափվում: Ուռուցքաբանը կնշանակի համապատասխան հետազոտություն, հիմնականում՝ մամոգրաֆիա, ինչի արդյունքում էլ կպարզվի` վտանգավոր բան կա՞, թե՞ ոչ: Կրկին կանանց մոտ սեռական ուղիներից կարող է լինել արյունային արտադրություն, որը ևս քաղցկեղի նախանշաններից է, հատկապես երբ լինում է դաշտանադադարից հետո: Կամ արգանդի և ձվարանների հետ կապված նույնպես պրոֆիլակտիկ կարելի է հաճախակի գնալ գինեկոլոգիական զննման, կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն: Բայց սրանք պարզապես որոշ նախանշաններ են, չկա նշան, որ հստակ կհայտնի քաղցկեղի մասին: Այն հաճախ կա՛մ չի երևում, կա՛մ քողարկվում է սովորական անմեղ գանգատով: Նաև եթե ընտանիքում եղել են քաղցկեղով հիվանդներ, մարդը կարող է դիմել ուռուցքաբանի՝ իր ընտանեկան անամնեզը վերլուծելու և թույլ օղակը հայտնաբերելու համար:

- Մի փոքր խոսենք բարորակ և չարորակ ուռուցքներից, քաղցկեղի փուլերից և բուժման արդյունավետությունից:

- Քաղցկեղը չարորակ ուռուցքն է, որն արագ աճում է և կարող է տարածվել ամբողջ օրգանիզմով: Եթե ժամանակին կարողանաս վերացնել այն` չի տարածվի և օրգանիզմին վնաս չի հասցնի: Բարորակ ուռուցքը տարածում չի տալիս և կյանքի համար վտանգ չի ներկայացնում:

Առհասարակ գոյություն ունի քաղցկեղ հիվանդության չորս փուլ, բայց դրանք շատ հարաբերական են. տարբեր ուռուցքների դեպքում փուլերը տարբեր նշանակություն ունեն, ուստի ավելի շատ տարբերակում ենք ոչ թե ըստ փուլերի, այլ ասում ենք չտարածված և տարածված քաղցկեղ (մետաստազներ տված): Հիվանդությունը կառավարելի ու բուժումն արդյունավետ է այն փուլում, քանի դեռ մետաստազները չեն տարածվել: Հաջողությունը քաղցկեղի բուժման մեջ տարբեր կերպ կարելի է հասկանալ. հիվանդի կյանքը փրկելն ամենամեծ հաջողությունն է իհարկե, և այդպիսի դեպքեր էլ ենք ունենում, բայց եթե կարողանաս քաղցկեղը տարիներով ընկճած պահել` դա էլ է հաջողություն:

- Քաղցկեղի բուժման ի՞նչ նորագույն մոտեցումներ կան, դրանք կիրառվում են առանձին-առանձի՞ն, թե կան բուժման համակցված տարբերակներ:

- Վիրաբուժական մեթոդների մեջ մեծ նորություններ չկան: Նորությունները քիմիաթերապիայի ասպարեզում են. գրեթե ամեն տարի նոր, ավելի ժամանակակից դեղամիջոցներ են դուրս գալիս, որ աստիճանաբար փոխարինում են նախորդ սերնդի դեղերին՝ ավելի արդյունավետ բուժելով քաղցկեղը: Խոսքն ավելի շատ տարածված քաղցկեղի մասին է, քանի որ այն սովորաբար չես կարողանում վիրահատել, և հույսը մնում է դեղորայքը: Այդ առումով նոր դեղերի բազմաթիվ խմբեր կան, որ հայտնաբերվում, փորձարկվում և հայտարարվում են որպես արդյունավետ, և մի շարքն էլ դեռ փորձարկման մեջ է: Քաղցկեղի բուժման համար սովորաբար վիրահատություն է արվում քիմիաթերապիայի հետ կամ ճառագայթային բուժման հետ, այսինքն՝ գրեթե միշտ կատարվում է համակցում, որովհետև մեկ մեթոդը բավարար չէ: Կան որոշ քաղցկեղներ, որ բուժվում են միայն քիմիաթերապիայով, բայց մեծամասնության դեպքում անպայման պետք է համակցել երկու կամ երեք մեթոդ: Դա կախված է օրգանից և տարածվածության աստիճանից:

- Ի՞նչ է քիմիաթերապիան: Ինչու՞ է հասարակությունը հաճախ բացասաբար վերաբերվում դրան: Եվ որքանո՞վ է այն մատչելի ՀՀ քաղաքացու համար:

- Քիմիաթերապիան շատ լայն հասկացություն է, որը բուժման մեկ ձև չէ: Դրա մեջ մտնում են բազում դեղորայքներ՝ սկսած սովորական հաբերից (հիվանդը կարող է խմել օրական մեկ հաբ և ոչ մի գանգատ չունենալ) մինչև իսկապես բարդ քիմիաթերապիան, որ հիվանդները ծանր են տանում: Բայց բարդություններից վախենալուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ բուժում է նշանակված: Սովորաբար ժամանակակից քիմիաթերապիայից ծանր հետևանքներ չեն լինում. հիվանդների մեծ մասը կարողանում է շարունակել իր առօրյա կյանքը: Այս պահին նույնիսկ ունենք մի երիտասարդ տղա, որ ստանում է քիմիաթերապիա և մասնակցում սպորտային մրցումների:

