Հայերեն   English   Русский  

​Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո Դի Կապրիոն օգնել են երիտասարդ մայրիկին բուժվել քաղցկեղից


  
դիտումներ: 1086

29-ամյա Ջեմմա Նաթթալը հղիության ընթացքում տեղեկացել էր, որ հիվանդ է ձվարանների քաղցկեղով: Կինը չի բուժվել, որպեսզի չվնասի չծնված երեխային, իսկ արդյունքում քաղցկեղը տարածվել է հարևան օրգանների վրա: Ծննդաբերությունից անմիջապես հետո բժիշկները հայտարարեցին, որ նա ընդամենը վեց ամիս կապրի: Գրում է Life.ru-ն:

Երիտասարդ մայրիկի կյանքի փրկության համար միակ հնարավորությունն իմունոթերապիան էր դարձել, որը նրան առաջարկեց գերմանական կլինիկաներից մեկը: Սակայն այդ կլինիկայում բուժումը կարժենար ավելի քան 400 հազար դոլար, իսկ Ջեմման նման գումար չուներ: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ կինը բարեգործական դրամահավաք է սկսել համացանցում, սակայն այդքան մեծ գումար հավաքելը հեշտ չի եղել:

Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ իրավիճակի մասին տեղեկացել է հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ոինսլեթը, որը կապ է հաստատել Ջեմմայի հետ և իր օգնությունն առաջարկել: Դերասանուհին և «Տիտանիկ» ֆիլմում նրա գործընկեր Լեոնարդո ԴիԿապրիոն նախաձեռնեցին «Երեք գիշեր Ջեքի և Ռոուզի հետ» աճուրդը: Աճուրդի գնորդը հնարավորություն է ունեցել ճաշել «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարների հետ, իսկ ստացված գումարը փոխանցվել է Ջեմմայի հաշվին: Եվ այդ գումարը բավարար էր, որպեսզի Ջեմմա Նաթթալը կարողանար վճարել գերմանական կլինիկայի ծառայությունների համար:

«Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնել Քեյթին: Առանց նրա նվիրատվությունների իմ պատմությունը բոլորովին այլ ավարտ կունենար: Մենք մտածում էինք, որ դա վերջն է, բայց հետո նա զանգեց ինձ, և ես հասկացա, որ նա լուրջ էր տրամադրված», - պատմել է Ջեմման:

Բուժման ավարտից հետո պարզվել է, որ իմունոթերապիան օգնել է և կնոջ մարմնում քաղցկեղից հետքեր անգամ չեն մնացել: Եվ նա վերջապես կարող է ժամանակ նվիրել իր դստերը, որի ծննդյան համար պատրաստ էր սեփական կյանքը զոհաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: