Հայերեն   English   Русский  

Տրամադրվել են տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ


  
դիտումներ: 2026

Փետրվարի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի,

առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ:


Բուշեհրի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի և ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին և նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների և մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև Բուշեհրի նավահանգիստ:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի և Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաև Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: