Հայերեն   English   Русский  

Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում


  
դիտումներ: 1612

Ներկայումս, երբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նկատվում է Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացում, Հայաստանում հարց են տալիս, թե պե՞տք է շարունակել ՄՄ անդամակցության գործընթացները:

Իսկ վերջին օրերին մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք այս համատեքստում ոչ թե պատասխանեցին առկախ հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրին:

Անդրադառնալով Հայաստանի «արագացված ջանքերին»` ՄՄ անդամակցության հարցում շտապողականությանն ու կատարած քայլերին` ռուս չինովնիկներից մեկը հայտարարեց, որ «Հայաստանը հանձնել է քննությունները, շուտով դիպլոմը կստանա»: Դա արդեն ակնարկ էլ չէ, այլ պարզ ու հստակ հայտարարություն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ֆորմալ առումով այլևս ոչինչ չի խանգարում: Գրեթե նույն ժամանակ, երբ Հայաստանը հանձնել էր «քննությունները», Դուբլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում էր ԵԺԿ համագումարին, հանդես եկավ ելույթով, որում, բացի մեր արևմտյան ու արևելյան հարևաններին դատափետելու ավանդական հատվածներից, նաև բավականին հետաքրքիր «մանրուքներ» հնչեցրեց, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ճակատագրին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը` լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

Սա, կարծես Հայաստանի նախագահի կողմից ՄՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ երկար տարիներով ու մեծ դժվարությամբ ձեռք բերված «ընկերությունը» չկորցնելու փորձ լիներ:

«Հայաստանը, ըստ իս, իսկապես պատրաստվում է մտնել ՄՄ կազմ,դա առաջինը և երկրորդ`մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին ու դրա հետ մեկտեղ` պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ: Դա հնչեցված ծրագիր է»,- այս կապակցությամբ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
ՄՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը քաղաքագետը լիովին իրագործելի է համարում: Ընդ որում, հնարավոր է համարում անգամ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին: Ուղղակի ուկրաինական հարցում Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է այսօր և մոտ ժամանակներս հստակ հնչեցնի իր մոտեցումները:

Այս առումով թերևս ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված: Շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին 2013 թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար` Սերժ Սարգսյանը նշեց նաև. «Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Արա ՊապյանԱյսինքն` Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը: Այդ մոտեցումը քաղաքագետ, նախկին դեսպան Արա Պապյանը խելամիտ քայլ է համարում, բայց այն իրագործելու հնարավորությունը որակում խիստ կասկածելի: Որովհետև Արևմուտքը հստակ է արտահայտել իր դիրքորշումն այդ մոտեցման շուրջ և նշել, որ որևէ մաքսային միություն, այսինքն` միություն, որտեղ տարածքը սահմանափակվում է, անհամատեղելի է ազատ առևտրի սկզբունքների հետ և, հետևաբար, համատեղել ՄՄ-ն ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ հնարավոր չէ: Թեկուզ «և-և»-ի սկզբունքն Արա Պապյանի` որպես քաղաքացու համար շատ ցանկալի տարբերակ է, բայց որպես քաղաքագետ նա կարծում է, որ դա հնարավոր չէ իրականացնել` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի` որպես ՄՄ հիմնական դերակատարի հարաբերությունների սրված իրավիճակը: Ընդ որում, քաղաքագետն այդ հարաբերությունների լրացուցիչ սրում է կանխատեսում:

«Ես չեմ կարծում, որ նախագահի ելույթը պայմանավորված է միայն Ուկրաինայի իրադարձություններով, պարզապես ակնհայտ է, որ ախր այդ ՄՄ-ն այդքան էլ լավ բան չէ. բոլորն են դա հասկանում: Այսինքն` դա կատարվել է որպես ընտրություն` «չարյաց փոքրագույնը» տարբերակով: Մեզ ասել են, որ վատ կլինի ձեզ համար, հատկապես Ղարաբաղի հարցում, ու նրանք այդ ընտրությունն են արել, բայց դա չի նշանակում, թե ՄՄ-ն լավ բան է: Պարզ է, որ ՄՄ-ն բերելու է գների թանկացում Հայաստանում: Այսինքն`առաջին սպառման ապրանքների թանկացում, որովհետև հասկանալի է առաջին հայացքից` երբ խանութ ենք մտնում, պարզ երևում է, որ ապրանքների հիմնական մասը բերված է Չինաստանից, Թուրքիայից ու Արաբական Միացյալ Էմիրություներից, սկսած կահույքից, վերջացրած կոշիկով, սննդի տեսակներով և այլն: Այսինքն`այդ ամբողջը թանկանալու է: Ուզում եմ ասել, որ ՄՄ-ն մի երևելի բան չէ, պարզապես այսպիսի խնդիր էր, քանի որ մեր իշխանությունները կանգնել են ընտրության առաջ` ժողովրդի բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը, նրանք ընտրել են անվտանգությունը և ոչ բարեկեցությունը»,- նշեց Արա Պապյանը:

Այս պայմաններում, որքան էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած ցանկություններն ու դիտարկումները ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացման հրավեր լինեն, չեն կարող այդ հարաբերությունները, առավել ևս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը շեղել սեպտեմբերի 3-ին նշված ուղուց: Որովհետև, ինչպես նշեց Արա Պապյանը, եթե Հայաստանը Ուկրաինայի պես հրաժարվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բայց չպարտավորվեր ՄՄ-ին անդամակցել, այդ դեպքում արտաքին քաղաքականության հարցն այլ կերպ կլիներ: Բայց երբ արդեն պարտավորվել ենք, գնում ենք ՄՄ ուղղությամբ: Ավելին, նախկին դիվանագետը մեկ անգամ ևս վերահաստատեց բազմիցս իր կողմից հնչեցված կանխատեսումը, որ 2014 թ., հատկապես` օլիմպիադայից հետո, իրավիճակը շատ կսրվի. «2014 թվականը ծանրագույն տարի է լինելու բոլոր առումներով, մինչև 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսները, հետո իրավիճակն արդեն կհստակվի: Որովհետև աշխարհն այսօր հայտնվել է սառը պատերազմ լայթս վիճակում` թեթև սառը պատերազմի վիճակում, ու դա շարունակելու է խորանալ, ցավոք սրտի: Ցավոք սրտի, որովհետև մենք մնալու ենք երկուսի արանքում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: