Հայերեն   English   Русский  

Սյունիքի մարզի բնակիչը գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին


  
դիտումներ: 783

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 24-ին՝ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի բնակիչը 2018թ. հունվարի 24-ին` ժամը 12:30-ի սահմաններում, իր երեխայի ծննդյան նպաստն ստանալու նպատակով գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ, սահմանված կարգի համաձայն, նպաստն առձեռն չի տրամադրվում և սկսել է բարձրաձայն դժգոհել, ինչի կապակցությամբ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը բանկի մասնաճյուղից դուրս է հրավիրել: Այնուհետև՝ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ հասանելիք նպաստը չտրամադրելու վերաբերյալ իր պատկերացմամբ կատարված հանցագործության մասին: Ոստիկանության տեսուչն իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված մեկնել է քաղաքացու բնակարան՝ ահազանգն ստուգելու նպատակով: Քաղաքացին, ոստիկաններին մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ, վիճաբանել է և գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: