Ոգևորվե՞լ ուկրաինա-ղրիմյան իրադարձություններից, թե՞ ոչ. սա միակ խնդիրը չէ
Մայդանի շրջադարձային իրադարձություններից հետո ռուսական ամբողջ քարոզչամեքենան, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է նախ իր սեփական ժողովրդին, հետո համաշխարհային հանրությանը համոզել, թե Ուկրաինայում` Մայդանում, իշխանության են եկել նացիստ-շովինիստները, հակառուսները, որ ռուսական տարրն Ուկրաինայում վտանգված է, Ղրիմը ռուսի արյամբ «ազատագրված» հող է, որը միայն խրուշչովյան քմահաճությամբ, գրչի մեկ շարժումով է հայտնվել Ուկրաինայի կազմում և այլն: Եվ որոշ հայեր ոգևորվել են, թե կա, այնուամենայնիվ, աշխարհում պատմական արդարության սկզբունքը, հակառակ դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս պետք է զորք մտցնի Ուկրաինա` Ղրիմ:
Թե՛ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, թե՛ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը օրերս լրագրողներին ասացին, խոսակցություններն այն մասին, թե Ղրիմի հնարավոր անկախությունը կամ Ուկրաինայից անջատումը կարող է նախադեպ լինել Արցախի դեպքում, զավեշտ և անլուրջ մոտեցում են: Ալեքսանդր Իսկանդարյանը մասնավորապես նշեց. «Արցախի հիմնախնդրի լուծումը և անկախության ճանաչումը կախված է ոչ թե դոմինոյի էֆեկտից, այլ քաղաքական իրողությունից»:
Արժե հիշել, որ նույն ոգևորության ալիքը բարձրացավ հայերիս մոտ, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի, հետո` Հարավային Օսիայի անկախությունը: Բայց դա, ինչպես տեսանք, ամենևին էլ նախադեպ չդարձավ, որպեսզի նույն Ռուսաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը: Նույնպիսի մի ոգևորություն առաջացավ հայ հանրության շրջանում, երբ Արևմուտքի կողմից ճանաչվեց Կոսովոյի անկախությունը. այդ ժամանակ էլ թնդացնում էինք, թե ազգերի ինքնորոշման իրավունքն այնուամենայնիվ գերադասվեց տարածքային ամբողջականության սկզբունքից և այլն:
Յարոշ, Սաշկո Բիլիյ ու եվրաչինովնիկներ, կամ Պուտին ու ՌԴ. մեր ընտրությունը մեծ չէ
Ամենայն հավանականությամբ Ռուսաստանն ամենևին էլ մտադիր չէ Ղրիմին վերատիրանալու հարցում Ուկրաինայում ստեղծված հիանալի առիթից հրաժարվել: Եվ, հավանաբար, Ռուսաստանին այս հարցում իր մտադրությունից հետ չի պահի անգամ աշխարհի մյուս հզորների բացասական վերաբերմունքը: Պաշտոնական Մոսկվան այսօր իրավամբ ակնհայտ սպառնալիք է տեսնում Ուկրաինայի` Մայդանից բարձրացած նոր իշխանությունների կողմից, ու այդ իրավունքը նրան տվել են դմիտրիյարոշներն ու սաշկոբիլիները:
Ծայրահեղական աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշն ու նրա թիմը, ներառյալ` Սաշկո Բելիյը, որ հայտնի է որպես չեչեն գեներալ Ջոհար Դուդաևի թիկնապահ և կալաշնիկովն օդում ճոճելով լեղաճաք է անում ոչ միայն ուկրաինացի նախկին իշխանություններին, այլև ընդամենը մի քանի օր առաջ իր կողքին բարիկադների վրա կռվող «ժողովրդին», բենդերականներ են: Ու ասելով «բենդերական»` պետք է հիշենք, որ բենդերականներն ուկրաինական նացիոնալիստ ՕՈՒՆ-ի`«Ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության» առաջնորդ Ստեփան Բենդերի հետևորդներն են: Այդ նույն բենդերներն են Վոլինյան ջարդերն իրականացնողները, որոնք 1943 թ. կոտորեցին 60 հազար լեհերի, իսկ որոշ գյուղերում էլ` նաև հրեաների, հայերի և այլն: Եվ այդ նույն բենդերները դեռևս 1942-ին իրենց ծրագրում նշում էին. «Անկախության համար ռազմական գործողությունների սկզբում ամեն գնով վերացնել ազգային փոքրամասնություններին: Իսկ այդ հարցը լուծելու համար պետք է ազգային փոքրամասնություններին ոչնչացնել... Ռուս ակտիվիստներին, որոնք պայքարում են ուկրաինացիների դեմ, անպայման ոչնչացնել... Հրեաներին պետք չի ոչնչացնել, բայց քշել Ուկրաինայից: Համարվում է որ նրանք մեծ ազդեցություն ունեն Անգլիայում և Ամերիկայում: Հայերին մեկնաբանել որպես հրեաներ` հաշվի առնելով, որ նրանք նվիրված են Ռուսաստանին» (բերված է Tert.am- ի` Վահան Իշխանյանի բլոգում` նրա կողմից):
Մի՞թե անցյալ դարակեսին հայերի հանդեպ «հատուկ» վերաբերմունք ունեցող բենդերներն այսօր ավելի բարեկիրթ ու «եվրոպական արժեքների» կրող են դարձել: Դատելով նրանց գազանությունների նկատմամբ Եվրոպայի հիացմունքից ու արձագանքներից, կարելի է ասել` այո: Սակայն եվրոպական արժեքներ ասելով` մենք թերևս մի քիչ այլ բան ենք հասկանում:
Եվ հայերին ուկրաինացի նեոնացիստների կողմից սպառնացող վտանգը չի կարելի չեզոք համարել միայն այն բանի համար, որ դրանց կողքին` Մայդանի բարիկադների վրա, հայեր էլ զոհվեցին: Այո, երկու հայ զոհվեց, իսկ Ուկրաինայի հայ համա՞յնքը...
Ուկրաինայի հայկական համայնքը հայտարարել է, որ չեզոքություն է պահպանում: Արդյոք սա կներե՞ն սաշկոբիլիներն ու դմիտրիյարոշները: Դժվար թե...
Հայ եղբայրներին ո՞վ պետք է օգնի...
Արդեն հասունանում է Հայաստանի ու հայության` ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումը արտահայտելու հարցը: Քանի որ Ուկրաինայի գործընթացները Հայաստանի համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծել: Որովհետև Հայաստանն ու Ուկրաինան ԱՊՀ անդամ են, բացի այդ, Հայաստանը Ուկրաինայի հետ գործընկեր է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, բավականին զարգացած մշակութային, տնտեսական և այլ կապեր ունի: Մյուս կողմից` Ուկրաինայում այսօր հասունացող քաղաքական խնդրի մի կողմն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է` Ռուսաստանը, որի նախագահն օրերս Ուկրաինայում զինուժի հնարավորությունները օգտագործելու իրավունք ստացավ: Այսինքն` հայկական կողմը չի կարող, ասենք, Շվեդիայի արտգործնախարարի օրինակով, հանդիմանել Ուկրաինայի վերջին ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին կամ չճանաչել նրա իշխանության լեգիտիմությունը, քանի որ Ռուսաստանը հակառակ կարծիքի է:
Մյուս կողմից էլ չի կարող չճանաչել կամ չհարգել ԵՄ երկրների դիրքորոշումը Կիևի նոր իշխանությունների վերաբերյալ, քանի որ բազմիցս հայտարարել է, որ «եվրոպական արժեհամակարգի» որդեգրման առումով Հայաստանի համար այլընտրանք չկա, իսկ եվրոպացիներն այսօր պնդում են, թե Մայդանում հաղթեցին հենց եվրոպական արժեքները: Բացի այդ, դեմ արտահայտվելով Կիևում զինված ու իրենց ամենաապահովը զգացող ծայրահեղական նեոնացիստներին, կարող են վտանգել հայ համայնքը:
Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ Հայաստանը նաև որոշակի պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակներում, ուստի այդ առումով օրախնդիր հարցեր են առաջանում`ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն վարի այս ուղղությամբ: Թերևս հասկանալի է ՀՀ ԱԳՆ-ի լռություն պահպանելու դիրքորոշումն ու այս հարցերին որևէ կերպ մեկնաբանելուց հրաժարվելը:
Մինչ Մայդանի ակտիվիստների հաղթանակից ոգևորվելը, թե իշխանություններին հնարավոր է նաև հաղթել, կամ մինչև ռուսների «ղրիմյան արշավանքից» ոգևորվելը, թե այն կարող է ԼՂՀ ճանաչման հարցում նախադեպ ստեղծել, կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիրներ են ստեղծվել կամ ինչ խնդիրներ կարող են ստեղծվել ուկրաինահայության համար:
Չնայած այս առումով ՀՀ սփյուռքի նախարարությունից հավաստիացրին, թե Ուկրաինայի հայ համայնքի հետ մշտապես գործող կապ կա, հայերը չեն խառնվում քաղաքական գործընթացներին, սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանն էլ նշեց, թե «կոնկրետ հայ համայնքի հետ ինչ-որ խնդիրներ, բախումներ չկան, մարդիկ ապրում են նորմալ ու բնականոն կյանքով», այնուամենայնիվ, մեզ չի հաջողվի երկար լռել: Որովհետև Ուկրաինայում ներկայումս ստեղծվել է բավական բարդ քաղաքական իրավիճակ, որն արտաքնապես համեմատելի է Կարիբյան ճգնաժամի հետ: Իսկ այդպիսի ճգնաժամերում, երբ աշխարհաքաղաքական խաղացողների միջև ի հայտ է գալիս լուրջ առճակատում, պետք է հստակեցնես, թե ում թիմից ես խաղում: Առավել ևս, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղրիմի թաթարների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք: Մենք առաջինը կշտապենք մեր դժվարության մեջ հայտնված եղբայրներին օգնության»:
Իսկ հայ եղբայրներին ո՞վ պետք է օգնի:Պ