Թեև երբեմն կարելի է հարցի լուծումը գտնել ավելի մատչելի քիմիապրեպարատներով, բայց ցավալիորեն պիտի փաստենք, որ քիմիաթերապիայի դեղամիջոցների մեծ մասը մատչելի չէ մեր քաղաքացիների համար: Եվ մեր երկրում ֆինանսական հնարավորությունները կարող են պատճառ դառնալ, որ հիվանդը բուժում չսկսի կամ կեսից հրաժարվի: Ավելացնեմ նաև, որ չկան բուժման ընդհանուր ստանդարտներ և չկա վերահսկողություն, այսինքն՝ հիվանդը, ելնելով մատչելիությունից, կարող է ընտրել այնպիսի մասնագետի, որը չկարողանա ճիշտ ախտորոշում և բուժում ապահովել, որովհետև ոչ միայն քիմիաթերապիան, այլև լավ վիրաբույժը հաճախ կարող է հասանելի չլինել ֆինանսական առումով: Մարդիկ կարող են շեղվել ճիշտ ուղուց նաև համացանցում օրըստօրե շատացող անլուրջ առաջարկների պատճառով, որ ճշմարտությանը չեն համապատասխանում և անօգուտ են:

- Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել քաղցկեղը:

- Առաջին հերթին այն հանգեցնում է դեպրեսիայի՝ անգամ պատճառ դառնալով օրգանիզմի ուժերի անկման, բայց սա բավականին ընդարձակ թեմա է: Միայն ասեմ, որ եթե մարդը պոզիտիվ է, չի վախենում, հավատում է, որ կառողջանա, բուժումն ընդունում է սիրով, ապա այդ ամենը նպաստում է, որ օրգանիզմը պայքարի, կենտրոնացնի իր ուժերը: Ինչքան էլ բժիշկները, վիրաբույժները, դեղորայքը պայքարեն, արդյունքի չեն հասնի, եթե այդ պայքարին չմիանա սեփական օրգանիզմը: Այնպես որ` մարդու տրամադրվածությունը, ուժը և հավատը օգնում են հասնելու ավելի լավ արդյունքների:

- Անկախության տարիներին ի՞նչ հաղթանակներ ունենք գրանցած ուռուցքաբանության ասպարեզում:

- Այս տարիներին բավականին լուրջ հաջողությունների ենք հասել: Այսօր ավելի հեշտ է կապի մեջ լինել աշխարհի շատ զարգացած երկրների մասնագետների հետ, որոնցից հայ բժիշկները շատ արագ են յուրացնում նորությունները և միանգամից կիրառում իրենց աշխատանքում: Շատ կլինիկաներ քաղցկեղով հիվանդների ախտորոշման համար արդեն ունեն գրեթե բոլոր ժամանակակից սարքավորումները: Կան նաև շատ լավ լաբորատորիաներ (մասնավորապես՝ հյուսվածքաբանական), ունենք Բժշկական գենետիկայի կենտրոն, որն ուռուցքների գենետիկ դիագնոստիկա է անում: Երևի ընդամենը 10 տոկոս դեպքերում է, որ ախտորոշման համար հիվանդին Հայաստանից դուրս ուղարկելու կարիք ենք զգում: Նույնիսկ այսպես ասեմ՝ ախտորոշումն ավելի ուժեղ է, քան բուժումը: Բուժման ժամանակ էլ ընդամենը 30 տոկոս դեպքերում արտասահմանյան երկրների անհրաժեշտություն կա, ինչն այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Երկրից դուրս բուժման մեկնողների մեծ մասը գնում է չհիմնավորված, քանի որ այդ քայլին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ Հայաստանում խնդրի լուծման տարբերակ չկա, ինչի համար անհրաժեշտ է նաև տեղեկացված լինել:

- Պարոն Բադալյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանական թիմ կա, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Քանի որ քաղցկեղը տարբեր օրգաններ է ախտահարում, ախտորոշման և բուժման մեթոդները բազմազան են, և մեկ մասնագետն անկարող է տիրապետել և կազմակերպել այդ ամենը, դրա համար պետք է լինի ուռուցքաբանական թիմ, ինչն արտասահմանում վաղուց պարտադիր պայման է: Մենք էլ մեր կլինիկայում արդեն մտցրել ենք դա և փորձում ենք ամեն կերպ այդ սկզբունքով աշխատել՝ հիվանդին ախտորոշող և բուժող մասնագետներով մեկ կամ մի քանի անգամ քննարկելով նրա հիվանդությունը բուժման տարբեր փուլերում և ընդհանուր հայտարարի գալով թե́ ախտորոշման, թե́ բուժման հարցերի շուրջ:

- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում՝ կապված Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա հետ, և Դուք որքանո՞վ եք կարևորում նման օրերի գոյությունը:

- Միջազգային պրակտիկայում մեծ կիրառում ունեն այս օրերը, բայց մեզ մոտ դրանց նշումը դրված չէ պետական հիմքերի վրա: Պարբերաբար տարբեր կլինիկաների կողմից կազմակերպվում են ինչ-որ միջոցառումներ, բայց դրանք պարտադիր բնույթ չունեն: Ինքս՝ կա՛մ որպես կազմակերպիչ, կա՛մ որպես համակազմակերպիչ, փորձում եմ ինչ-որ կերպ ակտիվ լինել, քանի որ այդ օրն անհրաժեշտ է բնակչությանը զգոն պահելու և հիշեցնելու համար, որ կա նման հիվանդություն, պետք է ուշադիր լինել առողջության, ապրած կյանքի, շրջապատող աշխարհի նկատմամբ, ժամանակին դիմել բժշկի և հավատալ բուժման արդյունավետությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: